Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Սարգսյան. «Կամավորականները ջոկատից ջոկատ էին փոխվում եւ այդ առումով խառնաշփոթ է առաջացել»

Հունիս 24,2013 19:51

Կամավորական ազատամարտիկները հրամանատարներին չեն գտնում, որ պատերազմին մասնակից լինելը հավաստող փաստաթղթեր ձեռք բերեն:

«Շուշիի ազատագրմանը մասնակցել է 1500-1600 մարդ, բայց արդեն մոտ 6000 մարդ պարգեւատրված է Շուշիի ազատագրման համար մեդալով: Մեր ժողովրդի մեջ կա`չմասնակցելով`մեդալներ վերցնեն, կախեն կրծքներից: Իսկական կռված տղան մնում է ստվերում, իսկ ինքնակոչը գալիս է ասում` ինձ մեդալ տվեք ես մասնացել եմ պատերազմին: Որպեսզի այդպիսի բաներից խուսափենք անհարժեշտ է, որ այդ փաստաթղթերը հավաքվի օր առաջ, օրենքն ընդունվի եւ սոցիալական երաշխիքները լինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 22-ին Կամավորական ազատամարտիկների խորհրդի հայտարարությանը, որտեղ խորհուրդը ԱԺ պատգամավոր-գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի նախաձեռնած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի շուրջ մի շարք մտահոգություններ է ներկայացրել, ասաց Դաշնակցության գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Իգոր Սարգսյանը:

Կամավորական ազատամարտիկները գտնում են, որ կամավորական ազատամարտիկների կարգավիճակի մասին օրենքը կրկին չի լուծի նրանց սոցիալական հարցերը եւ որ ԱԺ-ն հապճեպ կարգով օրակարգ է մտցրել կամավորականներին ոչ մի նոր բան չտվող օրենքի նախագիծ: Մտահոգություններից մեկն էլ այն է, որ օրենքի պահանջով կամավորական ազատամարտիկները պետք է սահմանափակ ժամկետում ձեռք բերեն եւ ներկայացնեն իրենց կամավորական լինելն ապացուցող փաստաթղթեր, հակառակ պարագայում չեն ստանա այդ կարգավիճակը: Մինչդեռ, ըստ խորհրդի այդ պարտականությունը պետք է դրվեր պետության վրա, քանի որ այդ ազատամարտիկները, մեծ մասամբ, հաշմանդամ են, տարիքն առած:

Այս առնչությամբ Իգոր Սարգսյանն ասաց. «Քանի որ կամավորականները 90-ականների սկզբներին տարբեր ջոկատներում էին լինում`ջոկատից ջոկատ էին տեղափոխվում կամ 2-3 ամսով դուրս էին գալիս, կամ պատերազմին մինչեւ վերջ չէին մասնակցում, խառնաշփոթ էր առաջանում: Կամ պատահում էր այնպես, որ իրենք ընդգրկված չէին լինում այդ ջոկատների կազմում, չնայած որ մասնակցում էին պատերազմին: Եվ որպեսզի նրանց, որպես ազատամարտիկ ճանաչեն, պետք է նրանց մասին վկայություն տան իրենց մարտական հրամանատարները, մարտական ընկերները, որ, իսկապես, այս մարդը եղել է այս թվականներին` այսինչ կռիվներին:

Բայց այդ մարդկանցից շատերը Հայաստանում չեն, գնացել են եւ կամավորական ազատամարտիկները չեն կարողանում հրամանատարներին գտնել, որպեսզի ստորագրություն տան ու հաստատեն, որ այդ մարդը կռվել է, սակայն պետությունն ինքն էլ չի կարող որովհետեւ ջոկատների ցանկերը ոչ ամբողջությամբ են ներկայացված եղել պետական մարմիններին, որ պետությունը հասկանա այս մարդը մասնակցել է թե ոչ: Որպեսզի այդպիսի բաներից խուսափեն անհարժեշտ է, որ այդ փաստաթղթերը հավաքվի, իսկ պետությունը երբեք չի ընկնի մարդկանց հետեւից, ասի այ դու այստեղ ես կռվել: Կան փաստաթղթեր, որ ֆիզիկական անձը ինքը պետք է տանի`իր լուսանկարը, տեղեկանք բնակավայրից, զինգրքույկի պատճե կամ ինքնակենսագրություն»:

Պարոն Սարգսյանի, խոսքերով, պետական կառավարման լիազոր մարմինը որոշակի պաշտոնական գործողություններ իրականացնում է

պատերազմի մասնակիցներին կարգավիճակ տալու հարցում. «Այսինքն, արդեն կա պատերազմի մասնակից հասկացողությունը մեր օրենսդրության մեջ, չկա հստակ սոցիալական երաշխիքները սոցիալական ապահովության մասին` դրամական տիպի, կամ ասենք կենսաթոշակի հարցերում, տրանսպորտից օգտվելու արտոնություններ, առողջապահական եւ այլն: Ճիշտ է, որոշակի պետական հովանավորություն կա, բայց կանոնակարգված չէ: Գեներալի գլխավորությամբ գոնե այսպիսի օրենքով դա կկարգավորվի, այս 20 տարիների ընթացքում կարգավիճակ տալու մասին որեւէ մեկը խնդիրը չէր բարձրացրել»:

Ըստ մեր զրուցակցի կարելի է վերանալ երկրապահ հասկացողությունից եւ ստեղծել պատերազմի մասնակցի կարգավիճակի հետ կապած մի օրենք եւ այդ օրենքով հստակ սահմանել, թե ինչ արտոնություններ պետք է ունենա պատերազմի մասնակից մարդը. «Աստված ոչ անի, որ եթե պատերազմ լինի, էլի կամավորականներն են հիմնական պատերազմը տանելու: Եթե այսօր այս մարդիկ չգնահատվեցին, նոր կամավորականներ չեն ծնվելու: Պետք է ստեղծել մի օրենք, որը բոլորին հավասար կարգավիճակ կտա եւ չլինի այնպես, երկրապահը բարձր կարգավիճակ ունենա, մնացած կռվողներն՝ ավելի ցածր»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930