Այսօր Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին: Այն վերաբերում է հայկական պատվիրակության տեսլականին ՀՀ-ի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման վերաբերյալ: Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 26-ին, նախատեսվում է հանդիպում ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ:
Դ. Հարությունյանն անդրադառնալով հանդիպման հիմնական նպատակին, նամակում նշում է. «Պատվիրակությունների միջեւ ձեւավորել փոխհարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը հնարավորություն կտա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել հանդուրժողականության եւ փոխվստահության մթնոլորտում: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը չեն կարող ընդգրկել հարցերի այն շրջանակը, որոնք քննարկվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից»:
ԵԽԽՎ նախագահին ուղղված նամակում ներկայացված են նաեւ հայկական պատվիրակության կողմից քննարկման համար առաջարկվող առաջնահերթ խնդիրներ. «Որեւէ կողմից այլատյացության, անհանդուրժողականության եւ ռասիզմի ցանկացած դրսեւորման նկատմամբ մշտադիտարկման իրականացում, համատեղ նիստում կողմերից ցանկացածի՝ այս համատեքստում բարձրացված հարցի քննարկում, գնահատում, կանխարգելման ուղղությամբ համատեղ քայլերի մշակում եւ իրականացում, քաղաքացիական հասարակության շփումների խթանում»:
Տեղեկացնենք նաեւ, որ Վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում մերժվեց 31 եվրոպացի պատվիրակների կողմից ստորագրված «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ փաստաթուղթը, որով առաջարկվում էր կասեցնել ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը:
Կարդացեք նաև
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ