Հունիսի 24-25-ին Բրյուսելում աշխատանքային այցով էին գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հունիսի 24-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների տեղակալների նիստը «+Հայաստան» ձեւաչափով: Նիստին քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2012-2013թ. գնահատման զեկույցը:
Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, Անհատական գործընկերության գործողությունների հաջորդ ծրագրի (2014-2015թթ.) նախապատրաստական աշխատանքներին, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի զարգացումները:
Դավիթ Տոնոյանը խոսեց ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՆԱՏՕ-ի օժանդակությամբ իրականացվող ռազմական կրթության ծրագրերի մասին՝ շեշտելով Հայաստանում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ նոր ծրագրեր նախաձեռնելու կարեւորությունը:
Կարդացեք նաև
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անդրադարձավ նաեւ ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններին հայ խաղաղապահների մասնակցության հարցերին:
Այնուհետեւ ելույթներով հանդես եկան Դաշինքի պատվիրակությունների ներկայացուցիչները, ովքեր բարձր գնահատեցին Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում եւ իրենց աջակցությունը հայտնեցին ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 25-ին հանդիպեցին Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին:
ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ