«Լեւոն Զուրաբյանի հայտարարությունից զարմացել եմ: Այդ հայտարարությունով ինքը իր անտեղյակությունն է դրսեւորում Աժ –ում նախորդ գումարման Վերահսկիչ պալատի բոլոր հաշվետվությունների վերաբերյալ: Եթե ինքը ` որպես ընդդիմադիր սրտացավ քաղաքական ուժ, հետեւեր, ապա հաստատ լեզուն կկծեր այդպիսի հայտարարություն անելուց առաջ: Այն, ինչ ասում է, միանգամայն իր անտեղյակությունն է դրսեւորում»,- Aravot.am-ին ասաց «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը` անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի պնդումներին, թե. «Հայաստանի պետբյուջեի թալանի մասին ամեն տարի զեկուցվել է ԱԺ-ում: Էդ ի՞նչ տեղի ունեցավ, որ հիմա էդքան զարմացան: Ուղղակի դրա մասին առաջ ԱԺ-ում ոչ ոք չէր խոսում: ՎՊ նախագահը գալիս գլուխը կախ իր հաշվետվությունը կարդում, սեղմում էին կամ չէին սեղմում կոճակները, ի գիտություն ընդունում էին եւ դրանով ավարտվում էր հարցի քննարկումը: Բայց հիմա Հայաստանի ԱԺ-ում հայտնվել է մի անկաշկանդ ընդդիմություն, որը թույլ չի տա, որ որեւէ հարց այդպես արագ անցկացնեն, կոճակները սեղմեն ու անցնեն առաջ»:
Տիկին Բախշյանի խոսքերով, անցած հինգ տարիներին «Ժառանգությունը» ոչ միայն այդ հաշվետվությունների ժամանակ է շատ կոշտ արձագանքել, այլեւ ցանկացած հարցի ու հետեւողականորեն տարբեր խնդիրների հետ կապված բացահայտումներ է արել. «Տարբեր լրատվամիջոցներով գնացել է, ու սա պաշտպանվելու համար չեմ ասում»:
Նրա խոսքերով, իր ձեռքի տակ են փաստաթղթերը, թե 2007-ից սկսած ՎՊ-ի հաշվետվությունների արդյունքում պետբյուջեին հասցված վնասի գործից որն է դատախազություն հանձնվել, որը` չէ.« Ինչ հետեւանքներ են ունեցել: Ըստ տարիների, 5 տարվա հաշվետվություն ունեմ ՎՊ-ի բարձրաձայնած յուրացումների վերաբերյալ, թե կառավարությունն ինչ է արել եւ դրա մասին մանրամասն հրապարակել եմ լրատվությամբ»:
Անդրադառնալով Զուրաբյանի ասածներին, թե ԱԺ-ում հայտնվել է մի անկաշկանդ ընդդիմություն, որը թույլ չի տա, որ որեւէ հարց այդպես արագ անցկացնեն,տիկին Բախշյանն ասաց. «Մենք միշտ առաջարկություն ենք արել, թե Վերահսկիչ պալատը հաջորդ տարի որտեղ ստուգումներ անի եւ մեր առաջարկությունները ընդունվել են: Երեւանին վերաբերող Վերահսկիչ պալատի այսօրվա ստուգումների արդյունքները նաեւ մեր առաջարկությունն են ներառում: Լեւոն Զուրաբյանը ուղղակի իր վրա զարմացավ եւ իրեն թվում է, թե հայտնագործություն է արել ու իրեն այսօր հերոսի կոչում պետք է տալ, սխալվում է: Ընդդիմությունը այն ժամանակ կաշկանդված չէր: Ավելին` մենք շատ ավելի անկաշկանդ էինք: Այսօր ո՞վ է բարձրաձայնում էդպես անկաշկանդ, բացի Նիկոլ Փաշինյանից: Այն, ինչ ասում է պարոն Զուրաբյանը, պարզապես իր անտեղյակության մասին է խոսում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տիկին Բախշյան, չնայած Լևոն Զուրաբյանը աչքիս լույսը չի, բայց եկեք փաստենք, որ անհնար է անգամ պատկերացնել, որ ՀԱԿ-ից ինչ-որ մեկը նշանակվի Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն… ինչպես դուք նշանակվեցիք:
Վարդան ջան երևի գլխի ընկնի, որ Հայաստանում էլ միամիտ մարդիկ չեն մնացել, տենց բաներ մի ասա:Մի հարցնող լինի տիկին Բախշյան հիմա դուք պատասխանատվություն եք կրում նախակրթության, հանրակրթության, բուհական կրթության ավերման համար, թե որպես ընդիմություն ազգային ինստիտուտից նայում եք, որ քանդման, ավերման աշխատանքներում հանկարծ չսխալվեն:ԵՎ վերչապես ԴՈՒՔ սրանց հետ ոնց համաձայնվեցիք աշխատել:
Տիկին Բախշյան եթե իրականում այդքան լավ պատգամավոր էիք ինչու հանգրվանեցիք ձեր նախընտրական ցուցակի 41րդ հորիզոնականում, հետ մնալով այնպիսի քաղաքական թոշակառուներից ինչպիսիք են Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը????????? ԼԱվ պատգամավորի հետ սեփական կուսակցությունը այդպես չէր վարվի, փոխարենը կրթական համակարգում կոռուպցիայի ծավալների մասին ձեր աշխարհացունց բացահայտումները այնքան տպավորեցին Արմեն Աշոտյանին, որ նա որոշեց ձեզ գործ տալ և տանել իր մոտ աշխատելու իր աչալուրջ հայացքի ներքո, ամոթ է, գոնե էսքանից հետո դադարեք ժողովրդին մոլորեցնել ձեր երկդիմի խաղերով: