Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆՒ հարցազրույցից
–Վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի խնդիրը ոչ թե քաղաքական գնահատականներ տալն է, այլ ձեռքի տակ եղած փաստերը բարձրաձայնելը։ ՎՊ նախագահը դրան հակադարձեց՝ «խնդրելով» մատնացույց անել հարցի քաղաքականացման գեթ մեկ դրվագ, որտեղ խոսվում է բյուջեի «համատարած թալանի» մասին։ Կառավարություն-ՎՊ բանավեճը կարելի՞ է սպառված համարել։
-Չէի ասի, թե հարցը փակված է։ Կարծում եմ, առաջիկայում ականատես կլինենք որոշակի գործողությունների, որովհետեւ, ի վերջո, նյութերը ուղարկվելու են դատախազություն։ Այնպես որ հետեւենք զարգացումներին, տեսնենք՝ դատախազությունն ինչ ընթացք կտա ՎՊ ներկայացրած փաստերին։
Մինչ այդ, ըստ իս, ճիշտ կլիներ զերծ մնալ ծայրահեղ գնահատականներից եւ մեկնաբանություններից։ ԱԺ լիագումար նիստում հնչած գնահատականները՝ լայնածավալ չարաշահումներ, մսխումներ, վատնումներ եւ այլն, «մղձավանջային» տպավորություն են գործում լսողի վրա, եւ հետո շատ ավելի դժվար է մեղմել առաջին տպավորությունը կամ բերել ճշմարիտ գնահատականների դաշտ։
Օրինակ, երբ ասվում է, որ բյուջեի ծախսերի 700 միլիարդը ռիսկային է, հարց է առաջանում. այդ 700 միլիարդի մի մասը՝ մի քանի միլիոն կամ ավելի, բաժին է ընկնում ՎՊ-ին՝ նշանակում է, ինքը իրե՞ն է կասկածում։
Եթե այդ ամենը ներկայացվեր չեզոք, հավասարակշռված դաշտում, հազիվ թե ԱԺ ամբիոնից այսքան տարաբեւեռ, ծայրահեղ մեկնաբանություններ եւ գնահատականներ հնչեին։ Ըստ իս, ներկայացնելու ձեւն էր պատճառը, որ պատգամավորները, հատկապես ընդդիմությունը, առաջ քաշեցին տարաբնույթ հարցեր, որոնք ընդհանրապես կապ չունեին ՎՊ հաշվետվության հետ։ Ընդհուպ՝ փորձեցին չեղած պատճառահետեւանքային ինչ-որ կապեր տեսնել այս ամենի մեջ։
Այսինքն՝ խնդիրը հետեւյալն է. արդյոք պատկերն իսկապե՞ս այն «սյուրռեալիստական» գույների մեջ է, որին «ականատես» եղանք ԱԺ քննարկումների ընթացքում, թե՞ պարզապես տպավորություն գործելու համար էր ամեն ինչ ներկայացվում հնարավորինս մռայլ, թանձր գույներով։
Ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին։ Տպավորությունն այնպիսին էր, թե Վերահսկիչ պալատը փորձում էր ընդգծել իր կարեւորությունը, ցույց տալ կատարված «հսկայական» աշխատանքը, բայց ինչի՞ հաշվին։ Ի վերջո, այդ աշխատանքի գնահատականը հանրությունը, մենք՝ պատգամավորներս, պիտի տանք։
–Նկատենք, որ «թալան» բառը հենց ԱԺ նախագահը դրեց շրջանառության մեջ՝ ասելով, որ որոշ մարդիկ անպատիժ կերպով թալանում են բյուջեի փողերը։ Ինչն էլ, ի դեպ, ոմանց հիմք տվեց խոսելու ներիշխանական ինտրիգների, «անլուծելի» հակասությունների մասին։
-Ի՞նչ հակասությունների մասին կարող է խոսք լինել, երբ ՎՊ-ի «բացահայտումները»՝ հատկապես գնումների եւ շինարարության ոլորտում տեղ գտած արատավոր երեւույթների վերաբերյալ, լիովին տեղավորվում են է Հանրապետականի, անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի հռչակած քաղաքականության մեջ։
Բայց երբ ԱԺ ամբիոնից լսում ես «բազմաթիվ չարաշահումների», բացթողումների, շուկայական գնից 300 անգամ ավելի թանկ ձեռք բերված մալուխի մասին, արձագանքը պետք է համարժեք լիներ։ Բնական է, որ ԱԺ նախագահը, որպես նիստը վարող, որը նաեւ պատասխանատու է ԱԺ բնականոն աշխատանքի համար, պիտի համապատասխան հարցադրումներ աներ։ Հետին թվով ասել՝ հաշվետվության մեջ այս, այս բառերը չկան, ցույց տվեք մի դրույթ, որտեղ գրված է համատարած թալանի մասին, ըստ իս, այնքան էլ կոռեկտ չէ. կարելի է այս կամ այն բառը չօգտագործել, բայց տոնայնությունը, ներկայացման ձեւն ինքնին հարցեր են առաջացնում։
Ի՞նչ է նշանակում՝ մալուխը հանել, ցույց տալ, ինչ-որ բաներ ասել… Արդարադատության նախարարն էլ, դրան ի հակակշիռ, փայտ էր բերել, եւ շատ տեղին օրինակ բերեց՝ ասելով. երբ կոստյում եմ առնում, կոստյումի գինն է ինձ հետաքրքրում, ոչ թե կոճակի։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում