Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանն այսօր ասուլիսի էր եկել Ստալինի 1945 թվականի հրամանը ձեռքին ու արտագաղթի մասին իր մտահոգությունները հայտնելուն զուգընթաց` վկայակոչեց Ստալինի այդ հրամանը:
«Արտագաղթը ողբերգություն է, եւ հանրապետությունը ծանր կացության առջեւ կարող է կանգնեցել: Ստալինի այդ հրամանը ներգաղթ կազմակերպելու մասին էր՝ ազատել բոլոր հարկերից, առանձնացնել հողեր, տուն կառուցել ներգաղթողների համար: Ես գտնում եմ, որ այսօր նրանք, ովքեր ներգաղթում են Հայաստան՝ նրանց համար բոլոր պայմանները պետք ստեղծվեն, որ նրանք ապրեն ինչպես հարկն է»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց գլխավոր կոմունիստը:
Ընկեր Թովմասյանին մտահոգում է աղքատության, գործազրկության աճող ցուցանիշները. «Մարդը աշխատանք չունի, գաղթում է երկրից, ի՞նչ պետք է լինի այս երկրի հետ»:
Նա անհանգստացել է նաեւ ուսանողների ուսման վարձավճարների թանկացումից.«Այս բոլոր խնդիրները պետք է կենտրոնացնել ժողովրդի անվտանգության հարցերի շուրջ»:
Կարդացեք նաև
Գլխավոր կոմունիստը զայրացել է գազի սակագնի թանկացման պատճառով հակառուսական հայտարարություններից. «Սկսեց հակառուսական մի հիստերիա, որը հիմա շարունակվում է: Պետք է միշտ հիշենք, որ մեր հիմնական ռազմավարական բարեկամը եղել ու մնում է Ռուսաստանը, հավերժ պետք է լինենք Ռուսաստանի հետ»:
Հարցին, թե ինչպես է ռազմավարական բարեկամը զենք-զինամթերք վաճառում Ադրբեջանին, կոմունիստն ասաց. «Ռոււսաստանն ամբողջ աշխարհին վաճառում է զենք-զինամթերք: Սիրիայում պատերազմական վիճակ է, դատապարտում են, բայց նա վաճառում է: Չեմ ուզում ասել, որ դա հակահայկական քայլ է: Էլի եմ կրկնում Ռուսաստանն է մեր միակ, ամենավստահելի բարեկամը»:
Հարցին, թե կոմունիստական կուսակցությունը ընդառաջ կգնա՞ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին՝ մինչեւ աշուն ընդդիմության հետ ընդհանուր եզրեր գտնելու վերաբերյալ, ասաց. « Երբեք չենք կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին՝ ու ոչ միայն գաղափարախոսության պատճառով: Հայաստանի կոմկուսը քրտինքով աշխատասիրությամբ ստեղծել է Սովետական Հայաստանը: Նայեք պատուհանից, մի բան ստեղծվե՞լ է վերջին քսան տարիներին: Մենք ենք ստեղծել, իրենք էլ ոնց ուզել են ցրել են, վաճառել են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Որևէ մեկի կողքին կանգնելու կամ չկանգնելու համար նախ պետք է ոտքի կանգնել…