«Երբ եկա Հայաստան, առաջին բանը, որ արեցի, սկսեցի հետաքրքրվել, թե որտեղ կարելի է սովորել ազգագրական պարեր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է աֆրոամերիկացի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Ջեյն Բըրթ Լին, որին հայկական պարեր սովորելու համար ուղղորդել են «Կարին» ավանդական պարի դպրոց:
Ջեյնը դեռ դժվարությամբ է պարում հայկական պարերը, բայց, ինչպես ինքն է ասում` շատ է հավանում դրանք ու մեծ բավականություն է ստանում:
Ջեյնը տարբեր երկրներում է աշխատել, ու որտեղ որ աշխատել է, փորձել է ծանոթանալ այդ երկրների ազգային պարերին: «Պարել առհասարակ շատ եմ սիրում, հայկական պարերի մեջ շատ ավելի ուժեղ էներգետիկա կա, քան այլ ազգերի: Ու պարելիս իսկապես զգում եմ այդ էներգետիկան ու զգում եմ, որ դրանք իսկապես ռազմապարեր են»,-ասում է Ջեյնը:
Երբ մենք ներկա էինք պարի դասերից մեկին, նկատեցինք, որ Ջեյնն ուշադիր լսում է պարուսույց Գագիկ Գինոսյանին, հետաքրքրվեցինք, թե հայերեն հասկանո՞ւմ է, պարզվեց` ոչ: Մեր հարցին, թե դժվար չէ՞ լեզուն չհասկանալով պարել սովորել, Ջեյն ասաց. «Փորձում եմ մտնել երաժշտության մեջ եւ դրա միջոցով զգալ պարը, դրա համար փորձում եմ հնարավորինս ուշադիր լսել պարուսույցին եւ տեսնել, թե ինչ է ինքը զգում, որտեղ` ինչ է անում, ինչ է ասում, և, ըստ այդմ, փորձում եմ կրկնել: Պարուսույցը ոչ միայն չոր ներկայացնում է կամ ցույց է տալիս շարժումը, այլ բացատրում է, որ պարը կամ շարժումն ինչ է նշանակում, բացատրում է պարի էությունը: Թեեւ ասածների մեծ մասը չեմ հասկանում, բայց փորձում եմ սովորել ու հիշել ինչ-որ բառեր: Այո, կարիք ունեմ, որ կողքից ինչ-որ մեկը թարգմանի»:
Կարդացեք նաև
Ջեյնի` հայկական սիրած պարերից Պապուրին է, ու չնայած Ջեյնը վստահեցնում է, որ հենց ռազմապարերն է շատ հավանում ու դրանց էներգետիկան, պարուսույցն ասում է, որ Պապուրին համարվում է չարխափան պար, պարի իմաստը` չարին հարվածել, ոչնչացնել:
Խնդրեցինք Ջեյնին համեմատել հայկական պարերը իր հայրենիքի ազգային պարերի հետ. «ԱՄՆ-ում հիմնականում եվրոպական տարբեր ազգերի ազգային պարերի ամերիկանացված պարերն են, ճիշտ է, ռիթմիկ են, աշխույժ, բայց ռազմապար չկա: Բնիկ ամերիկացիները` հնդկացիներն ունեն ռազմապարեր, բայց անգամ նրանց ռազմապարերն այսքան ուժեղ էներգետիկա չունեն, ինչպես հայկականն է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ