Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ինչպե՞ս եղավ, որ նախագահի ստյուարդեսաներն իրենց աշխատավարձերը ստացել են, մենք`ոչ». (Տեսանյութեր)

Հունիս 25,2013 19:22

Այսօր «Արմավիայի» նախկին աշխատակիցները`ինժեներատեխնիկական անձնակազմը, բորտուղեկցորդներն ու մի քանի օդաչուներ նորից բողոքի ակցիա էին կազմակերպել «Արմավիայի» գրասենյակի մոտ եւ պահանջում էին իրենց աշխատավարձերը վճարել: Ընդ որում, ավիաընկերության նախկին աշխատակիցները մտադիր են հացադուլ անել, եթե իրենց խնդիրը մոտ ժամանակներս չլուծվի: Այսօր «Արմավիայի» գրասենյակում ընկերության պատասխանատուները տեղում չէին, նույնիսկ դռները փակ էին, ուստի բողոքի ակցիայի մասնակիցները գնացին կառավարության շենքի մոտ, որտեղից էլ նրանց պատասխանել են․ «Մեր իրավասության մեջ չէ այս խնդիրը»: Կառավարությունից էլ հուսադրող պատասխան չստանալով «Արմավիայի» նախկին մոտ 30 աշխատակիցներ մետրոյով գնացին Բաղրամյան փողոց`ՀՀ նախագահի նստավայր:

Ցուցարարներին արդեն սպասում էին նախագահականի շենքը հսկող ոստիկանները, քանի որ նրանք շատ բարեհամբույր մոտեցան ցուցարարներին եւ առաջարկեցին մի քանիսին ուղեկցել նախագահի աշխատակազմի նամակների բաժին:

Մոտ 40 րոպե նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ զրույցից հետո «Արամավիայի» աշխատակիցները նախագահականից էլ հուսադրող պատասխան չստացան:

Aravot.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ նախագահականից հորդորել են 10-15 օր սպասել եւ ծայրահեղ քայլերի չդիմել: Բորտուղեկցորդ Արսեն Սարիբեկյանի խոսքերով. «Դե ասացին, քանի որ մեր խնդրով զբաղվում է աշխատանքի տեսչությունը, ասեցին`սպասեք, տեսնենք ինչ պատասխան կտան, նոր կորոշենք ինչ անել»:

Բորդուղեկցորդուհի Քրիստինե Մկրտչյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Համենայնդեպս մենք ցանկություն չտեսանք մեզ օգնելու հարցում, դրա համար էլ փորձում ենք սուր պահել այս հարցը, որ կառավարության եւ նախագահի վերահսկողությունը լինի այս հարցում»:

«Մենք գիտենք, որ ինչքան գումար լինում է, «Արմավիանյի» ղեկավարները իրենց մոտիկներին են տալիս: Իսկ ես ինչո՞ւ պիտի իմ աշխատավարձը նվիրեմ Բաղդասարովին: Կամ էդ ինչպե՞ս է եղել, որ նախագահի բորտուղեկցորդներն իրենց աշխատավարձը ստացել են, իսկ մեզ համար գումար չկա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասացին ակիցիայի մասնակիցները:

Բացի այդ, նրանք նաեւ վստահեցրին, որ իրենց աշխատավարձերն ապօրինություններով են հաշվարկել: Բորտուղեկցորդներից մեկի ներկայացմամբ` «Օրինակ, մեր ժամավճարը 5,500 դրամ է եղել, տաբելում գրել են 1000 դրամ, մնացած գումարը ձեւակերպել են որպես գործուղման ծախս: Ամբողջ իմաստն այն է, որ գործուղման ծախսը, որը մեզ տալիս էր սոցվճար չի անելու, հարկ չի վճարելու: Այս սենց ամեն մեկիցս ամեն ամիս մոտ 100 հազար Բաղդասարովն իրա գրպանն է դրել ու պետությանը խաբել ա ու քիչ հարկ վճարել: Սա պատմեցինք նախագահականում, մեզ ապշեցնող պատասխան տվեցին, ասեցին` դա ձեր պրոբլեմը չի, դա պետության պրոբլեմն է»:

Ակցիայի մասնակիցները նաեւ նշեցին, որ «Արամավիայի» նախկին օդաչուների մեծ մասը մեկնել է Հայաստանից, այլ երկրներում աշխատելու համար, այստեղ մնացելել են 3-4 օդաչուներ:

Նշենք,  որ ավիաընկերությունը նախորդ տարվա դեկտեմբեր ամսից աշխատավարձերը չի վճարել, եւ ամեն շաբաթվա սկզբին «Արմավիայի» տնօրենը խոստանում է վճարում կատարել, բայց այդպես էլ խոստումը չի կատարում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930