Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Գյումրեցին գիտակցում է, թե ինչ պատվի է արժանացել»

Հունիս 25,2013 14:20

Չինովնիկի երդումն ու կոմպոզիտորի երգը

Գյումրիի Վարդանանց հրապարակում հունիսի 30-ին կտրվի «Գյումրին 2013թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքի մեկնարկը: Ընդ որում՝ ԱՊՀ երկրներից առաջինը Գյումրին է արժանանում  նման պատվի:

«Առավոտը» կապվեց  Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ եւ Գյումրիի պատվավոր քաղաքացի Հասմիկ Կիրակոսյանի հետ, ով հանդիսավոր բացման սցենարի հեղինակն է:

Հարցին, թե դժվար չէ՞ ամբողջ բեռի ծանրությունը վերցնել ու միայնակ այն տանել, տիկին  Կիրակոսյանը հիշեցրեց, թե ինքը 37 տարի տարել է մշակութային դժվարությունները, սակայն սցենարի հարցում մենակ չէ: Մեր զրուցակցի խոսքերով՝ քաղաքապետն ու անձնակազմը գիշեր ու զօր քուն չունեն… Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները:  Հետո էլ ասաց, որ թեեւ այս պահին հեռախոսով խոսում է մեզ հետ, սակայն մտքի մեջ կրկնում է բացման արարողության ժամանակ իր խոսքը, որ կարծես երդում լինի. «Մտածում եմ, որ ձեռքս թաթխեմ Արփաչայի ջրերում, աչքս հառեմ ձյունածածկ Ալագյազին, լաց լինեմ Իսահակյանի մանիներով, ծունկի չոքեմ Շիրազի սրբացված մոր առջեւ, Ֆրունզիկի տխուր աչքերով ուրախ երգ երգեմ Գյումրիիս համար, մեծն Թումանյանից ներողամտություն խնդրեմ, որ Անուշի հյուսքերը տիգրանյանական նոտաներով պիտի հյուսեմ եւ, վերջապես, հոգիս վրձնեմ Մինասի որդան կարմիրով, աչքերս էլ փակեմ՝ աշխարհը շաղախեմ Շերամի սիրով ու բարձրաձայնեմ՝ սիրում եմ քեզ, Գյումրի: Եվ ցանկությունս է՝ աշխարհն էլ սիրի քեզ, քանզի վերքերիդ վերջնական բուժման համար սեր է պետք»: Տիկին Կիրակոսյանը հատուկ շեշտեց, որ բացման արարողությունը կուղեկցվի Շիրազի եւ  Վլադիլեն Բալյանի «Գյումրի- Լենինական» երգով, նշելով, որ հետագայում քաղաքապետը ցանկություն ունի հանրաքվեի միջոցով այդ երգը ընտրել որպես հիմն:

Հարցին, թե ինչո՞ւ «Գյումրին 2013թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք»  միջոցառումների մեկնարկը հունիսի 2-ից տեղափոխվեց ամսվա վերջ, տիկին Կիրակոսյանը պատճառաբանեց բնության կամակորությամբ, ավելի ստույգ՝ հորդառատ տեղումների պատճառով:

Մեր զրուցակիցը փաստեց նաեւ, որ կայանալիք միջոցառումների համար «հող» է նախապատրաստել կամ գովազդել է այս գարնանը Գյումրիում ավանդաբար անցկացվող «Վերածնունդ» միջազգային փառատոնը, հավելելով. «Փառատոնին մասնակցեց արտերկրից ժամանած շուրջ 3000 երաժիշտ՝ իրենց ուսուցիչներով…, հետո էլ նրանք վերադարձան իրենց տներն ու, բնականաբար, կարծիքներով կիսվեցին մտերիմների, բարեկամների, իրենց շրջապատի հետ. սրանից լավ գովա՞զդ… Գարնանը Գյումրին հյուրընկալել էր ԱՊՀ երկրներից գրողների  եւ այլն»:

Տիկին Կիրակոսյանը հայտնեց, որ Գյումրին դիմավորում է հյուրերին եւ ոչ միայն ԱՊՀ երկրներից. միջոցառումներին կմասնակցեն նաեւ պատվիրակություններ Հնդկաստանից, Չինաստանից, Լեհաստանից եւ այլ երկրներից:

Խնդրեցինք ուրվագծել կայանալիք միջոցառումների համառոտ նկարագիրը: «Միջոցառումների շրջանակներում կանցկացվեն հացի տոն, քանդակի սիմպոզիում, արհեստների ցուցադրում, աշուղական երգի փառատոն, կարճ ասած՝ այն ամենը, ինչը մշտապես համով ներկայացրել է գյումրեցին: Իսկ միջոցառումները կփակվեն Վլադիմիր Սպիվակովի ու իր նվագախմբի շքեղ համերգով»,- ասաց Հասմիկ Կիրակոսյանը:

Կապվեցինք նաեւ  առայժմ Գյումրիի ոչ պաշտոնական հիմնի հեղինակ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հետ: Հարցին, թե Գյումրին իբրեւ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելը ի՞նչ կտա ՝ թե Գյումրիին եւ թե Հայաստանին ընդհանրապես եւ արդյո՞ք դա հերթական միջոցառում չէ,  կոմպոզիտորը պատասխանեց «Գյումրի-Լենինական» երգի շիրազյան տողերով. «Հայաստանի աղն ես, Գյումրի…»,  ամեն ինչ ասվում է այդ մեկ բանաստեղծության մեջ: Գյումրեցին գիտակցում է, թե ինչ պատվի է արժանացել  «մշակութային մայրաքաղաքի» հռչակման առիթով: Միայն  երնեկ գա այն օրը, որ վերջնականապես բուժված տեսնեմ գյումրեցու վերքերը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930