Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. ՀՀ-ն եւ ՌԴ-ն կհամագործակցեն նոր որակով

Հունիս 25,2013 13:28

Այսօր Հայաստանում մի շարք միջպետական համաձայնագրեր ստորագրվեցին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի ռազմատեխնիկական փոխհամագործակցության մասին: Դրանց մի մասը ստարգրեցին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Հիշեցնենք, որ այս օրերին ՀՀ-ում է գտնվում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությունը: Համաձայն ստորագրված փաստաթղթերի, ՌԴ նախագահի հրամանով «Ռոսգրանիցա» գործակալությունը Հայաստանում կունենա հատուկ ներկայացուցչություն, ինչը ենթադրում է ՀՀ պետական սահմանի արդիականացում: Հիշեցնենք, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանները հսկում են ռուսական սահմանապահ զորքերը: ՀՀ արտակարգ իրավիճակների ոլորտում կստեղծվի նոր ենթակառուցվածք՝ «Հայ-ռուսական հումանիտար կենտրոն», որը կունենա տարածաշրջանային նշանակություն, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կստեղծվի նաեւ պետական պահուստների համատեղ ենթակառուցվածք, որը չափազանց կարեւոր է լինելու մեր երկրի անվտանգության համար:

Առանցքային նշանակություն ունի նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՌԴ ռազմատեխնիկական կառույցի ղեկավարի ստորագրած փաստաթուղթը՝ նոր ռազմատեխնիկական համագործակցության մասին: Փաստաթղթերի ստորագրումից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Վերջինս, մեզ բոլորովին այլ որակի հնարավորություններ է տալիս ՌԴ-ի հետ հարաբերվելու»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ «եղածին շատ բան ավելացավ՝ եւ բաց, եւ փակ»:

Պատասխանելով լրագրողների հարցերին, պարոն Բաղդասարյանն ասաց, որ համաձայնագրի ստորագրումը որեւէ առնչություն չունի ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Այն հինգ տարվա աշխատանքի արդյունք է: «Մենք երեկ այցելել ենք 102 ռազմական բազա: Բազան գտնվում է շատ լավ վիճակում, անընդհատ կատարելագործվում են ենթակառուցվածքները: Մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ի պես պետությունն ունի իր ինքնիշխանությունը եւ կարող է զենք վաճառել կամ գնել աշխարհի ցանկացած երկրի: Մենք պետք է ողջախոհ լինենք եւ հասկանանք այդ պարզ ճշմարտությունը կարեւոր է նաեւ, որ հայ-ռուսական ռազմական գործակցությունը զարգանում է, այդ թվում ռազմական ենթակառուցվածքների արդիականացման առումով»,- հարցի վերաբերյալ կարծիք հայտնեց Արթուր Բաղդասարյանը:

Ստորագրված համաձայնագրերի արդյունքում առաջին անգամ ենթադրվում է նաեւ համագործակցություն սկսել «Ռոսկոսմոս» ընկերության հետ: Հայաստանում արդեն ստեղծվել է «Արմկոսմոս» ընկերությունը: ՀՀ ԱԱԽ նախագահի հավաստմամբ երկու երկրների միջեւ տիեզերքի համատեղ օգտագործման մասով:

Իսկ ՌԴ սեյսմոլոգիական ծառայության հետ ստորագրված համագործակցության համաձայնագիրն, ըստ Արթուր Բաղդասարյանի, հնարավորություն կտա արդիականացնել Գառնու դիտարանը: Ի դեպ, ռուսական պատվիրակության անդամները եղել են այնտեղ եւ պարզապես ապշած են այդ հզոր ենթակառուցվածքի գոյությամբ:

Կարդիականացվի նաեւ Բյուրականի աստղադիտարանը: Թեեւ մի քանի միլիոն եվրոյի աշխատանքներ այնտեղ արդեն իսկ կատարվել են, բայց պարոն Բաղդասարյանը կարեւոր է համարում համագործակցության երկարաժամկետ լինելու արձանագրումը նաեւ գիտահետազոտական պոտենցիալ ունեցող մեր մյուս գիտահետազոտական ինստիտուտների հետ, որոնք իրավամբ աջակցության կարիք ունեն: Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ այս համաձայնագիրը բնավ էլ չի ենթադրում, թե Բյուրականի աստղադիտարանը հետագայում անցնելու է ռուսական կողմին. «Խոսքը վերաբերվում է համատեղ ծրագրեր իրականացնելուն, արդիականացնելուն. ռեսուրսներ, որոնք ՀՀ բյուջեն չունի»:

Համաձայնագրերի ստորագրումից հետո եղան նաեւ փոխադարձ պարգեւատրումներ: ՀՀ ԱԱԽ նախագահը պարգեւատրվեց ՌԴ ռազմատեխնիկական ծառայության մեդալով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930