Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ վերնախավը գցել-բռնել է եւ հանգել որոշման՝ մտնել Մաքսային միություն

Հունիս 26,2013 11:17

Ընդամենը երկու շաբաթ առաջ Արմավիրի մարզում ՀՀ կառավարությունը արտագնա նիստ էր անում։ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության մյուս անդամներից ավելի շուտ դուրս եկավ նիստից ու արագ քայլեց դեպի իր ծառայողական մեքենան։ Այդ կարճ ճանապարհին նույնքան արագ քայլելով, ընդամենը մի հարց հասցրեցի ուղղել նախարարին՝ «Պարոն Մովսիսյան, ռուսական գազի գինը կապ ունի՞ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ»։ «Չէ, չէ, կապ չունի»,- ասաց նախարարը ու հեռացավ։

Երեկ նույն Արմեն Մովսիսյանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե իր կարծիքով՝ «Մաքսային միությունը ձեռնտու է այն տեսանկյունից, որ մենք Ռուսաստանից ներկրում ենք միջուկային վառելիք եւ գազ»։ Լրագրողի ճշտող՝ «Մաքսային միություն մտնելը նշանակո՞ւմ է միջուկային վառելիքի եւ գազի գնի նվազեցում» հարցին պատասխանել է բառացիորեն հետեւյալ կերպ. «Բնականաբար, դա այդպես է։ Այդ տեսանկյունից Մաքսային միությունը ձեռնտու է մեզ համար»։

Ահա այսպես, ոչ ավել, ոչ պակաս։ Նախարարը, ՀՀ կառավարության անդամը միանշանակ հայտարարում է, որ Մաքսային միություն մտնելու դեպքում մենք կստանանք էժան գազ եւ միջուկային վառելիք եւ այդ տեսանկյունից Մաքսային միությունը մեզ համար ձեռնտու է։

Ու միայն վերը նշված արտահայտություններով չէ, որ հասկացվում է կառավարության անդամի համակրանքը Մաքսային միության հանդեպ։ Ընդամենը մի կարճ հատված նախարարի խոսքից. «Իմ կարծիքով գլոբալ գործընթացները զարգանում են այնպես, որ փոքր երկրները հայտնվել են բարդ իրավիճակում. Հայաստանը դրանցից մեկն է. Երեւանը պետք է ընտրի հեռանկարային եւ ճիշտ արտաքին քաղաքական վեկտոր եւ այդ հարթության վրա փնտրի իր խնդիրների լուծումը։ Հարց՝ որքանո՞վ է Հայաստանին ձեռնտու մտնել Մաքսային միություն։ Կարելի է պարզապես վերցնել տվյալները եւ ուսումնասիրել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը, որքանով են մեր ապրանքները մրցունակ մյուս շուկաներում եւ մյուս որ երկրների հետ են համեմատելի Ռուսաստանի հետ ունեցած ապրանքաշրջանառության ծավալները։ Արդյունքում մենք կտեսնենք, որ այդ ֆորմատը (Մաքսային միության– խմբ.) տալիս է արտոնություններ։ Մյուս կողմից կարելի է նաեւ գնահատել այդ ֆորմատի բացասական կողմերը եւ փորձել պատասխանել հարցին՝ ի՞նչ անել»,- ասել է ՀՀ կառավարության անդամ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Նկատենք, որ նախարարը փորձում է «նաեւ գնահատել բացասական կողմերը», բայց այդպես էլ չի գնահատում ու ստացվում է, որ ըստ նախարարի, Մաքսային միությունը Հայաստանի համար այլընտրանք չունի։

Մի շատ ուշագրավ, չափազանց ուշագրավ «մանրուք»։ Եթե նկատեցիք, նախարարը Մաքսային միության առավելությունների մասին խոսելիս չի խոսում բուն Մաքսային միության մասին՝ որպես մի քանի երկրների միջեւ ինչ-որ տնտեսական համագործակցության միավորի, այլ ասում է Ռուսաստան։ Այսինքն, Արմեն Մովսիսյանը փաստորեն անկեղծանում է, որ ասելով Մաքսային միություն, հասկանում ենք Ռուսաստան, ասելով «մտնել Մաքսային միություն», նշանակում է հայտնվել Ռուսաստանի տնտեսական տարածքում, կամ ավելի պարզ՝ ժողովրդական լեզվով ասած, մտնել Մաքսային միություն, նշանակում է դառնալ Ռուսաստանի սուբյեկտ ինքնավարության կասկածելի մակարդակով։

Կարո՞ղ է արդյոք առողջ տրամաբանություն ունեցող որեւէ մարդ հայտնվի եւ պնդի, որ Արմեն Մովսիսյանն իր անձնական կարծիքն է հայտնում, որը տարբերվում է Սերժ եւ Տիգրան Սարզսյանների կարծիքից։ Եթե գտնվեն այդպիսիք, ապա թող հաշվի առնեն, որ ՀՀԿ անդամ Արմեն Մովսիսյանը Հայաստանի ամենաերկարակյաց նախարարն է՝ նա իր պաշտոնին է արդեն 12 տարի եւ համարվում է հենց Սերժ Սարգսյանի ամենավստահելի մարդկանցից մեկը։ Եվ դժվար չէ կռահել, որ Արմեն Մովսիսյանը առաջինն է բարձրաձայնում ՀՀ գործող իշխանության պաշտոնական տեսակետը։ Եվ ուրեմն, կարելի է արձանագրել, որ ՀՀԿ վերնախավը գցել-բռնել է, «նայել է տվյալները» եւ հանգել իսկական ՀՀԿ-ավայել, խիստ անկախական, ազգային հենքի վրա խարսխված որոշման՝ մտնել Մաքսային միություն, դառնալ մեկ այլ պետության, տվյալ դեպքում Ռուսաստանի գուբերնիա:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930