Երևանի քույր-քաղաք հանդիսացող Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով հունիսի 19-23-ը Երևանի քաղաքապետարանի անունից աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը մասնակցել է «Մարսելը 2013թ.–ի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» հռչակվելու առիթով կազմակերպված տոնական ծրագրի շրջանակում անցկացվող «Հայ–ֆրանսիական գերազանցության շաբաթ» խորագրով միջոցառումներին։ Այս համատեքստում Մարսելում գումարվել է Համաշխարհային հայկական առևտրային ցանցի երրորդ գլխավոր համաժողովը, որի շրջանակում աշխարհի տասներեք երկրներից ժամանած հայկական առևտրաարդյունաբերական պալատների ու հայ գործարարներին միավորող այլ կառույցների ներկայացուցիչներին է ներկայացվել Երևան քաղաքի ներդրումային հնարավորություններն ու մշակված ներդրումային ծրագրերը:
Եվրոպայի 2013 թվականի մշակութային մայրաքաղաք հռչակված Մարսելում կազմակերպված միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել նաև ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի անունը կրող հրապարակի բացման հանդսավոր արարողությունը: Բացի այդ, Մարսելի քաղաքապետարանում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ էլ աշխարհահռչակ շանսոնե Շարլ Ազնավուրին շնորհվել է Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում։
Պաշտոնական ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին է հանձնել «Մարսելը 2013 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» հռչակվելու կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը։
Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջ ուղերձի համար, նաև վստահեցրել է, որ ս.թ. հոկտեմբերի վերջին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով անպայման կայցելի Երևան։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն