«Ժամանակ». Սերժ Սարգսյանը նախօրեին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրոպան որոշների համար շուկա է, ոչ թե արժեհամակարգ: Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել Թուրքիային ու Ադրբեջանին: Այս առումով Սերժ Սարգսյանն, իհարկե, իրավացի է, բայց նրա արտահայտությունը ենթադրում է, որ Հայաստանի կամ ավելի շուտ Հայաստանի իշխանության համար Եվրոպան արժեհամակարգ է: Այդպե՞ս է արդյոք: Հայտարարության այս մասի հետ համաձայնելը, մեղմ ասած, դժվար է, որովհետև Հայաստանի իշխանության համար Եվրոպան շուկայից ավելին չէ, և եթե Եվրոպան Հայաստանում արժեհամակարգ է, ապա առայժմ Հայաստանի հասարակության ոչ այնքան մեծ մասի համար:
Եվրոպան որպես արժեհամակարգ տեսնող իշխանությունը սեփական երկրում գործում է այդ եվրոպական արժեքներով, ինչը, մեղմ ասած, դժվար է ասել Սերժ Սարգսյանի իշխանության համար: Եվրոպան Հայաստանի իշխանության համար շուկայական բղավոցներ է հիշեցնում` «էստի համեցեք» տարբերակով: Հայաստանի իշխանություններն այդպես փորձում են Եվրոպայի ուշադրությունը հրավիրել իրենց վրա` որպես ապրանք, որն արժի գնել: Հայաստանի իշխանությունը Եվրոպային վաճառում է ինքն իրեն, ոչ ավելի: Ավելիի դեպքում ավելին կլինեին նաև Հայաստանում իրավիճակի փոփոխությունները, որոնք կոսմետիկ բնույթից այն կողմ չեն անցնում: Այնպես որ, Սերժ Սարգսյանը և նրա իշխանությունը Եվրոպայի շուկայական ընկալման առումով Անկարայից ու Բաքվից այնքան էլ չեն տարբերվում: Խնդիրը գուցե թե մասշտաբների մեջ է: Որակական տարբերությունները շատ ու շատ քիչ են:
Եվրոպան արժեհամակարգ ընկալող իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, ապահովում է ազատ տնտեսական մրցակցություն, երկիրը չի վաճառում օլիգարխներին և նրանց տարածքները չի ընդլայնում քաղաքացիների տարածքի և թթվածնի հաշվին: Եվրոպան արժեհամակարգ դիտելու պարագայում հարկային ու մաքսային համակարգերը ազատականացվում են, ոչ թե դրվում խոշոր գործարարի տրամադրության տակ: Եվրոպան արժեհամակարգ ընկալելու պարագայում իշխանությունն ու բիզնեսը տարանջատվում են և խրախուսվում են անհատական ազատությունները, խրախուսվում է ազնվությունը, տաղանդը, ոչ թե ծառայելու հավատարմությունը: Եվրոպան արժեհամակարգ ընկալող իշխանությունը ընտրություններ չի կեղծում, թաղային խաժամուժի հրամանատարությամբ քաղաքապետ չի կարգում անբացատրելի միլիոններ կուտակած երիտասարդի: Եվրոպան արժեհամակարգ ընկալող պետությունը քրեական օլիգարխիայի ներկայացուցիչներին հնարավորություն չի տալիս իրենց զավակներին պատրաստել սերնդափոխության համար:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում