Հատված էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:
-ՎՊ-ն արձանագրում է` ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա։
-Ի՞նչ է նշանակում «հավաստի ցուցանիշ», մեր ձեռներեցներին պետք է վստահե՞նք, թե՞ ոչ: Մենք օժանդակող կառույց ենք, ոչ թե վերահսկող եւ նրանց հետ կառուցում ենք վստահության վրա հիմնված հարաբերություններ: Պատկերացրեք, որ պետությունն անվերջ «ռեւիզորություն» անի` ցո՛ւյց տուր այս, ցույց տուր այն, դա սխալ գործելաոճ է:
Այո, չեմ թաքցնում, որ որոշ գործարարներ 100 տոկոսով հարկային մարմիններին ցույց չեն տալիս իրենց ապրանքաշրջանառությունը, դա մեր երկրում լուրջ խնդիր է, որից պետք է քայլ առ քայլ ձերբազատվենք: Նաեւ դրա համար պետք է կանգնենք ձեռներեցների կողքին ու սովորեցնենք նրանց չվախենալ հարկային դաշտում աշխատելուց: Դրա համար էլ դիմում ենք ռիսկի` վստահում նրանց ու իրենց տրամադրած տեղեկատվության համաձայն էլ ֆինանսավորում:
Բայց սա նաեւ չի նշանակում, որ պատահական մարդկանց են տրվում վարկեր: Ինչպես արդեն նշեցի, ամիսներ շարունակ նրանց հետ լուրջ վերապատրաստական աշխատանքներ են տարվում:
Բայց ինչո՞ւ չեն խոսում հաջողությունների մասին: Չէ՞ որ այդպիսիք էլ կան: Կան կազմակերպություններ, որոնք կայացել են ու ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր: Ինչո՞ւ են միայն բացասականը տեսնում: Դրա համար էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկեց փոխել ՎՊ հաշվետվության ներկայացման ձեւաչափը, որպեսզի դրան զուգահեռ կառավարությունն էլ կարողանա իր մեկնաբանությունները ներկայացնել:
-Փաստորեն ՎՊ գնահատականներին համակարծիք չեք, դրանք, ըստ ձեզ, իրականությանը չե՞ն համապատասխանում:
-Ոչ թե չեն համապատասխանում, այլ ներկայացվեց ոչ խորքային, մակերեսային զեկույց: Ընդ որում, երբ ՎՊ ներկայացուցիչները մեզ հետ քննարկումներ էին անցկացնում, նրանց խոսքերում ոչ մի բացասական երանգ չկար, ասում էին` նորմալ է, բնական: Բայց հետո նման զեկույց լսեցինք, արձանագրվեցին փաստեր, որոնց հետեւում չկա մեկնաբանություն, ինչն էլ բացասական տրամադրությունների տեղիք տվեց:
Նաեւ մի կարեւոր ընդգծում անեմ. Վերահսկիչ պալատը նման գնահատականներով ուղղակի վանում է սկսնակ ձեռներեցներին, նրանց մեջ վախ ու անվստահություն սերմանում պետության հանդեպ: Սա վտանգավոր գործելաոճ է:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում