Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Մինչ այդ ԼՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ԼՀ մաքսային ծառայության միջև մաքսային իրավախախտումների դեմ պայքարի և գործընկերային հարաբերությունների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԼՀ գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ բնապահպանության նախարարության և ԼՀ բնապահպանության նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բրոնիսլավ Կոմորովսկին բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
Կարդացեք նաև
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ Լեհաստանի Նախագահ պարոն Բրոնիսլավ Կոմորովսկու հրավերով գտնվել բարեկամ Լեհաստանում և խորապես զգացված եմ լեհական ջերմ հյուրընկալությունից։
Այսօր մենք Նախագահ Կոմորովսկու հետ բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային հարցերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ վերջին տարիները հայ-լեհական միջպետական հարաբերությունների պատմության մեջ նշանավորվեցին երկկողմ կապերի վերընթաց զարգացմամբ և բարձրաստիճան պաշտոնական` այդ թվում և նախագահական մակարդակով այցերի ու հանդիպումների հաճախակիությամբ։
Անդրադարձանք 2011թ. Լեհաստանի Նախագահի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Ուրախ եմ արձանագրել, որ բոլոր քննարկված ուղղություններով մենք տեսնում ենք առաջընթաց, ինչը վկայում է հայ-լեհական համագործակցությունը զարգացնելու մեր փոխադարձ շահագրգռվածության և հանձնառության մասին։
Նախագահ Կոմորովսկու հետ լիովին համակարծիք էինք, որ համագործակցության լավ հիմքեր են դրվել քաղաքական, տնտեսական, մշակութային, ապակենտրոնացված համագործակցության, ռազմատեխնիկական, կրթամշակութային, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ միևնույն ժամանակ դրանց ոլորտային ընդլայնման ներուժն ընդգծելով։ Այսօր ստորագրված փաստաթղթերը դրա վկայությունն են:
Չեմ կարող թաքցնել իմ հիացմունքը Լեհաստանի տնտեսական առաջընթացի կապակցությամբ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Լեհաստանի արձանագրած տնտեսական աճը, հիրավի, տպավորիչ է և ուսանելի:
Հայաստանի համար էական է առևտրատնտեսական համագործակցությունը Լեհաստանի հետ, ինչը ներկայումս դժվարանում եմ բավարար կոչել: Այս առումով մենք որոշակի հույսեր ենք կապում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի և Հայաստան-Լեհաստան առևտրաարդյունաբերական պալատ-հիմնադրամի գործունեության հետ:
Մենք երկուստեք նշեցինք մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին, և պարոն Նախագահն ասաց, որ մենք համաձայնություն ձեռք բերեցինք հաջորդ տարվա մեր միջոցառումների մասով: Քննարկեցինք, իհարկե, նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր: Քննարկեցինք համագործակցության հեռանկարները ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, որի համահեղինակը և անշեղ իրականացնողը, աջակիցը նաև Լեհաստանն է:
Ցավոք, մեր տարածաշրջանում դեռևս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արևելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը: Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ: Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից: Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք և հստակ գնահատական:
Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն Նախագահին հրավերի և ջերմ ընդունելության համար:
***
Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել: Հուշամատյանում իր ստորագրությունը թողնելուց հետո, Սերժ Սարգսյանը Լեհաստանի Նախագահի հետ ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել նաև լեհահայ ընտանիքից սերող Յադվիգա Զարուգիևիչի հուշատախտակին: Լեհաստանի ազգային խորհրդանիշը համարվող գերեզման-հուշահամալիրում հիշյալ հայուհին, ում որդին ևս զոհվել է պատերազմում, այդ պատվին է արժանացել այն պատճառով, որ 1925թ. հոկտեմբերի 29-ին նրան է տրվել Վարշավայում հուղարկավորելու նպատակով անհայտ զինվորի աճյունն ընտրելու նախապատվությունը:
Հանրապետության Նախագահն այցի առաջին օրը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի և վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Սերժ Սարգսյանը մասնակցել է Վարշավայում հայկական պուրակի անվանակոչման և խաչքարի օծման արարողությանը ևս:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երեկոյան կմասնակցեն հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:
Ավելի ուշ ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից կտրվի պաշտոնական ընթրիք:
ՀՀ նախագահի աշխատակազմ