Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հին կրթօջախի նոր ձեռքբերումները

Հունիս 25,2013 14:15

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը շարունակում է պահպանել գեղեցիկ ավանդույթները: Դրանցից մեկը դիպլոմային աշխատանքների պաշտպանության կարգն է, որ վերածվում է արվեստի տոնի:

Այս տարի քոլեջն ավարտեց 146 շրջանավարտ, որոնցից 21-ը՝ գերազանցությամբ: Նրանցից շատերը կշարունակեն իրենց ուսումը բուհերում, մյուս մասը կաշխատեն՝ զինված այստեղ ձեռք բերված գիտելիքներով եւ գեղարվեստական փորձով: Դիզայնի 3, գեղանկարչության 2 եւ 1-ական քանդակի ու զարդակիրառական արվեստի բաժինների շրջանավարտները հունիսի 15-19-ը պաշտպանեցին իրենց դիպլոմային աշխատանքները:

Թերլեմեզյանցիները ներկայացրել էին ուշագրավ  նմուշներ, ընդ որում՝ ոչ միայն գեղանկարչության եւ քանդակի, այլեւ դիզայնի բաժիններում: Յուրաքանչյուր աշխատանք մանրամասն ներկայացվում էր նախ շրջանավարտի եւ գեղարվեստական ղեկավարի, ապա նաեւ ընդդիմախոսների կողմից: Իսկ արվեստաբան Ելենա Մովսեսյանն ու Գայանե Ավետիսյանն աշխատանքներն այնքան թարմ ու հետաքրքիր էին մատուցում եւ մեկնաբանում, որ շրջանավարտներն իրենց կողքից դիտելու եւ նոր մեկնարկից սկսելու հրաշալի առիթ ստացան: Ինչ  վերաբերում է գեղարվեստական խորհրդի վերաբերմունքին եւ գնահատմանը, ուղղակի պրոֆեսիոնալ խստապահանջության եւ մարդկային ջերմության համադրում էր:

Ներկաների բարձր գնահատականին արժանացան բազմաթիվ գործեր, սակայն արժե առանձնացնել հատկապես գեղանկարչության բաժնի մի քանի գործեր, այդ թվում՝ Արման Հայրապետյանի, Զարուհի Հակոբյանի, Արուս Հակոբյանի, Իզաբելա  Քեյանի (ղեկավար՝ Դավիթ Խաչատրյան) գործերը: Հատուկ հարգանքի է արժանի դիզայնի բաժնի ղեկավարների՝ Վարդանուշ եւ Սուսաննա Ղազարյանների եւ Սվետլանա Սարգսյանի բացառիկ նվիրումը. նրանց սաները ստեղծել էին մեկը մյուսից ինքնատիպ աշխատանքներ: Եվ գեղանկարչության, եւ դիզայնի, եւ քանդակի (ղեկավար՝ Իսակ Ապրեսյան) բաժիններում լիովին ներկայացված էր ավանդական հայկական թեմատիկան՝ մանրանկարչությունից եւ հայկական զարդանախշերով գոբելենից մինչեւ պատմական եւ արդի կերպարներ: Դիզայնի բաժինների աղջիկները բատիկներից, կերամիկական պատկերազարդված իրերից, պաննոներից եւ գոբելեններից զատ՝ հագուստի եւ ազգային տարազների պարզապես փայլուն նմուշներ ցուցադրեցին. որոնցից որոշները, թերեւս, արժանի են մեծ բեմերից ցուցադրվելու: Մասնավորապես՝ Շուշաննա Ազարյանի «Հին Միջագետք» եւ Նելլի Ումրոյանի «Ժաննա դ՛Արկ»  հավաքածուները:

Քոլեջի ղեկավարությունը եւ անձամբ տնօրեն Աննա Մնացականյանը հոգացել էին, որ օրը հիշարժան լինի բոլորի համար:

Այս օրերը նշանավորվել են նաեւ մեկ այլ իրադարձությամբ. բացվեց Թերլեմեզյանի սան, նկարիչ-քանդակագործ եւ ազատամարտիկ Արթուր Ղարիբյանի անվան քանդակի արվեստանոց-լսարանը: Հուշաքարի հեղինակը կրթօջախի շրջանավարտ Նորայր Հայրապետյանն է: Հանդիսությանը ներկա էին դաշնակցական հերոսի մայրը՝ Գոհար մայրիկը եւ մարտական ընկերները:

Քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը հուզմունքով նշեց, որ իրականացան լուսահոգի Նարեկ Առուշանյանի երազանքներից երկուսը՝ Արթուրի անվան լսարանի բացումը եւ արեւի ժամացույցի տեղադրումը բակում:

ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930