Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. Գյուղական շրջանների դիմորդներն ավելի անկեղծ են

Հունիս 25,2013 16:57

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իր տպավորություններն իրենց բուհի այս տարվա դիմորդներից անսպասելի հաճելի են. «Բոլորը կարդացած էին, հայերեն շեշտերով էին խոսում, ներքին բովանդակային տարբերություն կա անցյալ տարվա համեմատ: Անցյալ տարի վիճակն ավելի տխուր էր ու դժվար»:

Այս տարի թատերական ինստիտուտում մի քանի ճանաչված ռեժիսոր կուրս է հավաքելու. Նարեկ Դուրյանը One Man Show-ի, Ռուբեն Բաբայանը՝ տիկնիկային թատրոնի, Արմեն Մելիքսեթյանը՝ երաժշտական դրամայի, Արա Երնջակյանը՝ թատրոնի եւ կինոյի դերասաններ են ընտրելու: Ինչ վերաբերում է Հրաչյա Ղազարյանին, նա էլ ռեժիսորական կուրս կհավաքի: «Ոգեւորված եմ՝ քանակ կա, մրցույթ կա, ընտրելու նյութ կա, հավանաբար ինստիտուտի վարկանիշն է փոխվել, գալուց առաջ մտածում են, թե ուր են եկել»,-շեշտեց Մազմանյանը:

Արմեն Մելիքսեթյանը դիմորդներից ստացած տպավորությունների մասին խոսելը մի քիչ վաղ է համարում՝ դեռ քննության առաջին օրն է, մի երեք-չորս օրից պատկերն ավելի երեւացող կլինի: Պարոն Մելիքսեթյանի ձեւակերպմամբ. «Դիմորդների որակը փոխվում է ժամանակի հետ՝ ինտերնետային-ինֆորմատիվ մտածելակերպն ու գիտելիքներն այսօր ավելի շատ են, քան ֆունդամենտալը»:

Ռուբեն Բաբայանը (լուսանկարում)կարծում է, որ հարկ է հնարավորինս շատ դիմորդներ հավաքել, բայց ուսման գործընթացում դնել խիստ պահանջներ. «Թե չէ դժվար է կողմնորոշվել 10-15 րոպեի ընթացքում, առավել եւս, որ գալիս են նաեւ նախապես պատրաստված դիմորդներ: Անձամբ ինձ վրա ավելի մեծ տպավորություն թողեցին եւ ավելի անկեղծ էին նրանք, ովքեր նախապես չէին պարապել: Կարծում եմ՝ այդ տենդենցը կա ամբողջ աշխարհում, որ գյուղական շրջանների դիմորդներն ավելի անկեղծ են: Եթե մենք նայենք հայտնի դերասաններից շատերի կենսագրությունը, կտեսնենք, որ նրանք հիմնականում մայրաքաղաքային ծագում չունեն: Դերասանի համար անկեղծությունը, հանդիսատեսի հետ անկեղծ երկխոսության մեջ մտնելը ավելի կարեւոր է մնացած հնարքներից՝ ռեժիսորական, դերասանական, տեխնիկական ունակություններից»:

Ռեժիսորի կարծիքով, այսօր ժամանակակից լավ դերասանների պակաս կա, այնպիսի դերասանների, որ կտիրապետեն այն ամենին, ինչը բնորոշ է եւ տիկնիկային թատրոնի դերասանին, եւ դրամատիկի, եւ երաժշտական թատրոնի: «Կարծում եմ, որ այն դասախոսական խումբը, որ կհավաքվի իմ կուրսի հետ աշխատելու համար, կտա ուսանողներին այդպիսի հնարավորություն: Ուզում ենք պատրաստել ժամանակակից դերասաններ: Դերասանական երեւակայությունը պետք է շա՜տ ազատ լինի՝ մկնիկից մինչեւ թագավոր»,- նշեց պարոն Բաբայանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930