Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ մարդասպանության մեջ կասկածվում է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդի Հարությունը, որը, ըստ մեղադրանքի, այդ քայլին է դիմել խանդի հողի վրա:
Կարդացեք նաև
Այսօր ընդամենը մեկ վկայի`ավտոլվացակայանի նախկին աշխատակից Աշոտ Գինոսյանին հարցաքննելուց հետո դատարանը կանգնեց փաստի առջև. դատակոչված 4 վկաներից և ոչ մեկը չէր ներկայացել դատարան: Չներկայացած վկաներից երկուսը՝ Վարդան Ղուկասյանն ու նրա դուստրը` Մանյան էին, մյուսը` ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Նիկոյանն էր, իսկ 4-րդը` ամբաստանյալի հարևան Հովհաննես Եգանյանն էր, ով նախորդ դատական նիստին խմած էր ներկայացել դատարան:
Վարդան Ղուկասյանը և նրա դուստրը տեղեկանք էին ներկայացրել Գյումրու «Ճերմակ» հիվանդանոցից առ այն, որ երկուսն էլ բուժվում են վիրաբուժական բաժանմունքում, դուստրը կույրաղիի խնդիր ունի, իսկ հայրը` աղիների, այդ պատճառով էլ չեն կարող ներկայանալ դատարան: Դատավոր Մարտին Սարոյանը դատական կարգադրիչներին հրահանգեց ճշտել` եկե՞լ է արդյոք ամբաստանյալի մայրը, ով նույնպես հիվանդ է: Ըստ բժշկական տեղեկանքի, վերջինս կոտրել է ոտքը, մեծամասամբ անկողնում պառկած է: Տիկինը խոստացել էր դատարան ներկայանալ ապաքինվելուն պես: Երբ դատավորը հետաքրքրվեց, թե եկե՞լ է Նիկոյանը, ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց. «Հարգելի դատարան, ես զարմանում եմ, որ միայն Անահիտ Նիկոյանին եք հիշատակում, իսկ չե՞ք ուզում պարզել, թե Վարդան և Մանյա Ղուկասյանները եկե՞լ են դատարան, թե՞ ոչ»:
Դատավորը փորձեց հրապարակել Ղուկասյանների նախաքննական ցուցմունքները, սակայն Լուսինե Սահակյանը առարկեց`անսպասելիորեն դատավորից պահանջելով ինքնաբացարկ ներկայացնել: Ըստ փաստաբանի, «Քրեադատավարական» օրենսգիրքը իրավունք է տալիս հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները, երբ բացառվում են վկաների դատարան ներկայանալու հանգամանքները: «Հարգելի դատարան, Ղուկասյանների ներկայությունն այստեղ չի բացառվում, առավել ևս՝ Վարդան Ղուկասյանինը, որ հարցազրույցներ է տալիս մամուլին, ելույթներ է ունենում հեռուստաընկերություններով: Կան տեսանկարահանումներ, թե ոնց է պարոն Ղուկասյանը մասնակցում այրվող եկեղեցու կրակը հանգցնելու աշխատանքներին:
Հարգելի դատարան, մենք պահանջում ենք ձեր ինքնաբացարկը, դուք պարտավոր եք ինքնաբացարկ հայտնել, քանի որ անկողմնակալ չեք: Մենք բազմիցս ապացուցել ենք ձեր անկողմնակալ չլինելը: Այս պահանջը մենք կարող էինք ներկայացնել ավելի վաղ, բայց ի նկատի ունենալով, որ բավականին ժամանակ է անցել, բավականին մեծ թվով վկաներ են հարցաքննվել, մենք նաև ուզում էինք հավատալ, որ դուք կփարատեք մեր կասկածները, բայց այդպես չեղավ: Դուք նույնիսկ չէիք ուզում Ղուկասյաններին բերման ենթարկելու որոշում կայացնել: Ինձ նույնիսկ մի անգամ ցնցեց ձեր պատասխանը, որը սուտ չանվանելու փոխարեն մեղմ բառով կասեմ` փաստը խեղաթյուրել էր: Երբ ես հարցրեցի՝ ինչո՞ւ դատարան չեն ներկայանում Ղուկասյանները, դուք ասացիք, նրանք ներկայացել են դատարան այն ժամանակ, երբ փաստաբանական կողմը չէր եկել դատարան: Դուք պատրաստ եք խեղաթյուրել փաստերը հանուն Ղուկասյանների: Դուք, իհարկե, նրանց բերման ենթարկելու որոշում կայացրեցիք, բայց հետամուտ չեղաք ձեր որոշման իրագործմանը: Ղուկասյաններն այդպես էլ դատարան չներկայացան: Զգալի է, որ դուք կաշկանդված եք, և չեք կարող կայացնել օբյեկտիվ, անկողմնակալ որոշումներ: Դուք անգամ դատական նիստի ժամանակ կարգը չէիք կարող պահպանել, հնարավոր չէր դատարանի մթնոլորտը կառավարել: Դուք բազմաթիվ անգամ խախտել եք «Քրեադատավարական» օրենսգիրքը, երբ ձեզ հարցրել ենք օրենսգրքի ո՞ր կետի հիման վրա եք որոշում կայացնում, դուք չեք կարողացել վկայակոչել, մեզ մոտ տպավորություն է, որ դուք կամ ընդհանրապես չեք տիրապետում «Քրեադատավարական» օրենսգրքին, կամ քաջատեղյակ եք և խախտում եք դիտավորյալ: Դուք պարտավոր եք ընդունել մեր ինքնաբացարկի պահանջը, քանի որ անձի ճակատագրի հարցն է, և դուք չեք կարող Վարդան Ղուկասյանին դատարան չհրավիրել» ,- ասաց Լուսինե Սահակյանը, որին միացավ նաև ամբաստանյալի երկրորդ փաստաբանը`Հունան Բաբայանը:
Դատախազները ու տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող անձը առարկեցին, սակայն դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Նշենք, որ Լուսինե Սահակյանի խոսելու ընթացքում դատավոր Մարտին Սարոյանը, որը բավականին համեստ անձնավորություն է, գլուխը կախել ու կարմրել էր:
Ավելի ուշ դատարանը որոշեց մերժել փաստաբանների պահանջը` անփոփոխ թողնելով դատավորին: Փաստորեն դատավոր Մարտին Սարոյանը հրաժարվեց ինքնաբացարկից:
Դատական նիստը նշանակվեց վաղը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ