Այսօր առավոտյան Գյումրու փողային նվագախմբի ուղեկցությամբ Վարդանանց հրապարակում շարվեցին ու շահագործման հանձնվեցին Չինաստանից բերված ժամանակակից ու հարմարավետ 10 նոր ավտոբուսները: Տարիներ շարունակ տրանսպորտային ոլորտում ոչ մի նորամուծություն չտեսած գյումրեցիները հերթով մոտենում էին ու զարմանքով հարցնում. «Սա Գյումրու՞նն է, խեր լինի»:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պարզաբանմամբ, քաղաքի երթեւեկությունը փորձում են բարելավել ոչ միայն տրանսպորտային նոր միջոցներ ներմուծելով, այլեւ Գյումրու քարուքանդ, ծայրամասային փողոցները հարթեցնելով, խճապատելով, կանգառներ տեղադրելով ու քիչ թե շատ նորմալ վարորդների աշխատանքի ընդունելով:
Կարդացեք նաև
«Անհարմար է, բնակիչը դուրս գա, ձեռքով կանգնեցնի, տեղ չլինի նստելու, մեկը մյուսի հետեւից կանգնի եւ այլն»,- շարքային գյումրեցու պես դժգոհեց Սամվել Բալասանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ավտոբուսները աշխատեցնելու է «Նյու սիթի տրանս» անվամբ կազմակերպությունը, որը շահել է գիծը: Ի դեպ, քաղաքապետի փաստմամբ, ավտոբուսները ձեռք են բերվել իր որդուն պատկանող Գյումրու գարեջրի գործարանի միջոցներով: Իսկ թե ո՞ւմ է պատկանում շահագործող կազմակերպությունը, քաղաքապետը չգիտես ինչու խուսափեց ասելուց:
Նա միայն գործարարներին հորդորեց միանալ իրեն եւ Գյումրին համալրել հարմարավետ ավտոբուսներով: «Սա նույնպես բարոյահոգեբանական մթնոլորտը կփոխի, որ ասենք էդ երաժշտությունը չլինի, ծխելը չլինի եւ այլն: Եթե մի որեւէ վարորդ ծխեց, ասել եմ` անմիջապես աշխատանքից ազատել, Աստծոն Փառք, այսօր վարորդներ շատ կան ավտոբուսի, ասում է`հերիք անում են, առաջարկը ավելի շատ է, քան պահանջարկը, մենք կկարողանանք փոխել եւ համալրել էնպիսի վարորդներով, որոնք քաղաքակիրթ կլինեն բնակիչների հետ: Եթե բողոքներ ունեցան բնակիչները, ես ասել եմ՝ զանգահարեք թեժ գծին եւ մենք կկարողանանք հարցին ճիշտ լուծում տալ»:
Հարցին ` մի՞թե այս միջոցով փորձում եք ազատվել գծատեր Վարդան Ղուկասյանից, Սամվել Բալասանյանն ասաց. «Ես չգիտեմ ով ինչ գիծ ունի եւ ինչ գծատեր է, իմ համար ամենակարեւոր խնդիրը գիտեք ո՞րն է, թող իրենք էլ փոխվեն, եթե կան էդպիսի մարդիկ, որոնք գծեր ունեն, ես կհորդորեի, թող էսպիսի ավտոբուսներ բերեն եւ գան շահեն մրցույթների ժամանակ: Էդ գծերը, որոնք տերեր ունեն եւ այլն, էստեղ հարվածելու որեւէ խնդիր չկա, էստեղ բնակչի հարմարավետության խնդիր կա, իսկ ես, որպես քաղաքապետ, պարտավոր եմ ամեն ինչ անել մեր բնակիչների համար, ինչի՞ մասին է խոսքը»:
Aravot.am-ը պարոն Բալասանյանից հետաքրքրվեց` եթե մայրաքաղաքցի օլիգարխ-գործարարները նման ավտոբուսներով ցանկություն հայտնեն Գյումրիում մրցույթ շահել, գծատեր դառնալ, կհամաձայնի՞ Գյումրու քաղաքապետը: Մենք նաեւ փորձեցինք ճշտել, թե որքանո՞վ են իրական այն խոսակցությունները, թե չինական նոր ավտոբուսների շահագործումը իրականացնելու է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: «Ճիշտն ասած էդպիսի բաներ չկան այս պահին, գծատերեր, սեփականատերեր, ինչ-որ փողատերեր չեմ ճանաչում, ես ճանաչում եմ մի բան, որ հարմարավետություն ստեղծենք մեր բնակիչներին, փոխենք տրանսպորտի հետ կապված այս փիլիսոփայությունը, իմ խնդիրը սա է, թե ով կգնի, ով կշահի, ես միայն կպահանջեմ, որ նրանք լավ շահագործեն, Երեւանից, թե Մոսկվայից, թե Գյումրիից կլինեն… Թող լինեն իհարկե մեր քաղաքից, ինչի՞ մասին է խոսքը, դա բիզնես է, յուրաքանաչյուր բիզնես բնականաբար շահավետ պետք է լինի: Պատրիոտիզմով միայն էսպիսի բան ես կարող եմ անել, անում եմ, աշխատատեղեր եմ ստեղծում, ես օրինակ եմ, որպեսզի կարողանանք մյուսներին հորդորել օգնենք քաղաքին, ինչո՞ւ չէ»-, ասաց պարոն Բալասանյանը:
Նշենք, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ժամանակին կարողացավ կանխել Գագիկ Ծառուկյանի` Գյումրու գծերին տեր կանգնելու ձգտումը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ