Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ուխտավորներին Սեւանից դուրս են արել. «Չե՞ք տեսնում Սերժ Սարգսյանն է անցնում» պատճառաբանությամբ

Հունիս 24,2013 23:24

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի հանրույթի մի քանի անդամներ երեկ իրենց երեխաների հետ`թվով 50 հոգի, գնացել են Սեւանավանք՝ ուխտի, եւ երբ պատարագի մասնակցելուց հետո փորձել են տեղավորվել օրինական կարգով եկեղեցուն պատկանող լճափին հանգստանալու, մեկը մոտեցել եւ հոխորտանքով պահանջել է ազատել տարածքը:

Վերջինս ասել է, որ քիչ անց Սերժ Սարգսյանը պիտի անցնի 50 մետր վերեւում գտնվող ճանապարհով: Այս մասին, այսօր Aravot.am –ին դժգոհելով պատմեցին ուխտավորները: «Ենթադրում ենք, որ այդ անձը Սերժ Սարգսյանի դաչայի տնօրենն է, թե ինչու է նախագահն վանքապատկան այդ ճանապարհով որոշել անցնել, հասկանալի է՝ այդ տարածքում միայն Վազգենյան հոգեւոր դպրոցի սաներն են լինում, եւ խոնարհ պատանիներին միշտ էլ կարելի է շեֆի ճանապարհից հեռու քշել: Իսկ թե ափին հանգստացող շուրջ 50 հոգիս՝ հիմնականում երեխաներ, աղջիկներ ու կանայք, Շիրակից կտրել, հսկա ճանապարհ ենք անցել, ինչո՞ւ պիտի հեռանայինք այդ տարածքից, այդպես էլ մեզ համար հասկանալի եւ ընդունելի չեղավ: Մենք բնականաբար չկատարեցինք  նրա անօրեն պահանջը, բայց սրանով չպրծանք: Նա գնաց ու ոստիկանների ուղարկեց: Մենք պաշտպանեցինք մեր ու հատկապես երեխաների հանգստի իրավունքը, դե վերջը նաեւ փող ենք ծախսել, հազարից մեկ Սեւան ենք գալիս հանգստի: Մտածում էինք, որ ոստիկաններին մերժելուց հետո մեր հաջորդ հյուրերը դիմակավոր եւ բերետավոր հատուկ ջոկատայիններն են լինելու: Բայց մեզ մոտեցավ մի բարձրաստիճան ոստիկան, հենց սկզբից ներողություն խնդրեց հանգիստներս հարամելու համար եւ առաջարկեց ըմբռնումով մոտենալ իրենց արարքին, քանի որ կատարում են վերադասի սահմանած կարգը: Իհարկե, չէինք հեռանա տարածքից, եթե չմիջամտեր Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Կոնֆլիկտը չմեծացնելու նրա հորդորին հնազանդվելով`ի վերջո  հեռացանք», -պատմեցին ուխտավորները:

Սակայն, ըստ նրանց, ամբողջ գիշեր վիրավորանքից չեն քնել: «Ախր, մենք եւ երեխաները շաբաթներով պատրաստվել էինք Սեւանի հետ հանդիպմանը, ծախսեր էինք արել: Չգիտեինք, թե ի՞նչ ասեինք երեխաներին, ասեինք՝ անկարգության արեցինք, այդ պատճառով մեզ լճափից վռնդեցին, ախր նույնիսկ չհասցրեցինք Սեւանի հետ լուսանկարվել: Ասեինք Սերժ պապիկը մեզ չի սիրում, պիտի հարցնեին՝ էդ ի՞նչ արեցինք որ, ինչո՞ւ չի սիրում: Փաստորեն մի մարդու պատճառով 50 հոգուս հանգստի իրավունքը ոտնահարվեց հենց եկեղեցուն պատկանող տարածքում: Ուղղակի անհասկանալի է, իրոք էդքան սարսափելի էր մեր գոյությունը ճանապարհից առնվազն 50 մետր հեռավորության վրա: Եթե այո, մի՞թե ավելի քաղաքակիրթ չէր լինի մի ոստիկանի հերթապահությունը մեր «ահաբեկչական» խմբի կողքին, քան թե այդպես նվաստացնելը մարդկանց: Կամ գոնե ասեին, թե նախագահի անցնելուց հետո կարող եք վերադառնալ ձեր ափը»,- ապշած են ուխտավորները:

Նրանցից շատերը ուզում են հավատալ, որ նախագահը հազիվ թե տեղյակ է իր ենթակաների խայտառակ արարքի մասին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. գևորգ says:

    Միթե դա նշանակում է, որ նախագահը ժողովրդի կողմից ընտրված չէ, ժողովրդից միշտ կարելի է վտանգ սպասել: Մի հումորով գյումրեցի էլ ասաց, –

  2. Spartak says:

    Դրանից ավելի սարսափելի վատություն Ս.Սարգսյանի համար անհնար է մտածել:

  3. Armine G says:

    Ախր հենց էս մասին ենք էսքան ասում որ պետք է ինքնակազմակերպվենք ու բոլորս՝ ազգովին: Եթե արդեն ինքնակազմակերպված լինեինք, հենց Տեր Միքայելը կամ այդ բարձրաստիճան ոստիկանը կմերժեր Սերժի պահանջը կատարել որ տեղանքը ազատեիք: Իսկ որ Սերժն էլ ինքնակազմակերպված լիներ, կմոտենար ձեզ ու կողջուներ ձեզ ձեր ուխտը կատարելու համար: Իսկ քանի դեռ չենք ինքնակազմակերպվել ազգովին, գոնե լավ է որ դուք դիմադրել էք ինչքան հնարավոր է: Կեցցե’ք: Ձեզանից է սկսվում Նոր Հայաստանը:

  4. Հայ Քրիստոնյա says:

    Նախագահը շատ էլ լավ տեղյակ է։ Այս ամբողջ ծեսերը հենց ինքն էլ մոգոնել է, նույնիսկ իր ստվերից է վախենում։

  5. Maxim says:

    Այո,՝ նախագահը տեղյակ է իր ենթակաների խայտառակ արարքի մասին: Եթե նախագահը լիներ այլ
    մտածողության, գաղափարի, և արժեքների կրող, նա միանշանակ կմոտենար այդ 50 հոգուն, կվողջուներ, կհարցներ նրանց հոգսերից և կանցներ առաջ: Բայց քանի որ նա շատ լավ գիտի նրանց
    անմխիթար վիճակի մասին, և ոչ մի փատասխան չունի տալու, և դրա անհրաժեշտությունն էլ չի զգում, ապա նրա պահվածքը՝ միակն է համապատասխան նրա էությանը:

  6. Արամ says:

    Իա, բա ինչ էիք ուզում, համ չթողիք 80-90 “խփեր”, համ էլ ուզում եք Սևան տենաք: Ուխտի մասին էլ մոռացեք, կոմսոմոլն ինչ հասկանա ուխտի ու ուղտի տարբերությունը: Իսկ որ սուլթանը գիտի իր նազիր-վեզիրների վարքն ու բարքը, մի կասկածեք: Այ միակ հարցը որը մտածելու տեղիք ա տալիս էն ա, որ տեսնես սելջուկ առաջնորդն էլ նույն կերպ կվարվեր 10-րդ դարում այնպես, ինչպես ազգընտիր Նախագահն 21-րդ դարում:

  7. Հայ Քրիստոնյա says:

    Ուրեմն 1985 թ. “Литературная Газета” թերթում մի հոդված կար տխրահռչակ զորի բալայանի (ձեռքս չի գնում մեծատառով գրեմ, նա այն ժամանակներից պնակալեզ էր) ձեռքով գրված, վերնագիրը՝ “Аплодисменты в кабинете министра”։ Այդ ժամանակ ՆԳ մինիստրը Հայկազ Շահինյանն էր ու նրա մասին տարածվել էր տեղեկատվությու (գրվել էր անանուն նամակ), որ շատ մեծ կաշառակեր է, ու նույնիսկ գրված էր եղել թե որ պաշտոնի համար ինչքան գումար է վերցվել կաշառք։ Օրինակ էր մեջբբերված վերոհիշյալ հոդվածում որ ոստիկանության շրջանային պետի պաշտոնն արժեցել 150000 խորհրդային ռուբլի։ Հոդվածագիրը նկարագրում էր այն տեսարանը նախարարությունում (որին ինքը ներկա է եղել որպես վերոհիշյալ թերթի թղթակից), որ նախարարը հավաքել է իր բոլոր պաշտոնավոր ենթականերին ու բաժանել թերթիկներ ու հարցրել, թե ով որ կաշառք է տվել թող թերթիկում նշի +։ Երբ որ բացում են թերթիկները բոլորն էլ եղել են մաքուր։ Ու ամբողջ դահլիճում հնչել են բուռն ծափահարություններ։ Այսինքն ինքը տեղյակ չի եղել կաշառակերության մասին։ Հիացմունքով գրված հոդված։ Հիմա մեր նախագահը տեղյակ չի ինչ է կատարվում հանրապետությունում։

  8. Maxim says:

    Եթե նախագահը տեղյակ չէ տիրող իրավիճակին, ապա մեկ անգամ ևս փորձենք տեքեկացնել:

    Ով ռոբսաբարո,՝ շեռժիկ ու շաշիկ,
    Դուք հայոց ազգին՝ շատ դաժան քաշիք,
    Դուք հայոց ազգին՝ ծնկի բերեցիք,
    Չնչին գումարով բռնաբարեցիք:
    Սկզբում անշուշտ դարձրիք չքավոր,
    Նրանց վիճակը դարձավ ահավոր,
    Շատերը իրենց հողը լքեցին,
    Ձեզ մարդ ասողի՝ վրան թքեցին:
    Սակայն կա՝ ԳՅՈՒՄՐԻ, ԻՋԵՎԱՆ, ԿԱՊԱՆ,
    Որտեղ պատիվն է գործում անխափան,
    Նրանց նամուսը փողով չես գնի,
    Թասիբը գնել՝ չես հանդգնի:
    Այ կա մի մեծ վայր, ձեզ բարենպաստ,
    Դաշտն Արարատյան, տասնյակ հազար փաստ,
    Որտեղ թասիբն ու խառը կանաչին,
    Նույն արժեքն ունեն,՝ թեպետ մի չնչին:
    Սակայն այլ բան է՝ մեր Երևանը,
    Շատ հստակ գործեց՝ թաղի խուժանը,
    Անչափ մտածված ու կազմակերպված,
    Բերեցին ազգի՝ հոգուն մեծ հարված:

    Եթե ցանկացող լինի շարունակել, շարունակեք խնդրում եմ, իմ վիրավորված լինելը թույլ չի տալիս
    այն շարունակել:

  9. Վարդան says:

    Ասում են, որ երբ Սերժը հարսանիքի է գնում՝ նրա այցին նախորդում է վարժեցված շների ասպատակումը, որոնք մանրակրկիտ զննում են տարածքը, հարսի շորի մեջ ռումբի, կամ այլ զենք զինամթերքի առկայությունը :

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930