Սիրիահայ Րաֆֆի Թաշչյանն արդեն մեկ տարի է՝ չի տեսել Հալեպում մնացած ծնողներին և երկու մեծ եղբայրներին: Շուրջ 2 տարի տևող Սիրիայի պատերազմի պատճառով ծնողները չեն կարողանում Հայաստան գալ: Իսկ Րաֆֆին չի կարող մեկնել Սիրիա ընտանիքի մոտ:
«Անցած տարի հուլիսն էր, երբ առաջին անգամ Հայաստան եկա: Եկել էի քաղաքացիության համար անձնագիրս վերցնելու: Երեք շաբաթ հոս մնալուց ետք ծնողներիս հետ խոսեցի, որ հետ դառնամ, բայց անոնք չթողեցին վերադառնամ Սիրիա: Կվախնային, վիճակն արդեն շատ էր վատացել, ճանապարհները գոցել էին, կկրակեին, ինքնաթիռով սկսել էր զարկը Հալեպի վրա»,- ասում է 32-ամյա Րաֆֆին:
Այլ տարբերակ չի մնում, և Րաֆֆին որոշում է չվերադառնալ Սիրիա՝ հույս ունենալով, որ ծնողները որոշ ժամանակ անց կտեղափոխվեն իր մոտ՝ Հայաստան: Սակայն քաղաքացիական պատերազմն իր բոլոր զարգացումներով մինչ օրս հեռու է պահում իրարից սիրիահայ ընտանիքի անդամներին:
«Ես ալ մտածեցի, որ կրնար ըլլար կրակեին ճանապարհներին, կամ եթե հասնեի տեղ, կրնա ըլլալ բանակ տանեին, ու չես գիտեր ինչպես կըլլար: Ես ալ որոշեցի մնալ հոս ու գլխուս ճարը տեսնել»,- «Մեդիալաբին» պատմում է Րաֆֆին:
Պատերազմի թոհուբոհից միայնակ Հայաստան տեղափոխված Րաֆֆիին սկզբում օգնում են Երևանում ապրող հարազատներն ու սիրիահայ ընկերները: Մասնագիտությամբ վարսավիր Րաֆֆի Թաշչյանը մեկ ամիս անց աշխատանք է գտնում ու փորձում քիչ-քիչ ապրել Հայաստանի ռիթմերով:
Նա 17 տարվա փորձառությամբ վարսավիր է և խոստովանում է, որ Հայաստանում արդեն բազմաթիվ հաճախորդներ ունի:
«Սկզբում հոստեղի աշխատավարձերին չէի հարմարվեր, տարբեր էր շատ Սիրիայեն, քիչ էր: Բայց ետքը մտածեցի, որ քաղաքին պայմանը էդպես է, պիտի պայքարիմ ու պիտի կարողանամ աս միջավայրին ոտքի կանգնեմ»,- ասում է Րաֆֆին ու հմուտ շարժումով կտրում վարսավիրանոցի աթոռին նստած հաճախորդի երկար մազափունջը:
Աշխատելով Երևանի լավագույն մարզասրահներցի մեկի սպա սրահում որպես վարսավիր՝ Րաֆֆին նշում է, որ 6 միլիոնանոց Հալեպում աշխատանքն ու հաճախորդների թիվը ավելի մեծ էր, քան Հայաստանում:
«Բայց ես չեմ դժգոհեր, հոս ալ իմ հաճախորդներս գնալով կշատնան: Եթե լավ մասնագետ ըլլաս, ճանաչվիս, հոս ալ լավ կըլլա»,- խոստովանում է Րաֆֆին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Լիլիթ Առաքելյան