Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի՝ հուլիսի 14-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածուներից Ալեքսան Ալեքսանյանը Aravot.am-ին պատմեց, որ առաջադրվել է գյուղացիների խնդրանքով:
ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության ընկերության գլխավոր մասնագետ, գյուղապետի թեկնածու Ա. Ալեքսանյանն իր մրցակից թեկնածուների մասին լավ կարծիքի է, ինչպես ինքն է ասում, բոլորի հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ է: Նա չի բացառում, որ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը առաջիկայում հրաժարվի ընտրապայքարից. «Մարզպետն ասաց, որ կուսակցությունը չի առաջադրել, այլ Մուրադյանը ինքնաառաջադրվել է, եւ շատ հնարավոր է դուրս գա ընտրապայքարից»:
Պարոն Ալեքսանյանը իրեն գյուղի առաջին բնակիչներից է համարում, բայց ինչպես ինքն է ասում գյուղի լարված մթնոլորտից ու անցուդարձով չի հետաքրքրվում:
Մեր հարցին՝ հաշվի առելով, որ ՀՅԴ-ական սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանին պռոշյանցիները շատ էին սիրում, հնարավո՞ր է՝ առաջիկա ընտրություններին նախընտրի հենց ՀՅԴ-ական թեկնածուին, պարոն Ալեքսանյանն ասաց. «Եթե չլիներ Հրաչի սպանությունը, Վովա Սահակյանն ինքնառաջադրվեր որպես թեկնածու, կհավաքեր հինգ ձայն, քանի որ Պռոշյանն իրեն չի ճանաչում, վերջին երկու տարիներին է համայնքի ղեկավարի թեկնածու եղել: Հիմա այդ թեկնածուն ինչքան ձայն հավաքի սպանված գյուղապետի, Հրաչի խաթր են ձայն տալու»:
Կարդացեք նաև
Նախորդ ընտրություններում, ըստ մամուլի տեղեկությունների, իր հետ լարվածություն բերած ՀՀԿ-ական թեկնածուից Արթուր Մուրադյանից պարոն Ալեքսանյանը վտանգ կամ լարվածություն չի սպասում. «Ես կասեի նախորդ ընտրություններին ոչ մի լարվածություն չի եղել: Նորմալ, խաղաղ են անցել ընտրությունները»:
Մեր հարցին՝ նախորդ անգամ պարտված ՀՀԿ-ական թեկնածուին ի վերջո կհաջողվի՞ այս անգամ ընտրվել, ասաց՝ ոչ. «Երկուսն էլ՝ ՀՅԴ-ականն ու ՀՀԿ-ականը, պարտվելու են ինձ: Ես 1996 թվականին հազար ձայն եմ ունեցել: Այն ժամանակ առաջին փուլում անցա, երկրորդ փուլում կեղծել են ընտրությունները, հանձնաժողովում մարդ չեմ ունեցել, կեղծել են: Այսօր էլ ես հազար ձայն ունեմ, դեռ պլյուս էլի ձայներ: Ավելացել են ձայներս: Լարվածության թեւերին ձայն չեն տա գյուղացիները»:
Մեր հարցին՝ ՀՀԿ-ականն ու ՀՅԴ-ականն են լարվածություն առաջացնում, ասաց. «Այդպես են ասում»: Հետո շարունակեց. «Հրաչ Մուրադյանը մահացել է, օղորմի իրեն… Պռոշյանում իշխանությունները կաշխատեն արդար ընտրություններ անցկացնել, սա իշխանություններին էլ է ձեռնտու. կրքերը կհանդարտվեն»:
Մեր հարցին, պռոշյանցիները ընդդիմադի՞ր գյուղապետ են նախընտրում, ասաց. «Հրաչ Մուրադյանը իշխանության ներկայացուցիչ էր, ոչ թե ընդդիմություն: Այն ժամանակ ՀՅԴ կոալիցիայի կազմում էր: Հրաչը, որ ընտրվել է գյուղապետ իշխանության ներկայացուցիչ էր ու արդեն երկու անգամ գյուղապետ էր ընտրվել: Հրաչ Մուրադյանին շատ մեծ աջակցություն են ցույց տվել այդ ընկերները՝ ՀՀԿ-ականները: Արթուր Մուրադյանի հետ էլ Հրաչը ընկերներ էին, անգամ Ղարաբաղում են ընկերներ եղել»:
Պարոն Ալեքսանյանը ասաց՝ չգիտի, թե երբ ու ինչից սկսեցին սպանված գյուղապետի ու ՀՀԿ-ական թեկնածուի հակասությունները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ