«Վաղն ինձ համար տոնական օր է, քանի որ մեկնարկում է Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման միջոցառումը, – այսօր լրոգրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը, – փառատոնն այս տարի նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին»:
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն էլ հավելեց, որ փառատոնի շրջանակներում հնչելու են նաև մեծն կոմպոզիտորի մոռաված ստեղծագործությունները. «Կան երգեր, որոնք մոռացվել են շատերի կողմից, այս փառատոնի ընթացքում հանրությունը կծանոթանա նաև դրանց»:
Խոսելով այս տարվա առանձնահատկությունների մասին ՝«Արս Լունգա» դուետի դաշնակահար Ջուլիետա Վարդանյանը նշեց, որ փառատոնի առաջին օրը կներկայացվի «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը. «Այն երաժշտության պատմության մեջ իր ձևով ու բովանդակությամբ միակն է: «Արս լունգա» դուետը «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակներում հավաքել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայնագրել է ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան»: Ջուլիետա Վարդանյանը հավելեց նաև, որ կան հատուկ հյուրեր ԱՄՆ-ից Վադիմ Լանդոն և 10-ամյա դաշնակահար Մաքսիմ Լանդոն:
Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ ծրագրում ընդգրկված բոլոր համերգների մուտքն ազատ է, բացառությամբ Տիգրան Մանսուրյանին նվիրված հեղինակային երեկոյի:
Տիգրանուհի Թասլակյան