Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է որդին բաց ընդունել հոր սխալները»

Հունիս 25,2013 14:40

Հարց է ուղղում 1992-1996թթ. Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ նկատելով, որ Ալիեւ կրտսերը հոր խրատներից լռելյայն հեռանալ կարողանում է։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները Էնիսկիլենում անցյալ շաբաթ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդես եկան ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ՝ «խորը ափսոսանք» հայտնելով, որ կողմերը բանակցային գործընթացում փորձում են միակողմանի առավելություններ ստանալ: «Ռազմական ուժի կիրառումը, որի արդյունքում ձեւավորվել է հակամարտության ու անկայունության ընթացիկ իրավիճակը, չի հանգուցալուծի հիմնախնդիրը: Ռազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետեւանքներ կունենա տարածաշրջանի համար եւ կհանգեցնի մարդկային զոհերի, ավերածությունների, փախստականների թվի աճի, հսկայական ֆինանսական ծախսերի: Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին կրկին անգամ վերահաստատել իրենց հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես՝ ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք»,- նշվեց հայտարարության մեջ: Ի՞նչ կարող է փոխել այս հայտարարությունը ԼՂ կարգավորման գործընթացում:

– Հազիվ թե ինչ-որ բան փոխի անմիջականորեն, կոնկրետ: Բայց կարեւոր մեսիջների կուտակում է, նույնիսկ նախազգուշացում է Բաքվում տաք գլուխների համար, որոնք դեռեւս բորբոքված երազում են ռազմական ռեւանշի մասին: Այնտեղ դժկամորեն, բայց ամեն դեպքում հասկանում են, թե դա ինչ է նշանակում: Կարեւոր է, որպեսզի դա հաշվի առնեն նաեւ ամեն տարի փոփոխվող ԵԱՀԿ ղեկավարությունները, որոնք շարունակում են ծուլորեն արձագանքել սիստեմատիկ դարձած սպառնալիքներին, որոնք հակասում են համաեվրոպական կազմակերպության հիմնարար սկզբունքներին։ ԵԱՀԿ-ի առաջնորդները արժեր, որ սկսեին մտորել անդամ պետությունների համար այն սահմանների մասին, որոնք ընտրողաբար են վերաբերվում հիմնարար սկզբունքներին, հատկապես այնպիսի էական սկզբունքների արհամարհումը, ինչպիսիք են ուժի կիրառման բացառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը: Մի՞թե դա համատեղելի է մի կազմակեպության շարքերում, որը ստեղծված է եվրոպական մայրցամաքում անվտանգության եւ համագործակցության ապահովման նպատակով:

Կարելի է հասկանալ պաշտոնական Բաքվի դժգոհությունը Ադրբեջանի Հանրապետության մի շարք շրջանների օկուպացման հետ կապված, բայց նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում հաշվի առնել, նույնիսկ արհամարհում են երկու գործոն: Առաջինը՝ ինչպե՞ս են այդ շրջանների նկատմամբ կորցրել վերահսկողությունը, եւ արդյոք պատերազմի թվերին Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության կողմից սխալ հաշվարկների արդյունք չէ՞ր դա (ռազմական գործողությունները դադարեցնելուն չհամաձայնվելը, հրադադարի խախտումները, միջնորդների խաղաղապահ նախաձեռնությունները շրջանցելը եւ այլն)։ Բաքուն համառորեն խոսում է օկուպացիայի մասին՝ դրանց պատճառներից կտրված, պարզապես արձանագրումներ է անում, թե ինչ է տեղի ունեցել, կարծես երկնքից ընկավ այդ իրավիճակը: Բայց չէ՞ որ ամեն երեւույթ ունի իր ստեղծման պատճառները: Ինչո՞ւ չեն ցանկանում ոչ մի դեպքում խորանալ այն հարցի մեջ, թե ինչո՞ւ այդպես եղավ: Ինչպես ասում են՝ երբ ինքդ «մաքուր չես»… Կարո՞ղ է որդին համարձակվել բաց ընդունել հոր սխալները: Իսկ ահա նրա խրատներից լռելյայն հեռանալ նա կարողանում է: Նա արդեն չի էլ ասում, որ հակամարտությունը պետք է կարգավորվի «բացառապես խաղաղ ճանապարհով»՝ ինչպես հայրն էր ասում, այլ՝ ճիշտ հակառակը։

Երկրորդը՝ նա հենց ինքն է երկարաձգում օկուպացիան ռազմական գործողությունները վերսկսելու իր իսկ սպառնալիքներով: Ժամանակակից աշխարհում միայն ամբարտավանությունն ու ողջամտության պակասը կարող են դրդել հասնելու տարածքների ազատագրման՝ ուժի եւ սպառնալիքի միջոցով: Մի՞թե պարզ չէ, որ սպառնալիքի տարափի ներքո հակառակորդ կողմն էլ ավելի է հենվելու ռազմական առումով ձեռնտու, վաղուց ամրացած եւ հեռացած՝ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումներից:

– Հայտնի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հունիսի վերջին պետք է հանդիպեն՝ քննարկելու Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպման նախապատրաստության հետ կապված հարցեր: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը վերջերս ասել էր, որ ԱԳ նախարարներ Մամեդյարովին, ապա Նալբանդյանին Վաշինգտոնում ընդունած պետքարտուղար Ջոն Քերին փորձում է որոշակի տեղաշարժ ապահովել ԼՂ խնդրում եւ գործընթացը շարժել մեռյալ կետից։ Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ Ձեր կարծիքով՝ հնարավոր կլինի՞ կարգավորման գործընթացը մեռյալ կետից տեղաշարժել, թե՞ դա կլինի նախագահների հերթական հանդիպում:

– Նախընտրական իրավիճակը առավել բարդացնում է, քան թեթեւացնում փոխզիջումների գնալու ճանապարհը:

– Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից առաջ ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ կարգավորման հարցում պետք է քայլեր ձեռնարկեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ տարածաշրջանի մյուս երկրները: «Ծայրահեղ կարեւոր է, որ բոլոր կողմերը փորձեն ճանապարհ գտնել փակուղուց դուրս գալու համար, որն այս հակամարտությունը պահում է մշտապես սրված եւ հնարավոր վտանգներով լի վիճակում»,- հայտարարել է նա՝ հատուկ ընդգծելով, որ բոլոր կողմեր ասելով նկատի ունի ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին: Կարելի՞ է Թուրքիային, ՌԴ-ին, Իրանին համարել ԼՂ կարգավորմամբ շահագրգիռ առանձին կողմեր, եւ եթե դա այդպես է՝ ի՞նչ դեր են նրանք խաղացել կարգավորման գործընթացում, հատկապես՝ Ռուսաստանն ու Թուրքիան: 

– «Կողմեր» հասկացությունը չափազանց լայն հասկացություն է: Հակամարտությունների դեպքում առավել գործածում են «հակամարտության կողմ» կամ «կողմ՝ հակամարտության մեջ», կամ էլ՝ «հակամարտող կողմ» ձեւակերպումները: «Շահագրգիռ կողմ» տերմինը հստակ չէ՝ դա կարող է լինել կողմը, որը ուղիղ հետաքրքրություններ ունի հենց կոնֆլիկտում (հակամարտող կողմից ցածր), բայցեւ կարող է լինել պետություն՝ արտաքնապես հակամարտությանը ուղիղ առնչություն չունեցող, բայց այդ հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ:

Ռուսաստանն անկասկած հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ՝ բոլոր կողմերի օրինական իրավունքների եւ հետաքրքրությունների համաձայն: Որոշակի շահեր ունեն հարեւան Իրանն ու Թուրքիան, բայց տարբեր հետաքրքրություններ, ասենք՝ յուրօրինակ, դրանք անհամեմատելի են Ռուսաստանի ակնհայտ հետաքրքրությունների հետ: Մոսկվան վաղուց է ապացուցել գործնականում իր շահագրգռվածությունը կարգավորման ձեռքբերումներում՝ բոլոր կողմերին զինադադարի բերելով, որն արդեն 19 տարեկան է (հայերի եւ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել այդ ընթացքում լարված մթնոլորտում, բայց այնուամենայնիվ՝ առանց արյունահեղության): Տարօրինակ է, որ Քերին չի հիշատակել Միացյալ Նահանգներին, որն ամենուր իր շահերի մասին է հայտարարում աշխարհով մեկ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գոնե մոտավոր հասկանալի է հարևան եկրների տեսակետները ԼՂ-ի լուծման հարցում: Անհասկանալի
    է այսօրվա իշխող վարչախմբի տեսակետը, կամ իրենց առաջնորդի խոսքերով ասած,՝ ,,ԼՂ-ի հարցը
    դրական լուծվի, որ ի՞նչ անի,,: Քանի որ, եթե այսօր հազարավոր Սիրիահայ ընտանիքներ իրենց դաժան ճակատագրի բերումով հայտնվել են իրենց պապեկան հայրենիքում, հասկանալի պատճառով՝
    առանց չնչին միջոցների և օգնության ,,սուտ խոստումներից բացի,, ապա, ո՞ր դեպքում կարող ենք
    ԼՂ-ը վերաբնակեցնել, երբ մեր ազգակիցների 90%-ից ավելին սպասում է Հայաստանի քաղաքացու
    անձնագիր ստանա՝, միայն այլ երկրներում ապաստան ստանալու համար: Երբ երկիրը դատարկվում է
    առանց պատերազմի, կամ որևէ՝ տարերային աղետի: Երբ երկրի իշխանությունները բացահայտ,
    առանց խղճի ու ամոթի եկեղեցականների հետ միասին երկիրը թալանում են, թողնելով գալիք սերնդին միայն ահռելի պարտքեր, աղետալի տնտեսական պայմաններում, երբ վարչապետի խոսքերով, այսօր արդեն յուրաքանչյուր աշխարողին,՝ մեկական թոշակառու է հասնում: Իսկ 10-20
    տարի հետո այն կարող է կրկնապատկվել, քանի որ աղքատուտյունը կբերի նոր արտագաղթ:
    Ո՞վ պետք է ազգի մասին մտածի, երբ կան ընդհամենը մատերի վրա հաշված մտավորականներ, ովքեր մտահոգված են, ազգի կողմից գրե թե մոռացված, չունենալով լայն կապ հասարակությահ հետ:
    Իսկ ազգի, հասարակության, ժողովրդի մեծ մասը, փետրվարի 18-ի և մարտի 5-ի իր ,,արդար,, գործարքի արդյունքում, երբ իրեն 5-10 հազար դրամով վաճառելով թաղի խուժանին, ձեռք բերեց
    մի կապիտալ, որով այսօր կարող է հանգիստ սրտով հոգալ ծիրանի պահածոյավորմանը, քանի, որ այս տարի 50 դրամի փոխարեն, գինը իջել է չսպասված 150-ով, և իր գոհունակուտյունը հայտել
    թաղի խուժանին, իսկ թաղի խուժանն էլ երկրի ու քաղաքի խուժանին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930