Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խնդիր չենք դրել դատի տալու. այս նախաձեռնությամբ փորձում ենք կարգավորել լրատվական դաշտը».Թագուհի Թովմասյան

Հունիս 25,2013 15:26

Վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից տարածած հայտարարության շուրջ 15 էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրներ, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, առաջարկում են միմյանց հետ համագործակցության ինը հստակ կանոններ: Այս կապակցությամբ, այսօր «Մեդիա» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ասաց, որ հայտարարությանը միացող լրատվամիջոցների ցանկը ավելանում է և հույս հայտնում, որ այս շարժումը կբերի դաշտի կարգավորմանը. « Այսօր հայաստանյան իրականության մեջ ամեն օր ծնվում և մահանում են մի շարք կայքեր: Չպետք է երկու հոգով աշխատեն և փորձեն անբարեխղճորեն գողանալ բարեխիղճ լրագրողների կատարած աշխատանքը: Մենք խնդիր չենք դրել դատի տալու, սակայն պետք է կարգավորել տվյալ դաշտը»:

Նա կարծում է, որ այս հայտարարության տեքստը թույլ կտա ներքին կանոնակարգման դաշտում կարգավորել խնդիրը` առանց օրենսդրության միջամտությանը հասնելու:

 Վերջինիս փոխանցմամբ` News.am, armenpress.am, mediamax.am կայքէջերը չեն միացել հայտարարությանը, սակայն դա չի նշանակում, որ դեմ են այս նախաձեռնությանը. «Չեն միացել ոչ թե այն պատճառով, որ համաձայն չեն, այլ իրենք ունեն իրենց համար մշակած կանոնակարգ և ըստ այդմ էլ աշխատում են: News.am-ը, որը որոշել է իր համար էթիկայի առանձին նորմեր սահմանել և առանձին պայմանագրեր կնքել իր կայքի նյութերից օգտվողների հետ»,-ասաց նա:

Նախաձեռնությանը չի միացել նաև Blognews.am կայքը: Կայքի գլխավոր խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ իրենք ևս դեմ չեն այս հայտարարությանը, սակայն միանալ չէին կարող. « Ըստ էության մենք կողմ ենք այս նախաձեռնությանը, սակայն մենք չենք միացել, քանի որ մենք ունենք ձևաչափի խնդիր»:

Իրավաբան Գևորգ Հայրապետյանը հույս է հայտնում, որ այս նախաձեռնությունը կնպաստի, որպեսզի օրենքում ոչինչ չփոփոխվի. «Այս նախաձեռնությունը արդեն իսկ շատ բան փոխում է և փոխելու է: Հասարակությունն էլ շատ լավ տեսնելու է, թե ով` ով է: Ինքնակարգավորումը, եթե լավ կիրառվի, շատ ավելի արդյունավետ կարող է դառնալ, քան օրենքում որևէ փոփոխություն մտցնելը»:

Մինչդեռ «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն, այնուամենայնիվ, տեսնում է. «Անհրաժեշտություն է զգացվում օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու: Սա հետևանք է նրա, որ լրագրությամբ սկսեցին զբաղվել ոչ մասնագետները, պետք է տարանջատել, թե ով է զբաղվում լրագրությամբ, ով ` ուղղակի բացում կայքեր: Այն կայքերը, որոնք կան և գործում են, ապա պետք է պահպանեն լրագրողական էթիկայի բոլոր կանոնները, իսկ եթե ոչ, ապա դադարեցնեն իրենց աշխատանքը և վերացնեն գրագողությամբ զբաղվելը: Այստեղ անհրաժեշտ է օրենքը խստացնել և այն մասսան, որն անընդունելի է համարում այս ամենը, պետք է խրախուսի այս նախաձեռնությունը»:

Shamshyan.com կայքի ներկայացուցիչ Գևորգ Էմին-Տերյանն էլ խոսեց լուսանկարների ապօրինի օգտագործման մասին, երբ շատ դեպքերում նկարներն օգտագործվում են անգամ հեռացված լոգոյով. «Որոշ կայքեր տրաֆիկ են գնում, առանց պատշաճ հղումի վերցնում են նյութեր և տեղադրում իրենց կայքում, լուսանկարները սեփականություն են, որոնք ևս խախտվում են: Օրենքը պետք է հստակություն մտցնի, այս ամենը նման է նկուղում սարքած օղի կեղծողներին»:
Քննարկման մասնակիցները գալով եզրահանգման, գտան, որ առաջնայինը էթիկայի նորմերի պահպանումն է և որքան շատ ԶԼՄ-ներ միանան այս նախաձեռնությանը և հետևեն կանոնակարգին, այնքան հասարակության վստահությունը կբարձրանա դեպի տվյալ լրատվամիջոցը` սովորելով հարգել միմյանց աշխատանքը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930