Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ հարցումների իրական աբսուրդը երեւաց հատկապես Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ

Հունիս 26,2013 10:14

Մեր ասելիքը վերաբերում է գերազանցապես սոցիոլոգիական հարցումներին ընդհանրապես: Թող մեզ ներեն այս կարեւորագույն գիտության (այսինքն՝ սոցիոլոգիայի) անխոնջ մշակները, բայց խոսքը տարանցիկ թափառաշրջիկների ու նման կազմակերպությունների մասին է, որոնք աշխուժանում են պատվերով:
Պատվերներ ստացվում են, բնականաբար, ինչ-ինչ ընտրություններից առաջ եւ չար լեզուների ասած` կանխիկ գումարով:
Այսինքն՝ «հարցումների» արդյունքները պայմանավորված են լինում կամ «պետպատվերի» շրջանակներով, կամ պատվիրատու մեկի անձնական շրջանակներով: Ճիշտն ասած, ոչ մեկին էլ չենք հավատում, քանի որ հայ իրականության մեջ սոցիոլոգիական հարցումները, այսպես ասած, սոցիումի հետ գրեթե առնչություն չունեն:
Այս հարցումները դարձել են հասարակությանը «կուտ տվող» միջոցառումներ` ներքին եւ արտաքին: Առաջինը սպասարկում է ներքին քաղաքական շուկան, երկրորդը դեգերում է այսուայնտեղ` մերթ Եվրամիությունում, մերթ Եվրասիական: Եթե պատվերը համապատասխանում է, ապա հրապարակվում են այն թվերը, որոնք մարդիկ լսելու են վաղը. սրա մեջ ի՞նչ հարցման արդյունք:
Ֆինանսավորվում ենք` Հայաստանում մարդ չի մնում, չենք ֆինանսավորվում` Հայաստանի բնակչությունը գնում է Ռուսաստան:
Այդ հարցումների իրական աբսուրդը երեւաց հատկապես Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ: Ապացույց. որեւէ սոցիոլոգիական հարցում կանխագուշակե՞ց «Ժառանգության» նախագահ Ր.Հովհաննիսյանի հավաքած կես միլիոն ձայնը: Բայց հարցումներ անցկացվել էին, չէ՞։ Ուզում ենք ասել, որ սրանք իրականում չեն արտահայտում հասարակության տրամադրությունները, այն էլ ներքաղաքական դաշտում, հետեւաբար նման միջոցառումները, եթե նույնիսկ լինում են, բիզնեսով զբաղվող քմահաճ կնոջ վարք են հիշեցնում: Նոր-նոր զբաղվող:
Հայ մարդն ընդհանրապես գաղտնապահ է, ու փոքր բացառությամբ, նրան տրված հարցերը դժվար թե անկեղծ պատասխան ստանան. չի ասելու: «Հա, բա ո՞նց, բայց կանեմ սենց»` սա է բանաձեւը: Սոցիումը, որքան հասկանում ենք, հասարակությունն է, որն ունի իր տրամադրությունները, քաղաքական նախասիրությունները եւ այլն: Այն ունի գոյատեւման իր անիմանալի սկզբունքները, որոնցով դիմադրում ու դիմակայում է` անկախ հարցումներից:
Ուղղենք նման սոցիոլոգներին. Հայաստանից հեռանալ ուզում է բնակչության ոչ թե 60, այլ 100 տոկոսը, Ռուսաստանին միանալ է ցանկանում բնակչության 100 տոկոսը: «Պրեմիան» ավելացա՞վ: Մի երկու հոգու բռնում-հարց են տալիս, հետո հանրությանը «տեղեկացնում» բնակչության կարծիքի մասին: Մեր իմացած սոցիումը կարող է քննադատել, անպատվել, նույնիսկ հայհոյել, բայց երկրի կործանման մասին ոչ մի բան չի ասի այն պարզ պատճառով, որ պաշտպանել է այս երկրի սահմանները: Եվ առանց փողի:
Ինչ վերաբերում է «միջազգային» հարցումներին եւ հեղինակավոր կազմակերպությունների անցկացրած հարցումներին, ապա հարց է ծագում` այդ ինչպե՞ս եղավ, որ ֆեոդալական Ադրբեջանի կարգավիճակն ավելին եղավ, քան կիսաֆեոդալական, բայց անպայման ժողովրդավար Հայաստանինը: Նավթի հոտ չի՞ գալիս. մենք զգում ենք:
Ասում ենք հետեւյալը, եւ թող դժգոհները բողոքեն. տխմար հարցումներով իրականության պատկեր չի նկարվելու. հայելու մեջ երեւալու է պատրաստակամ ժպիտը: Դրսից լսեցնում են հասարակությանը` «դու լավը չես», ներսից քանդում են հասարակությունը` «դու անպատրաստ ես»։
Որովհետեւ անպայման պատրաստ են ներսի ու դրսի հարցուփորձ անողները:
Տեսեք` նաեւ սրանք են խորացնում առանց այն էլ ահագին արտագաղթը. այսինքն, էլի են ուզում գնալ` 60 տոկոս. մարդիկ լսում են, չէ՞։ Հո չի՞ կարելի ընտանիքի անդամների հետ ճաշի սեղանի շուրջը խոսքուզրույցը վաճառել իբրեւ հասարակության մոտեցում: Մարդ եք, վերջապես: Անուններ չեմ տալիս, բայց քիչ է մնացել: Անունը հարգելու մասին է խոսքը, եթե արժանապատվություն է մնացել:
Սոցիոլոգիական հարցումը, ընդհանրապես, տեղեկատվություն ստանալու միջոց է` հարցվողի հետ շփումների եւ նրա պատասխանների տեսքով: Հարցումների բնույթը, ըստ գիտական մոտեցման, պայմանավորվում է հետազոտության նպատակներով եւ տեղեկատվության անաչառությամբ: Եվ այլն:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930