ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։
ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մ. Մովսիսյանը 2012թ. հունվարից` մինչ զինծառայության անցնելը, համացանցի միջոցով ծանոթացել է «Օդնոկլասսնիկի», mail.ru agent և «Facebook» սոցցանցերում «S Dr.», «Seryan Dervisyan», «Tigran Dervisyan» պրոֆիլներով հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և վերջիններիս նամակագրական կապը շարունակվել է նաև Մ. Մովսիսյանի ՀՀ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո:
Առկա տվյալների համաձայն, Մ. Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Նմանատիպ հանցագործություն կատարելու համար ԼՂՀ ԱԱԾ կողմից ձերբակալվել են 2 անձիք, որոնցից մեկը հանդիսանում է ԼՂՀ ՊԲ զինծառայող: Վերջիններս ևս համացանցի միջոցով հավաքագրվել էին վերոնշյալ պրոֆիլներով հանդես եկող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից և այժմ ԼՂՀ դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն