Ստեփան Դանիելյանին հիշեցրինք, որ մի քանի տարի առաջ շատ ակտիվ էր քաղաքացիական հասարակությունը, որն այսօր նահանջ է ապրել։
«Բնականաբար, դրանում մեղավոր են քաղաքական ուժերը։ Քաղաքացիական նախաձեռնություններն այսօր պասիվ են։ Պետք է հիշել, թե անցյալ տարի Մաշտոցի պուրակի համար պայքարի ժամանակ ինչպես էին ընդդիմադիր ուժերը վարկաբեկում այդ նախաձեռնությունը։ Պարզվեց, որ իշխանություններն ավելի լոյալ են, քան ընդդիմադիրները։ Եվ դրա պատճառն այն էր, որ այդ կուսակցություններն այնտեղ նախաձեռնություն չէին ցուցաբերել։ Արդյունքում՝ նրանք այսօր ստացել են այն, ինչ ստացել են. և՛ քաղաքացիական նախաձեռնություններն են հայտնվել պասիվ վիճակում, և՛ իրենք որևէ նախաձեռնությամբ չեն կարողանում հանդես գալ»։
Ս. Դանիելյանը կարծում է, որ քաղաքացիական նախաձեռնությունները վարկաբեկում էին մի շատ պարզ պատճառով, նրանք ցույց էին տալիս, որ քաղաքական կուսակցություններն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, և նրանց ֆոնին իրենք մղվում են հետին պլան։ Միաժամանակ, ըստ մեր զրուցակցի, կուսակցությունները վախ ունեն, որ այդ նախաձեռնությունները կարող են վերածվել քաղաքական շարժման։ Նա հիշեցրեց, որ քաղաքացիական նախաձեռնությունները չունեն իշխանության գալու նպատակ, այդ մարդկանց չես կարող մեղադրել, որ ուզում են գալ իշխանության, որ զբաղվեն կոռուպցիայով և այլն։
Ստեփան Դանիելյանն ասաց, որ քաղաքացիական նախաձեռնությունները ընդդիմադիր ուժերը փորձեցին վարկաբեկել՝ դրանք կապելով իշխանությունների հետ։ Իսկ այսօր, մեր զրուցակցի դիտարկմամբ, երբ չկան քաղաքացիական ակտիվ նախաձեռնություններ, այդ նույն ընդդիմադիր ուժերը անելիք չունեն։
Կարդացեք նաև
Ս. Դանիելյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, թե Թուրքիայում մեկ այգու համար պայքարը ինչի վերածվեց։
«Նույնը կարող էր լինել Մաշտոցի պուրակի դեպքում, եթե ընդդիմադիր կուսակցություններն իրենց այդպես չպահեին։ Եվ դրանում մեղավոր են հենց այդ՝ ընդդիմադիր կոչվող կուսակցությունները»,- կարծում է ձեր զրուցակիցը։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում