Երեկ` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը, Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ երկրների արտագնա նիստերը լավագույն հնարավորությունն են բացահայտել տվյալ երկրում գոյություն ունեցող քաղաքական և մշակութային հիմնական առաջնահերթությունները: Դ. Հարությունյանը հատուկ շեշտադրում կատարեց այլընտրանքային ազատազրկման խթանմանը վերաբերող զեկույցին` նշելով, որ դրանում արծարծված խնդիրը հրատապ է բոլոր պետությունների համար:
Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովն էլ ուշադրություն հրավիրեց Երևանում անցկացված Բյուրոյի հանդիպման և Մշտական հանձնաժողովի որոշման վրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Այնուհետև շեշտեց. «ՀՀ-ի`ԵԽ Նախարարների խորհրդի նախագահությունը լավագույն հնարավորությունն է Հայաստանի համար իրենց ադրբեջանցի կոլեգաների հետ քննարկել ԼՂ հակամարտության ապագային վերաբերող խնդիրները»: Այնուհետև նա կարևորեց 1416 բանաձևը՝ նշելով, որ դրանում արձանագրված դրույթները կարևոր են հակամարտության էությունը հասկանալու համար:
Շվեյցարացի պատվիրակ Անդրես Գրոսն էլ ԼՂ հակամարտության խնդիրը որակեց որպես «չափից ավելի նուրբ» հարց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ու շեշտեց, որ այն ներկայացված է «սև-սպիտակ ոճով», որը համահունչ չէ ԵԽԽՎ-ի ոգուն ու արժանապատվությանը, այն է` երկխոսության և հաշտեցման միջոցով հակամարտության լուծումը: Նա շեշտեց, որ եթե ցանկանում ենք, որ հակամարտությունը լուծվի, չպետք է մեղադրել միայն կողմին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ