Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում կրքերը թեժանում են. եվրոպացի պատվիրակները հարցախեղդ են անում Նալբանդյանին, հիշում` Քոչարյանին

Հունիս 24,2013 19:25

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը ելույթ ունեցավ ԵԽ Նախարարների խորհրդի նախագահող, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ընդգծեց նախագահության առաջնահերթությունները, շեշտեց, որ նախարարների խորհուրդը ջանքեր է գործադրելու մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, միջմշակութային համագործակցության ուղղություններով: Նա նաեւ հավաստացրեց, որ Հայաստանի նախագահությամբ ԵԽ Նախարարների խորհուրդը պատրաստ է համագործակցային սկզբունքով քաղաքական համագործակցություն ծավալել ԵԽ նախարարների խորհրդի եւ Վեհաժողովի միջեւ:

Այնուհետեւ ԵԽԽՎ պատվիրակները հարցեր ուղղեցին Է. Նալբանդյանին: Ամենամեծ հետաքրքրությունն առաջացրեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:  Է. Նալբանդյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությանը Ադրբեջանի արձագանքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եւ միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով:

Մասնավորապես ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը խաղաղության կողմնակիցն է, ոչ թե պատերազմի, մինչդեռ Ադրբեջանը հակառակ կարծիքին է: Պատվիրակների կողմից բարձրացվեց նաեւ Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների հարցը:

Պատվիրակներից մեկ ուրիշը հետաքրքրվեց, թե ինչու Երեւանում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որն անցկացվում էր Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, ինչպես նաեւ այսօր Է.Նալբանդյանը չօգտագործեց ԼՂ հակամարտություն եզրույթը:
Կրկին անդրադառնալով ԼՂՀ հակամարտության հարցի կարգավորմանը Է. Նալբանդյանը նշեց, թե ինքը մտադրություն չունի իր նախագահությունն օգտագործելու միջոցով մեղադրել ադրբեջանական կողմին:

Բարձրացվեց նաեւ Կովկասում սառեցված հարաբերությունների հարցը, մասնավորապես Աբխազիայի, ԼՂ հակամարտության հարցերը: Է. Նալբվանդյանը պատասխանեց. «Ինչպես նշել եմ, ԵԽԽՎ-ն մանդատ չունի այս հակամարտության մեջ ներգրավված կողմ հանդիսանալու համար: Այն միայն կարող է հակամարտության խաղաղ կարգավորման համար նպաստավոր դաշտ ստեղծել, առանց որի որեւէ քաղաքական որոշում հնարավոր չէ կայացնել»:

Պատվիրակներից մեկը հիշեցրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, թե՝ «Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները չեն կարող միասին գոյակցել» ու հետաքրքրվեց, թե ինչպես է Հայաստանի ԱԳ նախարարը վերաբերում դրան: Է. Նալբանդյանը հարցով պատասխանեց. «Եթե հարեւան երկրի առաջնորդը հայտարարում է, որ Հայաստանը ու հայերը իրենց` համար առաջին թշնամին են, ապա ինչպիսի՞ արձագանք էիք սպասում»:

Հայաստանի պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանն էլ բարձրացրեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հարցը: Է. Նալբանդյանը նշեց, որ դա ԵԽԽՎ-ի քննարկելիք հարցը չէ եւ խորհուրդ տվեց սպասել դատական գործընթացի ավարտին:

Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին իր պատասխան պարոն Նալբանդյանը նշեց, որ ՀՀ նախագահն է սկսել երկու երկրների միջեւ երկխոսության հաստատման գործընթացը, սակայն ցավով նշեց, որ թուրքական կողմը առանց նախապայմանների համագործակցությունը մերժեց:

Ի պատասխան հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցին Է. Նալբանդյանն ասաց. «Այնպես չէ, որ մենք Ադրբեջանի հետ ունենք բանակցությունները կազմակերպելու խնդիրներ: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ու միջազգային հանրությունը տարբեր լեզուներով են խոսում, եւ Ադրբեջանը մերժում է հակամարտության կարգավորման եռանախագահների կողմից առաջադրված սկզբունքները: Կարող եք երեւակայել, որ վերջին հինգ տարիներին տասնվեց հանդիպում է կազմակերպվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, բազում հանդիպումներ են եղել ԱԳ նախարարների մակարդակով»:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930