Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոց vs. Աբեղեան

Հունիս 25,2013 14:10

Շատերն են ինձ հարցնում՝ ի՞նչ ուղղագրութեամբ եմ գրում. արեւմտահայերէ՞ն, գրաբա՞ր: Այս տողերը գրելու առիթը Թարգմանչաց տօնն էր, որ նշեցինք մի քանի օր առաջ: Ե դարում Սահակ Պարթեւ կաթողիկոսի եւ Մեսրոպ Մաշտոց վարդապետի անմիջական ջանքերով ստեղծուեցին հայոց անմահ գրերը՝ 36 տառ: Այս երկու մեծանուն այրերը ոչ միայն հայոց գրերը յօրինեցին, այլեւ (որ պակաս կարեւոր չէ) հաստատեցին հայոց լեզուի ուղղագրութիւնը: Այս ուղղագրութիւնը,  որ տեսնում էք այժմ, կիրառւում էր թէԲ արեւմտահայերի եւ թէԲ արեւելահայերի կողմից: Այդպէս շարունակուեց մինչեւ 1922 թուականը, երբ բոլշեւիկեան վարչակարգը հրաման իջեցրեց «բարեփոխել» հայոց 1500-ամեայ ուղղագրութիւնը: Հրամանն ի կատար ածուեց, եւ շուտով հայոց այբուբենից դուրս շպրտուեցին Օօ, Էէ, Ււ տառերը իբրեւ թէ ուղղագրութիւնը պարզեցնելու նպատակով: Գրականագէտ Մանուկ Աբեղեանի եւ նրա գործընկերների այդօրինակ վայրագութիւնն այն աստիճան անընդունելի էր, որ իրավիճակը փոքր-ինչ մեղմելու համար ստիպուած եղան 18 տարի անց (1940 թուականին) կատարել երկրորդ «բարեփոխումը»՝ մասնակիօրէն վերադառնալով աւանդական, դասական ուղղագրութեանը: Ուղղագրական երկրորդ «ռեֆորմի» արդիւնքում այբուբեն վերադարձուեցին Օօ, Էէ տառերը, իսկ Ււ (վիւն, թուային արժէքը՝ 7000) տառն այդպէս էլ դուրս շպրտուեց մաշտոցեան այբուբենից: Ի վերջոյ հաստատուեց մի ուղղագրութիւն,  որ կիրառւում է մինչ օրս Հայաստանի Հանրապետութիւնում: Բարեբախտաբար մեր ժողովրդի միւս հատուածները (արեւմտահայեր, պարսկահայեր), որոնք բոլշեւիկեան լծի տակ չէին, շարունակեցին եւ ցայսօր էլ շարունակում են կիրառել այն ուղղագրութիւնը, որով այժմ ես եմ գրում, եւ որը սուրբ Մեսրոպ Մաշտոցը սահմանել էր դեռեւս 5-րդ դարում: Վերադառնանք այն հարցին, թէ արդեօ՞ք այն, ինչ գրում եմ, արեւմտահայերէն է կամ գրաբար: Ո՛չ, ո՛չ եւ երիցս Ո՛Չ: Այն, ինչ հիմա կարդում էք, արեւելահայերէն է, եւ սա աներկբայ է: Ուստի բնաւ հարկ չկայ շահարկելու այն տեսակէտը, թէ դասական ուղղագրութեանն անցնելով՝ փորձ է արւում անցնել գրաբարին կամ արեւմտահայերէնին: Սա կատարեալ մոլորութիւն է: Փորձենք հակիրճ անդրադառնալ այս նրբութիւններին՝ վեր հանելով տարբերութիւնները: Բոլոր լեզուներն  իրենց պատմական զարգացման ընթացքում թեւակոխում են որոշակի փուլեր: Լեզուների այս յատկութիւնը միանգամայն բնական է, քանզի լեզուն կենդանի օրգանիզմ է եւ ժամանակի հետ էլ ենթարկւում է փոփոխութիւնների: Այդպէս էր հայերէնի դէպքում (գրաբար->միջին հայերէն->աշխարհաբար՝ իր երկու հաւասարազօր ճիւղերով՝ արեւելահայերէն եւ արեւմտահայերէն), յունարէնի, եբրայերէնի, ռուսերէնի եւ միւս բոլոր լեզուների դէպքում: ԲԱՅՑ: Կայ մի մեծ բայց: Որքան էլ լեզուները փոխուեն, զարգանան, ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՉՊԷՏՔ Է ՓՈԽԵԼ: Ուրեմն  յստակ պէտք է տարանջատել ԳՐԱԲԱՐ, ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ հասկացութիւնները ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ հասկացութիւնից: Չենք կարող տանձը համեմատել խնձորի հետ: Դասական (կամ մաշտոցեան, կամ հայկազեան) ուղղագրութիւնը եղել է թէԲ գրաբարի, թէԲ միջին հայերէնի եւ թէԲ աշխարհաբարի (արեւմտահայերէն ու արեւելահայերէն) ուղղագրութիւնը: Ուստի կրկին մոլորութիւն է, երբ մարդիկ պնդում են, թէ լեզուի փոփոխութեանը զուգահեռ պէտք է փոխել նաեւ ուղղագրութիւնը: Ուղղագրութեան փոփոխութիւնն անխուսափելիօրէն յանգեցնում է տուեալ լեզուի բառարմատների խեղաթիւրման, ինչպէս նաեւ կտրւում է կապը նախնիների գրաւոր ժառանգութեան հետ: Անշուշտ բոլշեւիկեան «ռեֆորմը» միմիայն շահադիտական, քաղաքական նպատակներ էր հետապնդում: Ստեղծելով տարբեր ուղղագրութիւն՝ փորձ էր արւում հեռացնել հայաստանցիներին իրենց արեւմտահայ եւ պարսկահայ ազգակիցներից, ինչպէս նաեւ խզել կապը մեր պատմական ժառանգութեան հետ: Յաջորդ փուլում ծրագրուած էր անցում կատարել լատինատառ այբուբենի, քանզի ինչպէս թունդ կոմունիստ Պօղոս Մակինցեանն էր բարբաջում. «Սահակ-մեսրոպեան անկիւնաւոր տգեղ տառերը վնասակար են տեսողութեան համար, եւ օր առաջ պէտք է ազատուել դրանցից»:

Արդեօ՞ք գիտականօրէն արդարացուած էին նման փոփոխութիւնները: Բնականաբար՝ Ո՛Չ: Համեմատենք իրավիճակը միւս լեզուներում՝ յունարէն, ֆրանսերէն, եբրայերէն, արաբերէն, անգլերէն եւ այլն: Որեւէ ֆրանսիացու մտքով այսօր չի անցնում «պարզեցնել» ֆրանսերէնի ուղղագրութիւնը: Նրանք շարունակում են 1-4 տառ գրել  միայն «օ» հնչիւնի համար՝ o, au, ot, eau, aud, aut, aux, eaux, ault, eot եւ այլն, թէեւ կարող էին «պարզեցնել» եւ գրել Pol (Պօղոս), O (ջուր), Bordo (բ-օ-ր-դ-օ), Reno (ռ-է-ն-օ), Pego (պ-է-ժ-օ) եւ այլն: Այն, որ ֆրանսերէնում շատ բառերի վերջին տառ(եր)ը չեն արտասանւում (salut, vous, Margot, Richard) միանգամայն բնական է: Ժամանակին դրանք արտասանուել են, ուստի անպայման պէտք է գրել նաեւ չարտասանուող տառերը: Սա շատ տարածուած է նաեւ եբրայերէնում, արաբերէնում. այս լեզուներում բառի վերջում գրուող Հ տառը չի արտասանւում (օրինակ, մինչեւ հիմա էլ անգլերէնում գրում են Sarah ձեւով): Նոյն օրինաչափութիւնը գործում է հայերէնում դասական ուղղագրութեամբ գրելիս (արքաՅ, վկաՅ, ապագաՅ եւ այլն): Թէեւ այդ Յ-ն չենք արտասանում, բայց պարտաւոր ենք գրել, աւելին, այդ Յ-ն գրում ենք հոլովելիս՝ արքաՅի, վկաՅութիւն, ապագաՅում եւ այլն: Արդի եբրայերէնը երկու հաւասարազօր տառ ունի Ա, Ի, ՈՒ, Է, Օ ձայնաւորների, ինչպէս նաեւ Խ, Վ, Տ, Կ, Ս բաղաձայնների համար: Պատկերացնո՞ւմ էք՝ հրեաներին առաջարկեն իրենց այբուբենից հանել երկուսից մէկը եւ գրել պարզեցուած տարբերակով: Նրանց համար ամէն մի տառ այնքան սուրբ է (բառիս բուն իմաստով, որովհետեւ Աստուածաշնչի լեզուն է), որ իմաստ էլ չունի նրանց հետ զրուցել՝ եբրայերէնի այբուբենը «խմբագրելու» թեմայով: Նոյն իրավիճակն է արաբերէնում, պարսկերէնում, երբ մի հնչիւնի համար (օրինակ՝ Տ, Զ, Դ, Հ, Ս եւ այլն) կիրառում են 3-4 տարբեր տառեր: Նրանց մտքով եւս չի անցնում հեռացնել «աւելորդ» տառերը եւ թողնել մէկը: Ինչո՞ւ: Պատասխանը յստակ է: Թէեւ այսօր այդ տառերը նոյն կերպ են արտասանւում, սակայն նախկինում տարբեր են եղել, իսկ դա նշանակում է, որ այդ տառերով կազմուած բառերն էլ, բնականաբար, տարբեր ծագման են կամ, ինչպէս ասում են, տարբեր արմատներ են: Նոյնացնելով դրանք՝ կորցնում ենք արմատական բառեր, ինչպէս եղաւ հայերէնի պարագայում: Դասական ուղղագրութեամբ ունենք (կաթի) ՍԷՐ եւ ՍԵՐ (որպէս զգացմունք), իսկ աբեղեանական ուղղագրութեամբ ունենք միայն ՍԵՐ արմատը: ՍԷՐ արմատը կորցրեցինք:

Խեղագրութեան մէկ այլ օրինակ. քնքշօրեն, փաստօրէն, եւ միւս -օրէնները աբեղեանական ուղղագրութեամբ գրւում են «քնքշորեն, փաստորեն»: Մինչդեռ սա հայերէնի ՕՐԷՆ(Ք) արմատն է: Ասել է, թէ «քնքշութեան ՕՐԷՆՔՈՎ» կամ «փաստերի ՕՐԷՆՔՈՎ»: Այնինչ Բագրատաշէնից մինչեւ Մեղրի բոլոր հայաստանցիները «սրբութեամբ» գիտեն, որ Դաւութօղլուն «օ»-ով պէտք է գրել, որովհետեւ «օղուլ» բառն է, եւ ամօթ է Դաւութողլու գրելը (վա՛յ մեզ): Կամ բոլորը մէկ մարդու նման ռուսերէն գրում են ԸՐՎՌվն, ԽՈՐՌվն, իսկ երբ ասում ենք նոյնն էլ հայերէն գրէք (ԱրմինԷ, ԿարինԷ), անմիջապէս հակադարձում են՝ վերջ տուէք այդ անպիտան դասական ուղղագրութեան քարոզը: Խեղաթիւրուած ուղղագրութեան պատճառով է, որ հայաստանցիների մեծամասնութեանը թւում է, թէ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐԵԼ (աբեղեանական ուղղագրութեամբ՝ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ) բառի արմատը ՀՈՂՆ է: Այդպէս էլ պիտի լինէր, քանզի այժմեան ուղղագրութեամբ սահմանափակուել է լեզուական ճկունութիւնը, վերլուծական (անալիտիկ) մտածողութիւնը: Կարծում եմ՝ դեռ առիթ կը լինի անդրադառնալ այս խնդրի հանգուցային միւս կէտերին՝ հարցի փիլիսոփայական, հոգեբանական, ռազմավարական կողմերին, խնդրի լուծման իմ պատկերացումներին եւ այլ հարցերի: Յուրախութիւն ինձ՝ 2010 թուականին այս խնդրի մասին յօդուածների շարք լոյս տեսաւ «Առաւօտ» օրաթերթում (հեղինակ՝ Նշան Որբերեան, ԱՄՆ): Պարոն Որբերեանն այնքան հանգամանալից ու տրամաբանօրէն էր բացատրում խնդրի էութիւնը, որ անմիջապէս գրաւեց իմ՝ խնդրից բոլորովին անտեղեակ մարդու ուշադրութիւնը: Արդիւնքը եղաւ այն, որ անտարակոյս որոշեցի այլեւս չկիրառել աբեղեանական ուղղագրութիւնը եւ գրել միմիայն դասական ուղղագրութեամբ: Վերջին երկու տարիներին էլ  դասական ուղղագրութեան կանոնները սերտեցի ու կատարելագործեցի ֆէյսբուքեան «ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԵՐԷՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ» խմբում:

ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐԵԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Գերմանիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Զորիկ says:

    Մաշտոցը Օ տառ չի ստեղծել : Մաշտոցը ուղղագրություն չի ստեղծել : Հայերենը քո առօրյա կյանքի լեզուն չէ ,թե չէ չէիր դնի ու դժվարացնի հայերեն գրելը

    • Քահանայ says:

      (ի գիտութիւն մոռացելոց եւ զանգիտեաց) ՍՈՒՐԲ Մեսրոպ Մաշտոցը չի ստեղծել նաեւ (և, ու) տառերը, չի վերացրել (ւ) տառը եւ 20ից 40ական թուականների միջոցին չի Մայրաքաղաքի անունը չի խեղագրել որպէս Յերեվան, որպէսզի նա յետոյ չվերածուի ԵՐԵՎԱՆ ու փոքրատառով Երեւան, որ ըստ երեւոյթին կը խեղագրէ (վ) տառը զայն ըստ կամս դարձնելով (ւ)։ Ասեմ աւելին երբ այդ նոյն խեղագրութեան պատճառով Էջմիածնի Գէորգ Զ. Կաթողիկոսը ստիպուեցաւ հրատարակութեան յանձնել Էջմիածնի տարեկան օրացոյցը, զայն խորագրելով (Տոնացույց-Որացույց) (Օ տառի չգոյութեան, եւ ի պատասխան քո Օ տառի հարցադրումիդ։) Չասեմ թէ ինչ պատահեց երբ այդ ՙՈրացույց՚ները հասան Անթիլիաս եւ Գարեգին Ա. Կաթողիկոսը որ բարեհամբոյր անձ էր, բարկացաւ հաւաքեց աշակերտութենէն այդ բոլոր ՙՈրացույցները՚ ու նետեց աղբանոց։ Նաեւ ի գիտութիւն քեզ, ՍՈՒՐԲ Մեսրոպ Մաշտոցը ուղղագրութիւն ստեղծեց, Հայերէնի թարգմանելով Աստուածաշունչը եւ նոյնիսկ օտար անունները դրելով ուղղագրական կանոններով եւ գրականութեամբ։ Լաւ կը լինէր որ Սովետական անիծագրութեան մասին գաղափար կազմէք ու նկատի ունենաք նաեւ Վրաստանի պատմութիւնը լեզուին հետ կապուած։

  2. Գագիկ says:

    «Հայերենը քո առօրյա կյանքի լեզուն չէ ,թե չէ չէիր դնի ու դժվարացնի հայերեն գրելը:»

    Զորիկ, փռփուռներից մի կարչի: Դու գիտես, որ ես կիրառում եմ, ինչպէս դու ես ասում` «առօրՅա» կեանքում` ցանկացած բնագաւառում:

    Անգեալութիւնդ դարձրել ես դրօշ ու քայլում ես:

  3. Կարեն says:

    Իմ կարծիքով գոնե անհրաժեշտ է դպրոցական ծրագրում դասական ուղղագրությունը դասավանդել:
    Եթե առայժմ հնարավոր չի պետական մակարդակով անցնել դասական ուղղագրությանը( թեև շատ էլ հնարավոր է), ապա հայը գոնե պիտի ծանոթ լինի դրան:

  4. Հարություն says:

    Դե գժվացրեցիք, էլի, արդեն։ Երկիրը դատարկվում, ձեռքից գնում է, դուք մտածում եք՝ էլ ինչ անեք, որ ամեն բան ավելի բարդանա։ Մաշտոցն ստեղծել էր ամեն հնչյունին մեկ տառ սկզբունքով այբուբեն, իսկ մյուս սկզբունքն այն էր, որ ամեն բան գրվում էր այնպես, ինչպես կարդացվում էր։ Արևելահայերենի ժամանակակից ուղղագրությունը շատ ավելի է մաշտոցյան սկզբունքով, քան «դասական» կոչվողը։ Իսկ այբուբենի մեջ նոր մտած տառերի հե՞տ ինչ անենք. դրանց հավելման վերաբերյալ է՞լ սկսեք կարծիքներ հայտնել և փորձենք վերականգնել նախնական վիճակը։ Ավելի լավ է մտահոգվենք այսօրվա գրագիտության ահավոր անկմամբ և դրա դեմն առնելու հարցերով։ Միայն թե՝ չասեք, թե դրա պատճանը նոր ողղագրությունն է 🙂 Նոր ուղղագրությամբ երկիրը համատարած գրագիտացավ։

    • Շաղիկ says:

      Երկիրը համատարած գրագիտացաւ ուղղագրութեան շնորհի՞ւ: Ինչ խնդալուէ Յարութիւն ջան: /Կը ներէք, որ դասականով եմ գրում, էնքան հաւես ու դիւրին է էս ուղղագրութիւնը, մեխանիկօրէն եմ գրում/: Բայց ինձ ուրիշ բան մտահոգեց. ձեր ագրեսիւութիւնը դասականի հանդէպ: Կարելի է չընդունել, բայց մի բան ականջներիդ օղ արէք՝ հայերէնին կատարեալ տիրապետելու համար անհրաժեշտ է սովորել դասական ուղղագրութիւնը:

  5. Արթուր ջան, շնորհակալութիւն յօդուածի համար:
    Ուրախ եմ, որ քեզ նման խոհեմ երիտասարդը առաջնորդւում է մաշտոցեան պատգամով…

  6. Գագիկ says:

    «Արևելահայերենի ժամանակակից ուղղագրությունը շատ ավելի է մաշտոցյան սկզբունքով, քան «դասական» կոչվողը։»

    Վարագոյր, խեղկատակութիւնն աւարտուած է:

    🙂

  7. Շուշան Թումանյան says:

    Արթուր ջան, հիանալի հոդված է: Շնորհակալութիւն:

  8. Յարգելի Արթուր եւ մեծարգոյ ընթերցողներ, իմ “մեղքով” յօդուածի մէջ բաւականին կոպիտ վրիպակ է յայտնուել: Բանն այն է, որ յօդուածը կարդացել եմ թերթին ուղարկելուց առաջ եւ մէկ-երկու չնչին խմբագրում եմ արել: Համակարգչային խմբագրում-սրբագրումն էլ դա է, բառերի օրինակները խառնուել են իրար. անշուշտ իմ անուշադրութեան հետեւանքով:
    Ուրեմն, գրուած է.
    Դասական ուղղագրութեամբ ունենք (կաթի) ՍԷՐ եւ ՍԵՐ (որպէս զգացմունք), իսկ աբեղեանական ուղղագրութեամբ ունենք միայն ՍԵՐ արմատը: ՍԷՐ արմատը կորցրեցինք:
    Պէտք է լինի.
    Դասական ուղղագրութեամբ ունենք (որպէս զգացմունք) ՍԷՐ եւ ՍԵՐ (կաթի) , իսկ աբեղեանական ուղղագրութեամբ ունենք միայն ՍԵՐ արմատը: ՍԷՐ արմատը կորցրեցինք:
    Արթուր ջան, կը ներես: )))))) Կարեւորն այն է, որ նկատեցի, եւ ուղղում ենք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930