Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում

Հունիս 24,2013 21:10

ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ներկայացնում ենք նրա ելույթը:

Հարգելի խորհրդարան,

Հարգելի գործընկերներ,

Հատկապես վերջին շրջանում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը ակտիվորեն ուղիներ է փնտրում՝ մասնակցության իր ձեւաչափը ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Ի՞նչ կարող է անել ԵԽԽՎ-ն։ Այդ մասին բազմիցս խոսել են մեր Վեհաժողովի,  ԵԽ պաշտոնյաները։ Եւ դա առաջին հերթին կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը կարող է լինել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը հակամարտության կարգավորման իր աշխատանքը տանում է երկու հավասարապես կարեւոր ուղղություններով՝ հիմնարար սկզբունքեր եւ  վստահության մթնոլորտի ձեւավորում։ Ահա այս երկրորդում է, որ ԵԽԽՎ-ն կարող է իրապես լուրջ դերակատարություն ունենալ, եւ մենք գնահատում ենք թե՜ ԵԽ գլխավոր քարտուղարի, թե՜ մեր Վեհաժողովի նախագահի ջանքերն այս ուղղությամբ։ Սակայն, հարգելի գործընկերներ, հարգելի նախագահ, ես ուզում եմ ձեզ տալ շատ պարզ մեկ հարց՝ ի՞նչ վստահության մթնոլորտի մասին կարող է խոսք  լինել, երբ Ադրբեջանի Միլի Մեջլիսում նախապատրաստվում է ինկվիզիցիոն մի նախագիծ, որը որեւէ սթափ տրամաբանության մեջ  հնարավոր չէ տեղավորել։ Որեւէ կերպ հնարավոր չէ պատկերացնել, որ 21-րդ դարում, ԵԽ անդամ երկրի խորհրդարանում կարող են առաջարկել մի  նախագիծ, որը պահանջում է  քրեական  պատասխանատվության  ենթարկել Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր ինչ-ինչ շփումներ կունենան Հայաստանի որեւէ կառույցի հետ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նշյալ նախագծի հոդված 7-ում ասվում է՝ «Ադրբեջանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր կհամագործակցեն հայաստանյան որեւէ կառույցի, կամ գերատեսչության հետ, կենթարկվեն քրեական պատասխանատվության»։ Այս ինկվիզիցիոն շեդեւրի 4-րդ հոդվածը լրջագույն սանկցիաներ է նախատեսում նաեւ օտարերկրյա այն քաղաքացիների համար, ովքեր, ըստ նախագծի, կհամարձակվեն մտնել, ադրբեջանական բնորոշմամբ, օկուպացված տարածքներ՝ շրջանցելով Ադրբեջանը։

Այո, հարգելի գործընկերներ, սա ստրկատիրական բարքերին հեռավոր հղում չէ, այլ իրականություն, փաստ, որը տեղի է ունենում մեր կողքին, ԵԽ անդամ երկրում։ Եւ այսքանից հետո խոսել վստահության մթնոլորտի անհրաժեշտության մասին, ինչը, իհարկե, անչափ կարեւոր է, խոսել անհանդուրժողականության ու այլատյացության մերժման մասին, կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ ադրբեջանական նման ֆաշիզմի պարագայում ուղղակի աբսուրդ է։

Ամեն դեպքում ես իմ շնորհակալությունն եմ հայտնում միջազգային բոլոր այն կառույցներին, որոնք փորձում են իրենց կառուցողական մասնակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի  հակամարտության խաղաղ կարգավորման գործում, հասկանալով, որ  հակամարտությունների կարգավորումը հնարավոր է առաջին հերթին վստահության մթնոլորտի, մարդու հիմնարար իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները հարգելու  ճանապարհով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930