Կապանի մշակույթի հարպարակում անցկացված նախախորհրդարանի այսօրվա հանրահավաքին քիչ թվով մարդիկ էին հավաքվել՝ հիմնականում տատիկներ ու պապիկներ:
Անկախ սակավաթիվ մասնակցիների ներկայության՝ նախախորհրդարանի ներկայացուցիչներն ու համախոհներն անցկացրեցին իրենց հանրահավաքը, կապանցիներին տեղեկացրեցին իրենց առաքելության մասին, խոսեցին նոր երկիր կառուցելու ու նոր ազատագրական պայքարի իրենց ծրագրի անհրաժեշտության մասին:
«Մենք միայն մի բան ենք ուզում՝ ունենալ երկիր, որտեղ բոլորս կարողանանք մեր մասնագիտությամբ աշխատել, ապրել մարդավարի եւ չմտածել մեր գլխին ջուրն են թանկացնելու, թե՝ գազը, մեր նպատակն է ստեղծել այնպիսի երկիր, այնպիսի միջավայր, որտեղ որ մարդը չի մտածի դուրս գնալու՝ կաշին փրկելու մասին»,-ասաց նախախորհրդարանի ներկայացուցիչ, դիրիժոր Վարդան Հակոբյանը եւ կոչ արեց կապանցիներին, ինչպես 1990-ականներին են պայքարել ազատագրական պայքարին, այնպես էլ այսօր լծվեն ներկայիս ազատագրական պայքարի այս շարժմանը:
Ժիրայր Սեֆիլյանը նույնպես իր ելույթի ժամանակ կապանցի առաջամարտիկներին հորդորեց միանալ իրենց ծրագրերին՝ հավելելով, որ առանց ինքնակազմակերպման արդյունք չի լինելու:
Կարդացեք նաև
«Թոհուբոհը, որ այսօր առկա է Մեծ Միջին արեւելքում, մենք շատ լավ հասկանում ենք, որ ապրում ենք պատմական օրեր, որտեղ տեղի են ունենալու նոր երկրների սահմանագծումներ, երկրների մասնատում, այս ամբողջի ականատեսը մենք առաջիկա տարիներին լինելու ենք, մեր սերունդը տեսնելու է Թուրքիո մասնատումը, ես սրանում համոզված եմ: Մեզ մնում է մինչ ադ հնարվորինս շուտ ստեղծել պետություն, մենք շատ ժամանակ չունենք, այս թոհուբոհից պետք է անպայման օգտվենք, այս անգամ վնասով չպետք է դուրս գանք, մեր խնդրանքն է, մեր հորդորն է բոլոր առաջամարտիկներին միանալ մեզ, մեր ծրագրին…», -ասաց նա:
Բանասեր, թարգմանչուհի Սյուզան Սիմոնյանն էլ կիսվեց իր երազանքների մասին: Ցանկանում է ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ արդարադատությունը կիրառվի ոչ թե անմեղների նկատմամբ, այլ՝ մեղավորների, որտեղ բժշկությունը հասու կլինի աղքատներին, իսկ կրթությունը մատչելի կլինի բոլորին եւ հայ երիտասարդը ստիպված չի լինի լքել իր երկիրը՝ այլ ափերում իր բախտը որոնելու հույսով:
«Ի՞նչ են անում մեզ հետ այսքան տարի, պարբերաբար հույս են տալիս, հետո այդ հույսը բռնաբարում…
Բոլորը գիտեն, որ Սյունիքը Հայաստան աշխարհի բերդն է:
Սյունիքը պահեց Հայաստանը, 21 թվին ինչ բանակ մտավ Սյունիք հետ գնաց, ինչո՞ւ ենք մենք հիմա հապաղում, մենք չպիտի թույլ տանք, որ մեր բերդը, Սյունիքը մնա պոչամբարների տակ: Բերդը պետք է լինի պոչամբարների վերեւում, իսկ հետո վերացնի պոչամբարները…», – ասաց Հարություն Մեսրոպյանը:
Բնապահպան, ակտիվիստ Եղիա Ներսիսյանն էլ խոսեց գործող հանքերի, պոչամբարների եւ Սյունիքում տրված 30-ից ավելի նոր հանքերի լիցենզիաների վտանգի մասին, հավելելով, որ կապանցու առջեւ այժմ նաեւ մեկ այլ լուրջ խնդիր է ծառացած:
«Շահումյանը բաց հանք են ուզում դարձնեն, դա ձեր գլխին ամենամեծ պատուհասն է լինելու, այսօր Կապանի ժողովուրդը պետք է ինքնակազմակերպված պայքարի Շահումյանի բաց հանքի դեմ: Հայ ժողովուրդը, հայ գյուղացին, առավելեւս սյունեցին չի ծնվել, որ ինքը հանքափոր դառնա, եւ երբեք հանքափոր լինելը պատիվ չի բերում»,- իր ելույթում նշեց նա: Օրվա բանախոսները հանրահավաքի ժամանակ հավաստիացրեցին, որ խաղաղ, բայց իսկական պայքարով եւ կարճ ժամանակահատվածում հանսելու են հաղթանակի:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ