Այսօր Կառավարության ընդունելությունների տանը կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը:
Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Պատրուշևի առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդների միջև ստորագրված համագործակցության ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ: Առանձնակի անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքին, սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման, պետական ռեզերվի հայ-ռուսական համատեղ ենթակառուցվածքի, Գառնու դիտարանի վերագործարկման և վերազինման և այլ հարցերի:
Այնուհետև Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշևը մեկնել են Գյումրու 102-րդ ռուսական բազա, որտեղ հանդիպել են Գյումրու սահմանապահ զորքերի հրամանատարության և 102-րդ ռուսական ռազմական բազայի ղեկավարության հետ: Քննարկվել է այս ենթակառուցվածքների հետագա կատարելագործման և զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կարդացեք նաև
Գյումրիում նաև հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել 1855 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների հիշատակի հուշարձանին:
Գյումրուց Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշևը ուղևորվել են Բյուրականի աստղադիտարան, շրջայց կատարել աստղադիտարանում, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին և առկա խնդիրներին:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագրով նախատեսվում է վերաշահագործման հանձնել աստղադիտարանի ձևափոխված առաջատար երկու դիտակը, որոնք կրկին տարբեր չափանիշներով կդառնան լավագույններն աշխարհում: Դրանց կավելացվեն նաև «Պրոեկտ-Տեխնիկաի» պատրաստած 5 նոր, տարբեր տրամագծեր ունեցող դիտակներով` իրենց ժամանակակից ղեկավարման կենտրոնով:
Դրա շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը առաջիկայում կգործի իր ողջ ծավալով և կարևոր տեղ կզբաղեցնի երկրագնդի համար վտանգ հանդիսացող տիեզերական աղբի, գիսաստղերի և երկնաքարերի տեղաշարժերի միջազգային դիտարկման համակարգում:
Ազգային անվտանգության խորհուրդ