Հունիսի 20-ին Մոսկվայում կայացել է Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այս տարի փառատոնի մրցութային ֆիլմերի ժյուրին գլխավորում է իրանցի հանրահայտ ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆը: Փառատոնի բացման արարողությանը ռեժիսորը իր ոչ այնքան վարժ անգլերենով ընդգծել է ռուսական եւ սովետական կինոյի դերը համաշխարհային կինոմատոգրաֆիայի զարգացման գործում, ինչպես նաեւ նշել է, որ շատ ուրախ է հյուրընկալվել Անդրեյ Տարկովսկու հայրենիքում:
«Ես շատ բան եմ սովորել Էյզենշտեյնի ֆիլմերից, մեծացել եմ Տարկովսկու ֆիլմերի ներքո: Սովորեցրեք մեզ պոետիկ կինո նկարել այս դաժան աշխարհում, սովորեցրեք մեզ իմաստալից կինո նկարել այս անիմաստ աշխարհում»,- ասել է հայտնի իրանցի ռեժիսորը՝ ընգծելով նաեւ ռուսական գրականության ազդեցությունն իր ստեղծագործությունների ու աշխարհընկալման վրա:
Փառատոնի բացման արարողության ընթացքում ծագումով ռուս, Հունաստանում ծնված Կոստա Գավրասին (Կոնստանտին Գավրովսկի) շնորհվել է մրցանակ՝ համաշխարհային կինոմատոգրաֆիայում ունեցած մեծ դերի համար:
Նշենք, որ այս տարի հիմնական մրցույթին մասնակցում են թվով 16 ֆիլմեր, որոնցից միայն երեքն են ներկայացնում Ռուսաստանը: Փառատոնի բացման արարողությանը ներկա է եղել նաեւ հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Բրեդ Փիթը, որի ուշանալու պատճառով փառատոնի կազմակերպիչները մեկ ժամ ուշացումով են սկսել կինոփառատոնի բացման արարողությունը:
Կարդացեք նաև
Աշոտ ԱԹԱՅԱՆ