Գյոթինգեն համալսարանի հետազոտող Բհասուաթի Բհաթաչարյան պատրաստվում է Հնդակաստանի հայ համայնքի մասին գիրք հրատարակել: Հայտնում է «Դի Էն Էյ» լրատվականը:
Բհաթաչարյան պատմել է, որ գիրքը 1700-ից 1947թթ. Հնդկաստանում ապրած հայերի մասին է. «Ես սկսել եմ նախագաղութային շրջանի առեւտրային ցանցից, ուսումնասիրել եմ գաղութային շրջանում տեղի ունեցած փոփոխությունները՝ ինչպես է ձեւավորվում ինքնությունը գաղութային շրջանի վերջերում, եւ թե ինչ հետեւանքներ է ունեցել այս ամենը ներկայիս համայնքի վրա»:
Պատմելով իր բացահայտումների մասին՝ նա ասում է, որ իր հետազոտությունը պատասխանում է հարցերին, թե ինչու են 17-րդ դարում Հնդկաստան տեղափոխվելը կարեւոր դարձել հայերի համար, եւ թե ինչպես 18-րդ դարում հայերը գնալով ֆինանսապես անկախացան Նոր Ջուղայից, որը 17-րդ դարասկզբին հայերի համար առեւտրով զբաղվելու հիմնական վայրն էր արեւելքում. «Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես այս առեւտրականները, երբեմն զրոյից սկսելով, իրենց ցանցերը կառուցեցին Մադրասում, Կալկաթայում եւ այլ վայրերում»:
Պատմելով, թե ինչպես է նրա մոտ հայերի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել, Բհաթաչարյան ասում է, որ որպես հնդկական ծովային առեւտրի գծով ասպիրանտուրայի ուսանող, նա եվրոպական բոլոր աղբյուրներում հանդիպել է հայերի մասին հիշատակումների. «Իմ ուսումնասիրություններն ինձ տարան Բարբազարի հայկական եկեղեցի, հայկական քոլեջ եւ հանդիպեցի Կալկաթայի համայնքի մի քանի առաջնորդների: Իրենց հետ խոսելիս որոշեցի այս թեման ընտրել հետո դոկտորական հետազոտության համար»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ