Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդ Ռուստամյանը երգեց, դիմորդ Գագիկ Հարությունյանը պորտապար պարեց (Տեսանյութ)

Հունիս 25,2013 15:04

taterakan taterakan1

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում այսօր քննություններ են: Դիմորդները «Դերասանի վարպետություն» առարկայից են քննություն հանձնում, ներկա էր նաեւ Aravot.am-ը:

Օրինակ՝ դիմորդ Գագիկ Հարությունյանը, որ Վայոց ձորից էր, Սունդուկյանի «Քանդած օջախից» մի կտոր կարդաց: Թատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը հետաքրքրվեց. «Իսկ ինքդ ստեղծագործո՞ւմ ես»: Դիմորդն ասաց, որ արդեն մի քանի ամիս է՝ ինքնաբուխ գրում է: «Փաստորեն, մտքերիդ ձեռքը կրակն ես ընկել հա՞»,-կատակեց Մազմանյանը:

Տղան հայկական երաժշտության հնչյունների ներքո սկսեց պորտապար պարել:

«Հայկական պարի ժամանակ պորտապարի մեջ էիր, տղա ջան»,-զարմացավ հանձնաժողովի անդամներից մեկը: Մի ուրիշն էլ կատակեց, թե ազգային էրոտիկա էր:

28-ամյա մի դիմորդ իրավաբանական կրթությունն էր կիսատ թողել ու որոշել իրականացնել դերասան դառնալու վաղեմի երազանքը: Ընտանիք ուներ, երեխա, գիտեր, որ դերասանությամբ շատ փող չի կարող վաստակել, բայց պատրաստ էր ամեն ինչի:

Գեղարքունիքի մարզից Ադա անունով աղջիկը քաղցած «բոմժ» ներկայացրեց: Հանձնաժողովականները նրան առաջարկեցին «առանց մատանիների ու մետաղի» ներկայանալ հաջորդ քննության ու նույնը խորհուրդ տալ մյուս դիմորդներին:

Բուհի նախապատրաստական ֆակուլտետն ավարտած Սարգիս Ռուստամյանի հետ պարապել էր բուհի դասախոսներից Դավիթ Հակոբյանը: Նա հրաշալի ձայն ուներ: Սարգիսը երգեց «Լեբլեբիջիների խմբերգը»՝ Չուխաճյանի «Կարինե» օպերետից ու տպավորեց հանձնաժողովին:

Հրազդանցի Երեմ Հարությունյանը խոստովանեց, որ իր էտյուդը Ենգիբարյանին նայելով է պատրաստել: Մենախոսությունն էլ հաջող էր: Հանձնաժողովը խոստացավ՝ եթե ընդունվես, պարել էլ կսովորեցնենք:

Գոռ Արամյանը Գրիբոյեդովի «Խելքից պատուհասից» Չացկու մենախոսությունը կարդաց: Նաեւ մեքենայի մեջ դրվող շուն խաղաց, որը նույնիսկ խոսում էր հեռախոսով: Իսկ երեւակայական զույգի հետ պարելիս նա ձեռքերն այնքան լայն էր բացել, որ ռեկտորը կատակեց. «էդ ի՞նչ չաղ աղջկա հետ ես պարում»:

Մեսրոպ Ծաղիկյանը Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» գործից Թեհլերյանի մենախոսությունը կարդաց, ապա նստեց հանձնաժողովի անդամներից մեկի առաջ ու շախմատ «խաղաց», վերջում էլ «հաղթեց», սեղմեց «մրցակցի» ձեռքն ու հեռացավ:

Հանձնաժողովի անդամները լավ էին տրամադրված, ամեն ինչ անում էին, որ դիմորդները չկաշկանդվեին:

Արեւիկ անունով մի դիմորդից հետաքրքրվեցին՝ արդյոք ավարտե՞լ է թատերական ինստիտուտի նախապատրաստական կուրսը: «Ո՚չ, ես Կոմիտասի «Լոս Անջելես քաստինգս ստուդիոն» եմ հաճախել»,-պատասխանեց Արեւիկը: Կոմիտասյան «Լոս Անջելես քաստինգս ստուդիոն» աշխուժություն եւ փռթկոց առաջացրեց քննասենյակում:

Բայց ինչո՞ւ հենց Լոս Անջելես՝ զարմացավ քննողներից մեկը: «Որովհետեւ Հոլիվուդը Լոս Անջելեսում է»,- լուրջ դեմքով կատակեց հանձնաժողովի անդամներից Ռուբեն Բաբայանը:

Երբ հանձնաժողովը Վահե անունով դիմորդից հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է, տղան անկեղծորեն պատասխանեց. «Ռայկոմից, «Սթարի» հետևի շենքերից»: Տղայի միամիտ պատասխանը բնականաբար ծիծաղ առաջացրեց:

Արմեն Մազմանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ զարմացած է այս տարվա դիմորդների որակով: Նրա ձեւակերպմամբ, «Ի տարբերություն նախորդ տարիների, նորմալ պորտրետներ են, չկա ժարգոն, չկան գողականներ»:

Ժամը 13-ի դրությամբ ամենաբարձր գնահատվողը 18 միավոր էր ստացել: Հանձնաժողովը սկզբունքորեն ավելի բարձր չի նշանակում:

Հանձնաժողովի անդամների կարծիքները՝ ավելի ուշ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930