«ՀՀ անվտանգության խորհրդի վերջին նիստում լրջորեն քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները՝ ՌԴ-ի, Իրանի, Վրաստանի եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ մեր զարգացման ուղղություններն առանձնացնելով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին՝ «ՀայռուսԳազարդի» 20 տոկոս բաժնեմասի հանձնումն էլ ռուսական կողմին արդյոք ՀՀ-ի համար էներգետիկ անվտանգության խնդիրներ չի առաջացնում:
Պարոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ խոսքը բանակցային գործընթացի մասին է, ինչն ամենեւին չի նշանակում, որ այդ բաժնետոմսերը արդեն իսկ փոխանցվել են. «Ի դեպ, բաժնետոմսերը կարող են փոխանցվել բացառապես մեր ազգային շահի հաշվարկման պարագայում, եթե դրանք իսկապես կարճաժամկետ եւ երկարաժամկետ իմաստով հնարավորություն կտան դրական օգուտներ քաղել մեր երկրին: Ամեն դեպքում, 80 տոկոսն արդեն իսկ պատկանում է «Գազպրոմին», հիմնական բաժնետերն արդեն իսկ ՌԴ պետությունն է, հիմա, պետք է նայել այդ 20 տոկոսի առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները»:
Այս տարեվերջին տեղի ունենալիք վիլնյուսյան գագաթաժողովին Հայաստանը նախատեսում է առնվազն նախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Aravot.am-ը ԱԱԽ քարտուղարից հետաքրքրվեց՝ իր պատկերացմամբ որքա՞ն կբավականացնի ՀՀ-ի կոմպլեմենտարիզմի պաշարը: «Մենք փոքր երկիր ենք շատ մեծ ամբիցիաներ ցուցաբերելու համար: ՌԴ-ն մեզ համար երկարաժամկետ, կայուն, հուսալի ռազմավարական դաշնակից է: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Մեր գործընկերները նույնպես հասկանում են, որ մենք չենք կարող պարփակված լինել, այսինքն, աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ չունենալ կառուցողական հարաբերություններ: Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում բոլոր ուժային կենտրոնների հետ՝ ունենալով գերակա նպատակ՝ խորացնել ռուս-հայկական գործակցությունը: Մեր երկրի համար կարեւոր թիվ մեկ խնդիրը մեր երկրի անվտանգությունն է: Իսկ մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը ՌԴ-ն է՝ համաձայն դեռեւս հինգ տարի առաջ ստորագրված փաստաթղթի: Երբ երկարաձգվեց ռուսական ռազմաբազաների գոյությունը ՀՀ տարածքում, դա սոսկ երկարաձգում չէր: Հստակ գրված է՝ ՌԴ-ն ստանձնում է ՀՀ-ի պաշտպանությունը՝ ՀՀ զինված ուժերի հետ միասին: Ինչպես նաեւ, սահմանների անվտանգության պաշտպանությունը»:
Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ ՀՀ-ն պետք է շարունակի իր բալանսավորված համագործակցությունը՝ տարբեր ուղղություններով ունենալով մեր գերակայությունը: Ինչպես նաեւ, մեր գործընկերներին «ազնիվ ձեւով բացատրելով մեր մոտեցումները»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ