Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվեց նախկին ամուսիններ Հրաչյա Մխեյանի եւ Հասմիկ Մխեյանի գործը: Հրաչյան հայցադիմում էր ներկայացրել՝ բնակարանը, որը Հրաչյան եւ Հասմիկը ձեռք են բերել 1995 թվականին, հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարը կողմերի միջեւ բաժանելու պայմանի մասին: Գործում առկա փաստերը հայցվոր Հրաչյայի կողմից որպես ներկայացուցիչ՝ ներկայացրեց փաստաբան Համլետ Ստեփանյանը, իսկ պատասխանող կողմ՝ Հասմիկի գործը ներկայացնում էր Մարո Խաչատուրյանը: Դատական նիստը նախագահում էր դատավոր Նաիրա Հովսեփյանը: Ուսումնասիրելով գործում առկա փաստերը՝ Նաիրա Հովսեփյանը բավարարել էր հայցվոր Հրաչյա Մխեյանի պահանջը եւ վճիռը կայացրել Հրաչյայի օգտին: Ուշագրավ է, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը կատարել է օրենքի կոպիտ խախտում, որն ապացուցվել է Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, որտեղ բողոք էր ներկայացրել Հասմիկ Մխեյանը: Հասմիկի՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում որպես ներկայացուցիչ, փաստաբան Մարո Խաչատուրյանը վերաքննիչ դատարանում ներկայացրեց առաջին ատյանի դատարանում դատավոր Նաիրա Հովսեփյանի՝ օրենքի կոպիտ խախտումները: Խնդիրն այն է, որ Նաիրա Հովսեփյանը գտել է, որ բազմաբնակարան շենքի գույքը հնարավոր չէ կիսման եւ այդ իսկ պատճառով կայացրել է որոշում, որ այն պետք է հրապարակային սակարկություններով վաճառվի: Նախ՝ հայցվոր Հրաչյան առաջին հերթին պարտավոր էր պահանջ ներկայացնել բաժնային սեփականություն հանդիսացող գույքից իր բաժինն առանձնացնելու մասին եւ համապատասխան թույլատրելի եւ վերաբերելի ապացույցներով (շինարարատեխնիկական փորձագետի եզրակացությամբ) հիմնավորում, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի 40/1 շենքի թիվ 25 բնակարանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, որը չի կատարել: Բացի դա՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին այդօրինակ ապացույց չի պահանջել եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ իր նախաձեռնությամբ այդ՝ վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հարցը պարզելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել, հաստատելով գույքից բաժնեմասի առանձնացման անհնարինության փաստը՝ սեփական եզրահանգման հիման վրա, որի իրավասությամբ օժտված չէր: Քանի որ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու անձի իրավունքը ծագում է միայն բաժնի բնեղենով առանձնացման անհնարինությունը պարզելուց հետո, որը, ինչպես վերը նշվեց, չի կատարվել, այդ իսկ պատճառով վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը չպետք է կայացներ այդօրինակ վճիռ, եւ գործը ետ է ուղարկվել Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այդ մասով փաստաբան Մարո Խաչատուրյանը տեղեկացրեց, որ գործը բողոքարկելու է Հայաստանի վճռաբեկ դատարանում, քանի որ գտել է՝ գործը վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից պետք է բավարարվեր ոչ թե մասնակի, այլ ամբողջական: Մարո Խաչատուրյանը պատրաստվում է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ, ով նույնացվելով փորձագետին՝ ինքն է որոշել՝ տվյալ բնակարանը հնարավոր է առանձնացնել, թե ոչ: «Սույն գործով դատարան հայցապահանջ էր ներկայացվել գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու մասին: Օրենքի պահանջն է, որ պետք է ապացուցված լինի այդ գույքի առանձնացման անհնարինությունը, ինչը հնարավոր է միայն նույնանուն պահանջի ներկայացման եւ համապատասխան փորձագիտական եզրակացության առկայության դեպքում: Դատավոր Նաիրա Հովսեփյանը նույնացվելով փորձագետի հետ, ինքն է որոշել, թե տվյալ բնակարանը հնարավոր է առանձնացնել, թե ոչ: Ընդ որում՝ հիմք էր դրել վտանգավոր նախադեպի, քանի որ նշել էր. «Բնակարանը գտնվում է բազմաբնակարան շենքում, մեկ խոհանոցի, մեկ սանհանգույցի պայմաններում հնարավոր չէ առանձնացնել»: Այսինքն, դատավորը վտանգավոր միտք է արտահայտել, քանի որ օրենքով չկա սահմանափակում բազմաբնակարան շենքի բնակարանների համար, ուստի անշարժ գույքի բոլոր տեսակների համար գործում են առանձնացման անհնարինության ապացուցման միեւնույն կանոնները: Նպատակադրվել եմ դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար միջնորդեմ հանձնաժողովին՝ դիմել Արդարադատության խորհուրդ: Սակայն, ինչպես հայտնի է, Արդարադատության խորհուրդը, հիմնականում բաղկացած լինելով դատավորներից, հազվադեպ է հարուցում կարգապահական վարույթ»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Մարո Խաչատուրյանը:
Թե ի՞նչ կվճռի Արդարադատության խորհուրդը դատավոր Նաիրա Հովսեփյանի՝ օրենքի կոպիտ խախտման եւ փաստաբան Մարո Խաչատուրյանի միջնորդության՝ Նաիրա Հովսեփյանին կարգապահական վարույթ հարուցելու մասով եւ թե արդյոք կառանձնացվի՞ ամուսինների երկու սենյականոց բնակարանը, որի սեփականատերն է Հասմիկ Մխեյանը՝ այդ մասին կանդրադառնանք «Առավոտի» հետագա համարում:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Այստեղ հարց է ծագում , թե որոնք են նման կոպիտ խախտումներ կատարելու պատճառները: Իսկ գուցե դրանք դրդապատճառներ են և արժանի են ուշադրության կոռուպցիայի դեմ ուղղված պայքարն իրականացնող մարմինների կողմից: Կարծում եմ, երբ խոսքը գնում է դատավարական կոպիտ խախտումների մասին, միշտ էլ ծագում է ողջամիտ կասկած դատավորի անաչառության մասին: