Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկայի նախարար. «Եթե լավ գին, լավ պայմաններ առաջարկեն, կվաճառենք, եթե ոչ՝ ոչ»

Հունիս 25,2013 12:41

Հատված էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարցազրույցից:

– Մենք Ձեզ ասում էինք, որ 2013-ին գազի սակագինը կբարձրանա, իսկ Դուք պնդում էիք, որ այդպիսի բան չի լինի։

– Ես ընդամենն ասել եմ, որ բանակցություններն ընթանում են։ Համենայն դեպս, 2013-ի առաջին կիսամյակում գազի գինը չբարձրացավ։ Ես ամբողջ տարվա համար կանխատեսում չեմ արել։

– Հիմա «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20% –ի վաճառքը նպատակայի՞ն է։

– Նպատակային չէ։ Եթե լավ գին, լավ պայմաններ առաջարկեն, կվաճառենք, եթե ոչ՝ ոչ։ Բաժնետոմսերը անպայման վաճառելու նպատակ չունենք։

– Ըստ տարբեր վերլուծաբանների՝ բաժնետոմսերի 20 %-ի վաճառքը պայմանավորված է կառավարության որոշմամբ՝ 30 % գազի գնի սուբսիդավորման հետ։ Այսինքն` կառավարությունը լուծում է սուբսիդավորման համար պահանջվող գումարի հարցը։

– 20 % բաժնետոմսերի գինը շատ ավելի փոքր է սուբսիդավորվող գումարից։

Այսինքն՝ սուբսիդավորման գումարն ավելի՞ մեծ է։

– Այո։

– Ըստ հաշվարկների՝ սուբսիդավորման համար անհրաժեշտ է 140– 150 մլն դոլար։ Այսինքն` ստացվում է, որ պետության 20%-ը 150 մլն դոլարից էժա՞ն է։

– Մենք չենք բանակցում մեկ տարվա համար։ Սուբսիդավորումը նախատեսվում է առաջիկա հինգ տարիների համար։

– Սուբսիդավորումը, ըստ էության, լոկալ և կարճաժամկետ ծրագիր է: Սակայն էներգետիկ համակարգը ռազմավարական նշանակության ոլորտ է։ Արդյոք կարճաժամկետ ծրագիր շահելու նպատակով ճի՞շտ է հրաժարվել ռազմավարական ոլորտից։ Մենք մեր էներգետիկայի ոլորտը չենք վտանգում՝ այն ամբողջությամբ մեկ այլ պետությանը տալով, խոսքը Ռուսաստանի մասին չէ, որ պետությունն էլ լինի։ Ի դեպ, այդ քաղաքականությունը կարծես թե օրինաչափություն է մեր երկրի համար։

– ՀՀ-ում էներգետիկայի համակարգում գործող ձեռնարկությունները լիցենզավորվող գործունեություն են ծավալում։ Այսինքն` գործունեություն իրականացնելու համար նրանք պետք է ստանան լիցենզիա, որում ամրագրված են այն խաղի կանոնները, որոնք գործում են ՀՀ-ում։ Հետևաբար, անկախ նրանից, թե այդ ձեռնարկությունները որ երկիրն են ներկայացնում, ինչպիսի մաշկի գույն ունեն, ինչպիսի աչքեր ունեն կամ ինչպիսի մտածելակերպ, եթե մեր դաշտում պետք է աշխատեն, ուրեմն պետք է գործեն լիցենզիայով սահմանված խաղի կանոններով։ Հակառակ դեպքում լիցենզիան կկասեցվի։ Երկրորդ, լիցենզավորված գործունեությունից բացի, նաև նրանք աշխատում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած դաշտում՝ ֆինանսական առումով։ Այսինքն` իրենց հաշվետվությունները, ֆինանսական հոսքերը, ակնկալվող շահույթները կարգավորվում են այդ դաշտում՝ համաձայնեցնելով մեզ հետ։ Հետևաբար, օրենսդրությամբ էն գլխից մենք մեր երկրի անվտանգությունը ապահովագրել ենք, և որևիցե խնդիր լինել չի կարող։

– Բայց չմոռանանք, որ նաև տվյալ ձեռնարկությունը կարող է որոշել իր անելիքները՝ իր պետության շահերից ելնելով։

– Ոչ, նման բան չի կարող լինել։

– Ինչո՞ւ չի կարող, հնարավոր է՝ խնդիրը կապ չունենա էներգետիկայի հետ, բայց տվյալ երկրի շահը մեկ այլ քաղաքականության հարթությունում թելադրող դառնա։

– Այդ մտածելակերպով ցանկացած հարց կարելի է շահարկել, և Ձեր ասածը էներգետիկայի համակարգի հետ կապ չունի:

Զրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930