Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնի գործով վկան պաշտպանության միջոց է խնդրել

Հունիս 25,2013 14:35

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց քինք բոկսինգի աշխարհի չեմպիոն Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:Ուղիղ մեկ տարի է, այս գործով դատական նիստեր են ընթացել:Վարաժ Մանուկյանը մեղադրվում է երկու տարի առաջ սեպտեմբերի 20-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածում՝ «Ծիածան» խանութի մոտ վիճաբանության ժամանակ դանակահարելով Դավիթ Օհանյանին սպանելու համար:
Դատական նիստերի դահլիճում, բացի ամբաստանյալի հորից, որեւէ մեկը ներկա չէր:Դավթի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանը:
Այսօր մեղադրանքը պաշտպանող Հրանտ Չախոյանը միջնորդեց, որպեսզի վկաներից մեկի նկատմամբ կիրառվի պաշտպանության միջոց,քանի որ վկան հայտնել է, թե վախենում է իր կյանքի համար, խնդրել էր, որ հարցեր ուղղեն իրեն, որին կպատասխանի գրավոր:
Վկայի համար պաշտպանության միջոց կիրառելը  հայաստանյան դատարանների համար հազվադեպ երեւույթ է:Դա նշանակում է չբացահայտել վկային,նրա անունը,նրա ցուցմունքը:Դատարան ներկայացվելու  դեպքում վկային կուղեկցեն իրավապահ մարմիննները, նիստը  կլինի դռնփակ:Այս դեպքում, ողջամիտ դիտորդի համար վկայի տված ցուցմունքի արժանահավատության հարց կարող է առաջանալ:
Ամբաստանյալի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանն առարկեց, ասելով.«Ես չեմ վստահում վկայի դիմումին»:Պաշտպանը մեղադրողին նաեւ հորդորեց.«Վաղուց ժամանակն է հրաժարվել մեղադրանքից» եւ դատարանի հայեցողությանը թողեց վկայի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 10-ին:
Հիշեցնենք, որ գործում առկա է մեկ՝ Վարաժ Մանուկյանի ինքնախոստովանական ցուցմունքը:Վարաժը, որպես կասկածյալ հարցաքննվելիս, չի ունեցել պաշտպան, իսկ առկա տեսաձայնագրումից պարզվել է, որ քննչական գործողություններին մասնակցել են մի խումբ անձինք, բացի քննիչից, կասկածյալին հարցեր են տվել գործով չպարզված անձինք:
Արձանագրության մեջ չեն նշվել այն անձանց անունները, որոնք մասնակցել են հարցաքննությանը:
Բացի այդ, Վարաժ Մանուկյանը եղել է մարմնական բազմաթիվ վնասվածքներով,որոնք հասցվել են բութ , կոշտ առարկաներով:
Այս գործը հայտնի է նաեւ նրանով, որ ամբաստանյալի մոտ է հրավիրվել փաստաբան Է.Մայսուրյանը, որը հորդորել է հրաժարվել պաշտպանից:Փաստաբանների պալատը նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, իսկ նշյալ դեպքն էլ արձանագրվել է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930