Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ՀՀ իշխանությունները հայտնվեցին իրենց սիրած թակարդում

Հունիս 25,2013 11:22

«168 ԺԱՄ». Գաղտնիք չէ, որ երբ Հայաստանում իշխանությունը ցանկանում է ինչ-որ բան անել, որն այնքան էլ բնակչության սրտով չի լինելու, ապա նախապես համապատասխան ֆոն է ձևավորում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով։

Ասվածը վերաբերում է, մասնավորապես, ընտրություններին։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ հայտնի և անհայտ որոշ սոցիոլոգներ իրենց պարտքն են համարում հանրությանը տեղեկացնել, որ ընտրություններում ակնհայտ  ֆավորիտ է իշխանական թեկնածուն կամ քաղաքական ուժը։

Այսինքն՝ իշխանությունը սոցիոլոգների միջոցով փորձում է ընտրողներին համոզել, որ վերջիններս ընտրելու են հենց այնպես, ինչպես ներկայացվում է։ Իսկ ընտրությունների ամփոփումից հետո, երբ մեղադրանքներ են հնչում կեղծիքներ կատարելու վերաբերյալ, որպես հակափաստարկ՝ մեջբերում են այդ հարցման արդյունքները։

Այսինքն՝ ուզում են դրանով ապացուցել, որ ընտրությունների արդյունքները սպասելի էին, ինչի մասին վկայում էր նաև հասարակական կարծիքի ուսումնասիրությունը։ Կարճ ասած, երբ հասարակության մեջ քննարկման առարկա հանդիսացող որևէ հարցի շուրջ հանդես են գալիս կոնկրետ սոցիոլոգներ (կամ սոցիոլոգիական կազմակերպություններ), ապա դա արդեն ահազանգ է, որ իշխանությունը մտադիր է ինչ-որ որոշում կայացնել և, այսպես ասած, «գծերն է ստուգում»։

Երեկ հնչել է հերթական ահազանգը։ Ճիշտ է՝ ոչ ընտրական թեմաներով, սակայն Հայաստանի համար ոչ պակաս կարևոր հարցի վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է Եվրասիական Միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը։ Այս հարցը, իհարկե, նոր չէ։

Սակայն վերջին շրջանում այն ավելի բուռն է քննարկվում, քանի որ գնալով ակնհայտ է դառնում՝ կոմպլեմենտար քաղաքականություն խաղացնելու հնարավորություն Հայաստանն այս դեպքում չունի։

Հնարավոր չէ և՛ շարունակել եվրաինտեգրման պրոցեսները, և՛ խորացնել համագործակցությունը Եվրասիական միության անդամ երկրների հետ (առավելևս՝ մաս կազմել այդ միությանը)։ Ավելին, երկու բևեռները հոգնել են այս խաղից և Հայաստանից պահանջում են վերջնականապես կողմնորոշվել՝ կա՛մ դեպի Ռուսաստան, կա՛մ դեպի Եվրոպա։ Հայաստանը, իր կամքին հակառակ, կանգնած է ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ։ Այն, որ Հայաստանի համար ձեռնտու չէ կապերը կտրել եվրոպական աշխարհի հետ շարժվել դեպի Ռուսաստան, երևում էր հենց իրենց՝ հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններից։ Նրանք տևական ժամանակ խուսափում էին այս հարցից, հետո տարբեր պատճառաբանություններ բերում այն մասին, որ, օրինակ, Հայաստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահմաններ չունի, և այլն։ Վերջին շրջանում ռուսաստանյան կողմը գնալով կոշտացնում էր ձևակերպումները (օրինակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրների միգրանտներին երկրից վտարելու մասին), իսկ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը՝ հակառակը՝ ավելի փափուկ էր դառնում։ Իսկ գազի գնի թանկացումը պատճառ հանդիսացավ, որպեսզի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խոսակցությունները նոր ուժով բորբոքվեն։

Մասնավորապես, կարծիքներ էին հնչում, որ գազի առավել էժան գնի կամ սուբսիդավորման տրամադրման դիմաց Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է անդամակցել այս միությանը։ Ինչևէ, սուբսիդավորման կոնկրետ աղբյուրի վերաբերյալ դեռ հստակություն չկա, իսկ Միությանն անդամակցելու վերաբերյալ խոսակցությունները մի փոքր հանդարտվել էին, երբ այդ մասին կրկին հիշեցրին շատ անսպասելի և ինչ-որ տեղ վտանգավոր նախաձեռնությամբ։

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930