Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ փոխնախագահ. «Ինչ-որ մարդիկ կամենում են տարաձայնություններ ներարկել Արցախյան պատերազմի մասնակիցների միջեւ»

Հունիս 25,2013 17:22

Aravot.am-ը ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե Կամավորական ազատամարտիկների խորհրդի` «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շուրջ  օրերս հայտնած մտահոգություններն ինչպես են մեկնաբանում: Նշենք, որ խորհուրդը ԱԺ պատգամավոր-գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի նախաձեռնած նախագծին դեմ էր արտահայտվել` ասելով, որ  այն «բարոյական, իրավական, սոցիալական եւ նյութական առումներով որեւէ նոր բան չի պարունակում»:

Խաչիկ Մկրտչյանը  կասկածելով, որ խորհրդի անվան տակ հանդես եկող մարդիկ պարզապես «դեզինֆորմացիա են տարածում», մեր գրավոր հարցերին ի պատասխան ասաց. «Կցանկանայի ճանաչել Ձեր նշած կազմակերպության անդամներին, ղեկավարներին, ծանոթանալ նրանց հետ: Թույլ տվեք կասկածել, թե ազատամարտիկը, մարդը, ով կամավոր մասնակցել է թուրքի պարտադրած պատերազմին, ունակ է այսօր առանց ընդունված օրենքը կարդալու ապատեղեկատվություն տարածել: Ակնհայտ է, որ Ձեր նշած հայտարարության հեղինակները բացարձակ անտեղյակ են օրենքից: Չեմ ուզում հակառակին հավատալ, թե այդ մարդիկ միտումնավոր կերպով են դեզինֆորմացիա տարածում»:

Պարոն Մկրտչյանը գտնում է, որ «Երկրապահ կամավորականի մասին» օրենքի ընդունման հիմնական նպատակը բարոյական կողմն էր` այս խավին իրավական կարգավիճակ տալը. «Այսինքն` պետությունը պաշտոնապես ճանաչում է երկրապահ կամավորականությունը: Սա հստակ ուղերձ է ռազմաշունչ հայտարարություններ անող Բաքվին, որ Հայաստան պետությունը ճանաչում եւ խրախուսում է ազատամարտիկներին, երկրապահ կամավորականներին: Կան, նախնական հաշվարկներով, 2145 հոգի, որ փաստացի մասնակցել են Արցախյան պատերազմին, սակայն չունեն որեւէ կարգավիճակ, քանի որ 1992-ի հունվարի 28-ին ՀՀ բանակի հիմնումից հետո պաշտոնապես չեն գրանցվել բանակում: Հիմա օրենքն այս մարդկանց կարգավիճակ է տալիս, բերում-հավասարեցնում է այն անձանց, ովքեր օգտվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության երաշխիքների մասին» օրենքի սահմանած արտոնություններից: Դրան ինչպես կարող է դեմ լինել մեկը, կամ մի կազմակերպություն, որ իրեն համարում է ազատամարտիկների շահերի պաշտպան: Այս օրենքը հնարավորություն է տալիս հաշվառել, կարգավիճակ տալ Արցախյան գոյամարտի բոլոր մասնակիցներին, այնուհետեւ` հաշվի առնելով պետության  ռեսուրսները, հնարավորությունները, քայլ առ քայլ  սոցիալական արտոնություններ սահմանել: Արդեն իսկ աշխատանքային խումբը նախապատրաստում է օրենսդրական հերթական փաթեթը: Առաջարկներ ընդունվում են բոլոր շահագրգիռ անձանցից, կազմակերպություններից: Կարծում եմ` Ձեր նշած կառույցի ներկայացուցիչները եւս կարող են հանդիպել, ներկայացնել առաջարկներ»:

Ինչ վերաբերում է խորհրդի այն մտահոգությանը, թե օրենքը ոչ մի շոշափելի իրավական հարաբերություն չի նախատեսում ու չի կարգավորում, պարոն Մկրտչյանի մեկնաբանմամբ` «ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի եւ իր գործընկերների հեղինակած օրենքը հստակ սահմանում է, որ երկրապահ կամավորականի կարգավիճակ կարող են ստանալ այն անձինք, ովքեր 1989-94 թթ. մասնակցել են  ռազմական գործողություններին կամ ռազմական գործողությունների գոտում կամավոր հիմունքներով մասնագիտական սպասարկում են իրականացրել: Հասկանալի է` խոհարար են, բժիշկ, ուսուցիչ, վարորդ, լրագրող, անձինք, որ մարդատար օդանավերի, ուղղաթիռների անձնակազմերում հումանիտար աջակցություն են ցուցաբերել ռազմաճակատին»:

Խորհրդի այն դիտարկմանը, թե սխալ է նաեւ սահմանափակ ժամկետներ դնել եւ փաստաթղթեր հավաքելու գործընթացը ոչ թե կամավորականը պետք է անի, այլ` պետությունը, ԵԿՄ փոխնախագահն ասաց. «Դա եւս թյուրըմբռնում է: Օրենքը կարդացած մարդը նման բան չէր ասի: Կարգավիճակ տրվելու է եւ զոհվածներին, եւ հաշմանդամներին: Օրենքն էլ չի պարտադրում, թե մարդն անձամբ պետք է դիմի կարգավիճակ ստանալու համար»:

Կամավորականների խորհուրդը մեկ այլ կասկած էլ  էր հայտնել սույն օրենքի առնչությամբ` «…..Օրենքի ընդունմամբ օրենսդրական ճանապարհ է բացվում բոլոր կամավորական ազատամարտիկներին նույնանուն կազմակերպության տանիքի տակ հավաքելու եւ նրանց կառավարելի դարձնելու համար»: Սրան ի պատասխան պարոն Մկրտչյանն ասաց. «Դարձյալ ապատեղեկատվություն, որ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: Ինչ-որ մարդիկ կամենում են տարաձայնություններ ներարկել Արցախյան պատերազմի մասնակիցների միջեւ: Դա ամենասարսափելի բանն է, որ հայ մարդը կարող է իրեն թույլ տալ: Ուշադիր կարդացեք օրենքը: Բացարձակապես ոչ մի խոսք չկա ԵԿՄ անդամակցության մասին: Կարգավիճակի շնորհումը բացարձակապես կապ չունի ԵԿՄ-ին մարդու անդամակցության հետ: Նորից կրկնեմ` հստակ սահմանված է, որ կարգավիճակ ստանում են 1989-94 թվականների ռազմական գործողությունների մասնակիցները: Մանվել Գրիգորյանն անձամբ էլ ԱԺ-ում հարցը ներկայացնելիս հստակ ասաց, որ այսօր ԵԿՄ-ն 35 000 անդամ ունի, բայց դա չի նշանակում, թե այսքան մարդ պետք է կարգավիճակ ստանա: Նա հստակ ներկայացրեց, որ կարգավիճակն ու ԵԿՄ անդամությունը տարբեր բաներ են: Ասեմ ավելին` ոչ կարգավիճակի շնորհման հարցում, ոչ կարգավիճակը շնորհող միջգերատեսչական հանձնաժողովի ձեւավորման խնդրում ԵԿՄ-ին որեւէ գործառույթ, որեւէ իրավունք վերապահված չէ: Սա արդար օրենք է, օբյեկտիվ օրենք է: Այս օրենքի ուժով կարգավիճակ են ստանալու պատերազմի անխտիր բոլոր մասնակիցները եւ չի լինելու իրականում ռազմական գործողությունների գոտում առաքելություն չիրականացրած անձ, որին կարգավիճակ տրվի:

Վերջում շնորհավորում եմ աշխարհասփյուռ տաս միլիոն հայությանն այս օրենքի ընդունման կապակցությամբ, մեր երկրապահ ժողովրդին, որ պետությունն օրենսդրորեն ճանաչեց իր երկրապահ կամավորականին: Եվ շնորհակալություն այս նախաձեռնության հեղինակներին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. MHER says:

    Պարոն Մկրտչյան հալալ է, ձեր բռնած գործը սուրբ գործ է…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930