Այսօր Կառավարության ընդունելության տանը Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը անդրադարձել են Հայաստանում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման աշխատանքներին առնչվող հարցերի:
Կողմերը քննարկել են աղետների և արտակարգ իրավիճակների կանխարգելման առումով տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեցող այդ ծրագրի կատարման ընթացքը։
2012թ. հոկտեմբերի 15-ին Արթուր Բաղդասարյանի` Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ, Ռուսաստանի հետ համագործակցության խորացման շրջանակներում ստորագրվել էր փաստաթուղթ, համաձայն որի` Հայաստանում կստեղծվի Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն արտակարգ իրավիճակների ոլորտում, որը կգործի ինչպես հայ-ռուսական երկկողմ, այնպես էլ` Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ձևաչափում: Կենտրոնը ստեղծվելու է ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել համայնքի տարածքում: Նպատակն է ստեղծել մշտական գործող Հայ-Ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն Հայաստանի, Ռուսատանի և այլ երկրների տարածքներում ԱԻ արձագանքման համար: Սա խոշորագույն տարածաշրջանային ենթակառուցվածք է, որը հնարավորություն կտա Հայաստան ներկրել ոչ միայն նորագույն սարքավորումներ և տեխնիկա, այլև ունենալ հզոր ենթակառուցվածք, որի կարողությունները կօգտագործվեն արտակարգ իրավիճակներին համատեղ դիմակայելու նպատակով:
Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշևը գոհունակությամբ արձանագրել են, որ այս ծրագիրն արդեն իսկ ավարտական փուլում է։
Կարդացեք նաև
Կենտրոնի բացման ընթացիկ աշխատանքների քննարկում է տեղի ունեցել նաև ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ՌԴ ԱԻՆ միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Վիկտոր Գալիցինի և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանի հանդիպման ընթացքում:
Հայ-Ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացումը նախատեսվում է 2013 թվականի նոյեմբեր ամսին:
Ազգային անվտանգության խորհուրդ