Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոտ 30 միկրոավտոբուսային երթուղիներ «մոռացել են» ավտոբուսային դառնալ

Հունիս 25,2013 12:09

Թե քանի անգամ են Երեւանի ներկա, նախկին, նախկինի նախկին քաղաքապետները, տրանսպորտի վարչության պետերը հայտարարել մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի նոր ցանցի ներդրման մասին, երեւի թե քաղաքապետարանում էլ ոչ ոք չգիտի: Ու եթե հանկարծ, վերջին մամուլի ասուլիսից 10 ամիս անց, տրանսպորտի ներկայիս վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նորից որոշի մամուլի ասուլիս տալ, հաստատ նոր խոստումներ կտա ավտոբուսների թվի ավելացման եւ միկրոավտոբուսների թվի պակասեցման, դրա իրագործման նոր ժամկետների մասին: Մինչ այդ, հիշենք անցյալ տարվա սեպտեմբեր ամսին նրա մամուլի ասուլիսն ու Երեւանում ավտոբուսների թիվն ավելացնելու նրա խոստումները:
Այդ ժամանակ տրանսպորտի վարչության պետը խոստացավ, որ 5-6 ամսից, մոտավորապես այս տարվա ապրիլին, Երեւան կբերվեն 160 նոր ավտոբուսներ, եւ դրանք կհամալրեն գործող երթուղիները: Անցավ այդ ժամանակահատվածը, ավտոբուսներ բերվեցին, բայց ոչ թե 160-ը, այլՙ 52-ը: Նոր բերված ավտոբուսները երթուղիներ դուրս եկան Հանրապետության հրապարակից, եւ դրանից հետո անցած 3 ամիսներին ոչ մի կերպ մնացած ավելի քան 100 ավտոբուսները Երեւան չեն հասնում: Վերոնշյալ օրը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաստիացրել էր, որ մինչեւ տարեվերջ Երեւանի երթուղիները կհամալրեն եւս 200-300 ավտոբուսներ, իսկ մինչեւ տարեվերջ մայրաքաղաքի երթուղիներում կշահագործի 760 ավտոբուս: Ասես քաղաքապետն ու տրանսպորտի վարչության պետը մրցության մեջ լինեն, թե ով ավելի շատ ավտոբուսների մասին կխոստանա: Միայն թե հասկանալի չեղավ, թե նախորդ չբերված 100 ավտոբուսներն է՞լ են այդ 200-300-ի մեջ մտնում: Հասկանալին միայն այն է, որ Երեւանում տրանսպորտի խայտառակ վիճակի բարելավման խոստումը տեղափոխվում է ամսից ամիս, եռամսյակից եռամսյակ, կիսամյակից կիսամյակ, տարուց տարի:
Քաղաքապետարանը հրապարակել էր այն երթուղիները, որոնք արդեն պետք է ավտոբուսային դարձած լինեին, սակայն դրանց գերակշիռ մասը շարունակում է մնալ միկրոավտոբուսային, իսկ որոշներն էլ ընդհանրապես չեն գործում: Ավտոբուսային դառնալու նպատակ ունեցող շուրջ 30 երթուղիներ դեռեւս միկրոավտոբուսային են: Թիվ 6, 7, 15, 18, 24, 26, 28, 31, 33, 36ա, 82, 51, 52, 61, 62, 67, 72ա, 75, 76, 81, 89, 91, 99, 100, 101, 110, 111, 123, 114` այս բոլորը պետք է վաղուց արդեն դարձած լինեին ավտոբուսային երթուղիներ, բայց նրանք շարունակում են իրենց միկրոավտոբուսներով մարդկանց ապրանքի պես տեղափոխել:
Հարցեր են առաջանում` ինչո՞ւ մինչեւ հիմա նրանք չեն դարձել ավտոբուսային, ո՞րն է պատճառը, որքա՞ն կարելի է խաբել: Երեւանի քաղաքապետը, տրանսպորտի վարչության պետը, «Երեւան տրանս» ընկերության ղեկավարները իրենց ծառայողական մեքենաներով երթեւեկելիս երթուղայինների մեջ խցկված մարդկանց չե՞ն տեսնում: Եթե տնտեսվարողները չեն կարողանում իրենց պարտավորությունը կատարել եւ ներմուծել ավտոբուսները, ապա քաղաքապետարանը նրանցից պետք է պահանջի դա անել կամ հրաժարվել երթուղիներից: Որքա՞ն կարելի է երթուղիներ շահագործող մի քանի տասնյակ մարդկանց շահերի պատճառով ոտնահարել հարյուրհազարավոր երեւանցիների շահերը:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930