Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժվելու համար կանխիկ մեծ վճարումները հայաստանցիներին աղքատացնում են

Հունիս 25,2013 13:02

Սրտանոթային հիվանդությունները մահացությունների մեջ մեծ թիվ են կազմում, հայ տղամարդկանց 50%-ը կանոնավոր ծխող է, ինչը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է, 1960-ականներից ի վեր մեր երկրում կյանքի միջին տեւողությունն ընդամենը 1 տարով է ավելացել: Այսպիսի փաստեր են արձանագրել Համաշխարհային բանկի (ՀԲ) առողջապահության գծով փորձագետները` ուսումնասիրելով Հայաստանի առողջապահական ոլորտը: Այս տվյալները զետեղված են ՀԲ զեկույցում:

Տնտեսագետ Օուեն Սմիթը, որը ՀԲ առողջապահության ոլորտի տնտեսագետ է եւ զեկույցի համահեղինակ, այսօր «Երեւան պլազա» բիզնես կենտրոնում ներկայացրեց Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում իրենց կատարած հետազոտության արդյունքները: Ըստ նրա, վերջին 50 տարվա ընթացքում մեր տարածաշրջանի երկրներն ամենադանդաղն են առաջխաղացում արձանագրում:

Զեկույցի հեղինակները պարզել են, որ մեր երկրում կանանց մոտ ծխելը նույնպես տարածված է: Օուեն Սմիթը վկայում է, որ թեեւ հանրությունը լավ հասկանում է, որ ծխելը քաղցկեղի եւ մահվան պատճառ է հանդիսանում, սակայն նրանց` ծխախոտից հրաժարվելու փորձերն, ինչպես որ նշել են հարցման ենթարկված քաղաքացիները, ապարդյուն են լինում: Տնտեսագետը խորհուրդ է տալիս ծխախոտի ավելի բարձր հարկեր սահմանել: Ըստ նրա բարձր հարկերը կավելացնեն բյուջեի եկամուտները, կնվազեցնեն ծխողների թիվը:

Փորձագետները նաեւ պարզել են, որ Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի որոշ երկրներում ավելացել է ալկոհոլի սպառումը եւ մարդիկ, սովորաբար, մեկ առիթով 5 եւ ավելի բաժակ գավաթ խմիչք են օգտագործում, ինչի հետեւանքով էլ զեկույցն արձանագրել է, որ այդ տարածաշրջաններում շատ բարձր է ալկոհոլի հետ կապված մահվան դեպքերի թիվը:

ՀԲ մասնագետն առաջարկում է բարելավել առողջապահական հիմնական արդյունքները եւ ապահովել համարժեք ֆինանսավորում եւ հզորացնել ինստիտուցիոնալ հիմքերը:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը համամիտ է միջազգային փորձագետի այն դիտարկմանը, որ բուժվելու նպատակով բնակչության կողմից կատարվող մեծածավալ կանխիկ վճարումները ընտանիքներին չքավորության են հասցնում` երկրում ավելացնելով աղքատների թիվը, ուստի նախարարը հայտնեց, որ առողջապահության ոլորտում սկսված բարեփոխումների մեջ առաջնահերթությունը տրված է նաեւ բժշկական ապահովագրության ներդրմանը: Օուեն Սմիթը գտնում էր, որ Հայաստանին «սրտանոթային հեղափոխություն» է պետք եւ դա առողջապահության գերակա խնդիրը պետք է լինի:

Այս առնչությամբ պարոն Դումանյանը նշեց, որ մեր երկրում, իսկապես, մահացությունների թվում 3 հիվանդություններ` սրտանոթային, չարորակ ուռուցքներն ու շաքարային դիաբետով հիվանդները մեծ մասն են կազմում: Ըստ նախարարի, այս տարվանից սկսած այս երեք հիվանդությունների մասով լայնածավալ հետազոտությունների ծրագիր է իրականացնելու: Նախարարը գտնում է, որ բնակչության շրջանում պետք է մեծ քարոզչական աշխատանքներ տանել, որպեսզի մարդը նույնպես գիտակցի ու հոգ տանի իր առողջության մասին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930