Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հետնորդի հարցը

Հունիս 25,2013 13:55

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ, ինչպես խոստացել է, նախագահական ընտրություններից հետո լքելու է իր պաշտոնը եւ հեռանալու է քաղաքականությունից, բայց` ոչ երկրից: Անկախ նրանից` դա բարի կամքի դրսեւորում էր, թե հաշվարկ (ինչպես, բնականաբար, պնդում է Սաակաշվիլին), հասարակության կողմից դա դրական է ընկալվում` մարդը եկավ իշխանության, փորձեց ինչ-որ բան շտկել, հետո, իր առաքելությունը ավարտված համարելով, աթոռից չկառչեց եւ հեռացավ:

Մեր մյուս հարեւանների մոտ իրավիճակը այլ է. նախագահի պաշտոնին հավակնում է Իլհամ Ալիեւի կինը` Մեհրիբանը: Եթե այդ քաղաքական «օպերացիան» իրականացվի, ապա դա կնշանակի, որ ալիեւյան կլանի «իլհամական» եւ «մեհրիբանական» թեւերի պայքարն ավարտվեց վերջինիս հաղթանակով եւ, ինչպես եւ Իլհամի մնալու դեպքում, կնշանակի համակարգի կոնսերվացիա առնվազն եւս 10 տարով: Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, հասարակական կարծիքի հետ հաշվի նստելու խնդիր ընդհանրապես չկա (թեեւ մեզանում էլ այդ առումով առանձնապես երանելի վիճակ չէ)` չնայած վստահ եմ, որ մեր հարեւան երկրում մտածող մարդիկ շատ լավ հասկանում են, որ Իլհամ-Մեհրիբան փոխատեղումից ոչինչ չի փոխվում:

Հայերի եւ Հայաստանի համար հաստատ ոչ մի բան չի փոխվի, որովհետեւ հենց Մեհրիբանն է աշխարհով մեկ հակահայկական կացնային քարոզչության գլխավոր գաղափարախոսը: Բայց Մեհրիբանի տարբերակը առայժմ զուտ տեսական է, գուցե պահեստային` շատ ավելի հավանական է Իլհամ Ալիեւի «վերարտադրությունը»:

Ինչպե՞ս էր հետնորդի հարցը լուծվում Հայաստանում: Լեւոն Տեր-Պետրոսյանը «որոշ ուժերի» ճնշման տակ իշխանությունը փոխանցեց վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, ինչը, ենթադրում եմ, նրա մանկության երազանքը չէր: Բայց առաջին նախագահը երբեք ոչ նեղ, ոչ լայն շրջանակներում չէր ասել, թե ում է տեսնում Հայաստանի հաջորդ նախագահ: Ռոբերտ Քոչարյանը, առանց տեսանելի արտահայտած տհաճության, իշխանությունը փոխանցեց վարչապետ Սերժ Սարգսյանին: Վարչապետի պաշտոնը, այդպիսով, առանցքային է հետնորդի հարցում: Նա, ով 2015-16 թվականներին նշանակվի ՀՀ վարչապետ, նա էլ, հավանաբար, 2018 թվականին կլինի նախագահի իշխանության թեկնածուն: Եթե մինչ այդ որեւէ արտառոց բան տեղի չունենա: Այդպես եղավ, ի դեպ, նաեւ Ռուսաստանում` Ելցին-Պուտին եւ Պուտին-Մեդվեդեւ-Պուտին փոխատեղումների ժամանակ:

Հետնորդի խնդիրը կա նաեւ ընդդիմադիր դաշտում: Նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը հետեւողականորեն բացառեց ՀԱԿ շարժման մեջ որեւէ հետնորդ ունենալու հնարավորությունը: Հենց այդ պատճառով էլ ՀԱԿ նորաստեղծ կուսակցության մեջ չմտան բոլոր վառ, հավակնոտ անհատականությունները: Առավել հավակնոտ էր, հավանաբար, Նիկոլ Փաշինյանը, եւ դրանով է, իմ կարծիքով, բացատրվում նրա դեմ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի շարունակվող քարոզչական կամպանիան: Իհարկե, պարոն Փաշինյանը ունի բազմաթիվ թերություններ, բայց նա երբեք Գեղամյան չի դառնա: Դրա համար ոչ մի նախադրյալ, ինձ թվում է, չկա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իմ կարծիքով ինչպես մինչ օրս, արնպես էլ մինչև 2018 թ.ը երկրի իշխումը հանցագործների կողմից
    կշարունակվի՝ երկրորդ հախագահ կոչվածի կողմից, որի անունը զզվելի է տալ: Նրա հզոր ազդեցությունը չի կարելի մեղմացնել երկրի,՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, և թե՛ կրոնական թագադրման ժամանակ, որը կարող է փոփոխվել նրա ցանկությամբ և գրած սցենարով: Ցավոք այդ
    անձը իր հաճույքը ստանում է երկրի թալանի և կործանման մեջ, իսկ եթե լիներ հակառակը, ես համոզված եմ, որ մեր երկիրը կարճ ժամանակում՝ մեծ հաջողությունների կհասներ: Համոզված եմ, որ
    այսօր էլ, երբ մի ՓԲԸ որոշել է Հայաստանի համար արբանյակ արտադրի, այն նորից նրա մտահաղացումն է, որը 250 մլն. դոլլարը առանց ջանքերի բյուջեից անհետացնելն է, հատկապես, երբ
    ժողովուրդը՝ ծախված է, ծախվում է, և դեռ կծախվի, որն էլ մեր ազգի առանձնահատկություններից է:
    Մեր ժողովուրդը միշտ էլ ունեցել է՝ արտաշես գեղամյան, և կունենա՝ արթուր բաղդասարյան, բայց
    մի՞ թե՛ չենք կարող համախմբվել՝ Ժիրայր Սեֆիլյանի շուրջ: Մի՞ թե՛ կա ավելի դրական անձնավորություն, որին ազգը չգիտի, իսկ եթե կան ապա եկեք հիշենք, նշենք, իսկ հոգնելն ու
    չհավատալը՝ ծույլ անհավատների գործն է, որը արսօր մեզ թելադրվում է վերևից: Ինձ խորը հարգանք է տածում՝ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, բայց նրանց գործունեության ընդացքը չի ենթադրում՝ արմատական փոփոխություն: Այն հստակ առաջարկում է միայն ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ: Եկեք միանանք այդ ազնիվ ժողովրդական շարժմանը, և մեր երկիրը կփրկենք, այս հանցագործ, մարդասպան տարերից:

  2. ani says:

    Երեկ ամբողջ մամուլը հեղեղված էր Նիկոլ Փաշինյանի դավաճանության <> հաղորդող հոդվածներով: Ու ինչպիսի համախմբվածությամբ էին հանդես եկել ընդդիմադիր լրատվամիջոցները: Նույնիսկ վարչապետի օֆշորային սկանդալն ու Սուրիկ Խաչատրյանը մղվել էին երրորդ, չորրորդ պլան: Կարծես ամենազարհուրելի բանը որ կատարվել էր Հայաստանում վերջին տարիներին, դա Նիկոլ Փաշինյանի <> էր: Մեր ընդդիմության վերջին տաս տարիների գործելաոճի ամենահատկանշական դրսևորումներից մեկն է սա՝ սևացնել յուրայիններին, նրանց, ովքեր թաթիկների վրա չեն կանգնում իրենց առջև: Երանի, կարևոր հարցերում այսպիսի համախմբվածություն հանդես բերեն:

    • Համլետ says:

      Այո,դավաճանությունից,առավել ևս՝ ,,յուրային խաղացող,, ծպտված լրտեսությունից զարհուրելի ու դրանց բացահայտումից ավելի անհրաժեշտ բան չկա:Քաղաքական դաշտը պետք է հնարավորինս ականազերծել ու մաքրել ամեն տեսակի գեղամյանաններից:

      • ani says:

        Գեղամյանը միշտ էլ եղել է գեղամյան, իրեն աճուրդի հանած մեկը, երբեք ծպտված չլինելով: Էդ որոշ դյուրահավատներ ու միամիտներ էին հավատացել, որ գեղամյանը ընդդիմադիր է, այնպես ինչպես հավատացել էին, որքան էլ որ ինձ համար տարօրինակ է, որ Ռոբերտ Քոչարյանին պատկանող ԲՀԿ-ն կարող է ընդդիմություն լինել: Նիկոլ Փաշինյանին Գեղամյանի կամ Արթուր բաղդասարյանի հետ համեմատելը բոլորովին տեղին չէ: Համոզիչ փաստեր չկան նրա ծախվածության վերաբերյալ

  3. Համլետ says:

    Իսկ այս տեսքո՞վ.
    Սերժի ,,մեհրիբանների հարեմը,,՝ ՀՀԿ-ն, իր քանակով ու որակով լավագույններից մեկն է ամբողջ աշխարհում: Նրա սիրած ,,ֆուտբոլային,, քաղաքականության բառապաշարով՝ պահեստայնների նստարանը երկար է…Հիմա հարեմի անդամների միջև սուր պայքար է գնում ներքինիի (евнух)՝ Հայաստանի պարագայում՝ Վարչապետի պաշտոնի համար:Իհարկե,նրան նշանակելուց առաջ անհրաժեշտ է կռտել (ականջդ կանչեր՝ ,,վոյին,, Քոչարյան,որ այդպես էլ չհասկացար ,,կրթելու,, ու ,,կռտելու,, տարբերությունը)…

  4. VARDASAR says:

    “Լեւոն Տեր-Պետրոսյանը «որոշ ուժերի» ճնշման տակ իշխանությունը փոխանցեց վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, ինչը, ենթադրում եմ, նրա մանկության երազանքը չէր:”

    Լեւոն Տեր-Պետրոսյանը այլնտրանք չուներ , Քոչարյանի Արցախցի անզիջում լինելը բոլոր գիտեին եվ դրա համար էր ինքը հարմար էր իշխանության ղեավար . Չմոռանանք Քոչարյանի ելութը եվրոպական երկրների արջեվ Արցախի անկախության հարցով ոչ մի զիջում.

    • Համլետ says:

      Քոչարյանն իր լյումպեն-տգիտությամբ Արցախին դուրս թողեց բանակցային գործընթացից,Հայաստանին ներքաշեց միջազգային կոնֆլիկտի դաշտ,Հայաստանը վերածեց ղարաբաղյան հանցագործ կլանի տիրապետության տակ գտնվող ճորտատիրական երկրի և այլն…Դրանից լավ նվեր Թուրքիային ու Ադրբեջանին չէր էլ կարելի պատկերացնել…
      Արդյունքում ունենք փակուղի մտած իրավիճակ ու հայաթափված Հայաստան:Սա էլ Թալեաթի ու Էնվերի երազանքների իրականացման մասով…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930