Խաչիկ Ստամբոլցյանը՝ ՄԻՊ-ի հեղինակած «Խտրականության դեմ» օրինագծի մասին: Հատված հարցազրույցից:
– Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքն այս հայտարարությանը ու նաև ՄԻՊ–ի այն դիտարկմանը, թե «պաշտպանը երբևէ չի հեղինակել և չի հեղինակի առանձին խմբերի համար նախագիծ և ներկայացնի քողարկված ձևով»։
– Անձամբ հանդիպել եմ Կարեն Անդրեասյանի հետ և իր մոտ գնացել եմ հետևյալ հարցով. «Ես չեմ եկել Ձեզ մոտ որպես օմբուդսմենի, այլ քրիստոնյա ազգի ներկայացույցչի. Դուք հավատո՞ւմ եք Աստծո գոյությանը»։ Ես կրծքիս ունեմ փոքր խաչ։ Ինքը պատասխանեց, որ քո խաչը դու արտաքինից ես կպցրել, ես ներսում եմ կրում՝ վզից հանելով խաչը։ Ցույց տալով սեղանին դրած Աստվածաշունչը՝ ասաց, որ ամեն օր է կարդում։ Ասացի՝ հավատո՞ւմ ես հանդերձյալ աշխարհին, ասաց՝ իհարկե։ Ասացի՝ էդ պարագայում էս օրենքը, որ գրել եք, ի՞նչ է նշանակում։ Ինքը չասաց, թե ես չեմ գրել, բայց նկատեց. «Եթե, պարոն Ստամբոլցյան, Դուք կարողանաք չթողնել, որ այս օրենքն անցնի, ես Ձեզ երախտապարտ կլինեմ, շնորհակալ, որովհետև ես էլ երեխեք ունեմ»։
– Այլ խոսքով, օմբուդսմենն ուղղակիորեն խոստովանե՞լ է, որ, մեղմ ասած, վատ օրենք են հեղինակել։
Կարդացեք նաև
– Նախ խոստովանել է, որ իրենք են գրել, երկրորդն էլ, որ դա սարսափելի վտանգներ է պարունակում։
– ՄԻՊ–ի գրասենյակը նաև «սուտ» է որակել Ձեր հետևյալ միտքը. «Խտրականության դեմ օրենքի նախագիծը պաշտպանում է համասեռամոլներին»։
– Իրենց նախագծի առաջին տարբերակի մեջ թվարկված էին բոլոր փոքրամասնությունները, այդ թվում նաև՝ միասեռականները։ Երբ մենք վեճ ունեցանք, նրանք «միասեռականություն» բառը դուրս հանեցին և երրորդ հոդվածում գրեցին «գենդերային» բառը։ Այսինքն, շատ խճճված բան ստացվեց։ Բայց մայիսի 20-ին ԱԺ-ն մի օրենք ընդունեց, որը կոչվում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ», որի երրորդ հոդվածում գրված է. «Գենդեր, գենդերային՝ տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»։ Այսինքն, միասեռականությունը փոխարինվեց գենդերով, իսկ ԱԺ-ն էլ այն դարձրեց «ձեռքբերովի սոցիալական վարք»։ Իրենց ապահովեցին։ Այդ օրենքում նաև ամրագրեցին, որ իրավունք չունեք Աստվածաշնչից տող կարդալու։ Օրենքում գրված է, որ արգելվում է հրապարակավ «անձի վերաբերյալ սեռական հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հայտարարություններ անել»։ Այսինքն, Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված թղթի մեջ գրված է, որ դրանք պիտի դժոխք գնան, ու եթե այդ մասին ասեմ, կստացվի, որ ես իրենց հրապարակային վիրավորե՞լ եմ։ Մեր բերանը փակում են։ Ծրագրված քայլելով առաջ են գնում։ «Խտրականության դեմ» օրենքի ոչ միայն այս հատվածին եմ դեմ, այլև ողջ օրենքին, որովհետև քրեական օրենսգրքում այս բոլոր հարցերը կան։ Վաղը-մյուս օրը, երբ այս օրենքները կընդունվեն, երեխայի ծնողները չեն գրվի հայր, մայր, այլ առաջին և երկրորդ ծնող։ Նորմալ մարդիկ փոքրամասնությունների զոհն են դառնալու։ Այլասերվածության դիկտատուրա է հաստատվելու։
– Սուտ են որակել նաև Ձեր հետեւյալ միտքը. «Համաշխարհային բանկը, ՄԱԿ–ը մասոնական կառույցների ներկայացուցիչներ են։ Հայաստանում ևս մասոնությունը տարածված է»։
-Մասոնությունը Հայաստանում գրանցված է որպես հասարակական կազմակերպություն՝ Դեմիրճյան 27 հասցեում։ «300-ի կոմիտե. համաշխարհային կառավարման գաղտնիքներ» և «Աշխարհի գրավման ճանապարհ» գրքերում գրված է, որ ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը մասոնական կառույցներ են։ Դա իմ խոսքը չէ, դա բոլորը գիտեն։ Իրենք իրենց տգիտությունն են ծածկում կամ դիտավորյալ փորձում են շահագործել։ Բամբասելը շատ հեշտ է, ինձ միշտ բամբասում են։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում