Ասում է ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը՝ անդրադառնալով քաղաքացի Ամալյա Նազարեթյանի՝ հոգեբուժարան տեղափոխվելու միջադեպին
«Զանգվածային որոշ լրատվամիջոցներ եւ քաղաքացիական ակտիվիստներ իմ անվան հետ են կապում Կոմիտաս փ. 56 շենքի 115 բն. բնակվող տիկին Ամալյա Նազարեթյանին առնչվող խնդիրները, ընդհուպ մինչեւ նրան հոգեբուժարան տեղափոխելը եւ այնտեղ մի քանի օր պահելը: Տեւական ժամանակ չէի ցանկանում արձագանքել անհիմն եւ տրամաբանությունից դուրս մեղադրանքներին, բայց քանի որ ինչ-որ անձինք մամուլում եւ սոցիալական ցանցերում փորձում են զրպարտել արդեն ընտանիքիս անդամներին, ստիպված եմ որոշ պարզաբանումներ տալ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:
Պարոն Մխիթարյանը, անդրադառնալով քաղաքացի Ամալյա Նազարեթյանի՝ հոգեբուժարան տեղափոխվելու միջադեպին, ասաց. «Չեմ հանդիսացել ու չեմ հանդիսանում «Իդեալ» խանութների ցանցի սեփականատերը: «Իդեալ» համակարգը ընդամենը վարձակալում է Կոմիտաս 56 հասցեում գտնվող տարածքը, վարձատու կազմակերպության բաժնետեր եմ հանդիսանում նաեւ ես: Ուստի չեմ կարող լինել «Իդեալ» համակարգի եւ որեւէ քաղաքացու միջեւ ծագած վեճերի մասնակից: Իսկ Ա. Նազարեթյանը խոստովանել է, որ թշնամի է դարձել «Իդեալ» խանութի աշխատակիցների հետ իրեն իբր անորակ ապրանք վաճառելուց հետո: Ինչքանով տեղյակ եմ եւ ես, եւ այդ շենքի բնակիչները, «Իդեալ» խանութի աշխատակիցները տարիներ շարունակ բողոքել են իրավապահ մարմիններին այդ տիկնոջից, որը պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծել խանութում»: Ա. Մխիթարյանի խոսքերով՝ ինքը Ամալյա Նազարեթյանի հետ անձամբ որեւէ շփում երբեւէ չի ունեցել. «Տարիներ առաջ լսել եմ տիկին Նազարեթյանի բողոքի մասին, որ «Իդեալ» խանութում տեղադրված օդորակիչի ձայնից փչացել է նրա բնակարանի հեռուստացույցը: Հասկանալով վերոնշյալ մեղադրանքի անհեթեթությունը, պատասխանատվություն չկրելով խանութի, այդ թվում՝ օդորակիչի աշխատանքի համար, բայց հաշվի առնելով միայնակ տիկնոջ պատկառելի տարիքը՝ վարձատու կազմակերպությունը եւ «Կոմիտաս» սրճարանի տնօրինությունը, որի տնօրենը հանդիսանում է եղբայրս՝ Անդրանիկ Մխիթարյանը, որի անունը նույնպես շահարկվել է նշյալ պատմության մեջ, տիկնոջն առաջարկել են նոր հեռուստացույց: Սակայն տիկին Նազարեթյանը մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով, որ նոր հեռուստացույցի ճառագայթումով եւ նրա մեջ տեղադրված պայթուցիկ սարքով ցանկանում են վնաս հասցնել իր առողջությանը»:
Պարոն Մխիթարյանը վստահեցնում է, որ որեւէ առնչություն չի ունեցել Ա. Նազարեթյանին՝ հոգեբուժարան տեղափոխվելու հետ. «Այն մարդիկ, ովքեր ենթադրում են, որ ես կարող եմ քաղաքացուն հոգեբուժարան ուղարկել եւ այնտեղ բռնի կերպով պահել, որոշ խնդիրներ ունեն տրամաբանության հետ: Աղոտ պատկերացում ունեն իրական կյանքի մասին եւ չեն ճանաչում ինձ»:
Կարդացեք նաև
Նշենք, որ տիկնոջ՝ հարկադիր կերպով հոգեբուժարան տեղափոխվելուց հետո ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով, որը ուսումնասիրություն կատարելուց հետո Ամալյա Նազարեթյանի առողջական վիճակի հետ կապված հանդես էր եկել հայտարարությամբ: Հանձնաժողովը եզրակացրել էր, որ կինն իսկապես խնդիրներ ունի եւ կարիք ունի հիվանդանոցային բուժման. «Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տեւական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո»,- ասվում էր նախարարության հայտարարության մեջ։
Ա. Մխիթարյանի խոսքերով. «Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ 1998թ.-ից, ու երբեւէ բողոքներ չեն եղել ընտրատարածքի բնակիչներից այն մասին, որ որեւէ քաղաքացու իրավունք ոտնահարել եմ, նրան անհարգալից եմ վերաբերվել, չեմ հասել օգնության, եթե եղել է դրա անհրաժեշտությունը:
Ուստի կառաջարկեի լրատվական դաշտի որոշ ներկայացուցիչներին եւ քաղաքացիների իրավունքներով մտահոգված ակտիվիստներին ավելի ուշադիր ու անկողմնակալ լինել ցանկացած խնդիր բարձրացնելիս: Կխնդրեի նաեւ ինչ-ինչ նպատակների հասնելու համար իմ անձը շահարկման առարկա չդարձնել»:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ