«Հայոց աշխարհ». Այս տարվա մայիսին սպառողական ապրանքների գների բարձրացումը գերազանցեց աշխատավարձերի ավելացմանը։ Եթե առաջինը կազմեց 5,2, ապա երկրորդը՝ 4,1 տոկոս։ Այլ կերպ ասած, անցած տարվա մայիսի համեմատ միջին գները բարձրացել են 5,2, աշխատավարձերը՝ 4,1 տոկոսով։
Տարադրամով արտահայտված միջին աշխատավարձը նույնիսկ նվազել է։ Պաշտոնական տվյալներով, հունվարին միջին աշխատավարձը եղել է 340, փետրվարին՝ 346, մարտին՝ 346, ապրիլին՝ 343 դոլար։ Միջին աշխատավարձը դոլարով արտահայտված նախորդ տարվա հունվարից ցածր է եղել 1,7, փետրվարից՝ 0,5, մարտից՝ 3,9, ապրիլից՝ 3,5 տոկոսով։ Սա աշխատավարձի փոփոխության իրական պատկերն է։
Այնպես որ աշխատավարձերի բարձրացումը Հայաստանում նկատելի է հիմնականում դրամով։ Թեեւ անգամ այդ դեպքում ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ 2013թ. աշխատավարձերը չափազանց դանդաղ են բարձրանում։ Տարեսկզբի 5 ամիսներին միջին աշխատավարձը ավելացել է ընդամենը 3,6 տոկոսով։ Սա վարձատրության աճի ամենացածր մակարդակն է ԱՊՀ տարածքում։
Աշխատավարձերի դանդաղ աճի պատճառները տարբեր են։ Սակայն հիմնականն այն է, որ վերջին տարիներին կառավարությունը, ինչ-ինչ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, պատշաճ ուշադրություն չի դարձնում հասարակության, առավել եւս պետական հատվածում զբաղվածների վարձատրության ավելացմանը։ Մի բան, որ սովորաբար նպաստավոր ազդեցություն է թողնում նաեւ մասնավոր հատվածի աշխատավարձերի վրա։
Մասնավոր հատվածում միջին աշխատավարձը հասնում է 188 հազար դրամի։ Իհարկե, նկատի ունենալով օրենսդրական այն փոփոխությունները, որոնք հանգեցրին աշխատավարձերի ցուցանիշների արհեստական, բայց ոչ իրական բարձրացման։ Մասնավոր հատվածում այս տարվա ընթացքում միջին աշխատավարձը ավելացել է 6,1 տոկոսով։ Մինչդեռ պետական հատվածում աշխատավարձի աճը ընդամենը 2 տոկոսի սահմաններում է։
Ներկայումս Հայաստանում միջին աշխատավարձը տատանվում է 149 հազար դրամի սահմաններում։ Եթե պետական հատվածում այն 115 հազար է, ապա մասնավորում հասնում է 188 հազար դրամի։ Սակայն աշխատավարձերը բարձր են տնտեսության ոչ բոլոր ոլորտներում։ Այստեղ առաջնությունը պատկանում է ընդամենը 3 ճյուղերի։ Խոսքը հանքարդյունաբերության, տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի մասին է։
Ամենաբարձր վարձատրությունը գործում է ֆինանսական եւ ապահովագրական շուկայում։ Միջին աշխատավարձն այստեղ անցնում է 360 հազար դրամը։ Բայց այնպես չէ, որ դա ձեւավորվել է միայն ի հաշիվ մասնավոր հատվածի բարձր աշխատավարձերի։ Ֆինանսական եւ ապահովագրական ոլորտում աշխատավարձերն ավելի բարձր են, քան պետական հատվածում։ Ընդհանրապես միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշն այստեղ է։
Պետք է ենթադրել, որ խոսքն այս դեպքում առաջին հերթին վերաբերում է Կենտրոնական բանկին։ Այստեղ միջին աշխատավարձը 457 հազար դրամ է։ Այն զգալիորեն բարձր է ոլորտի մասնավոր հատվածի աշխատավարձերից։ Պաշտոնական տվյալներով, ֆինանսական եւ ապահովագրական ոլորտի միջին աշխատավարձը մասնավոր հատվածում 356 հազար դրամի սահմաններում է։ Այն 100 հազարով ցածր է պետական հատվածի նույն ոլորտի աշխատավարձերից։
Եվ սա այն դեպքում, երբ ամեն տարի Կենտրոնական բանկը, բարձրացնելով իր աշխատողների աշխատավարձը, դա պատճառաբանում է նրանով, որ առեւտրային բանկերում մարդիկ իրենցից շատ են ստանում։ Սա էլ հիմք է ընդունվում ԿԲ-ի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու համար։ Չնայած այն նույնիսկ դժվար է համեմատել այլ ոլորտների, հատկապես պետական հատվածի աշխատավարձերի հետ։
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում